HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վերամիավորման միության անդամներ․ Սերոբ Սարգսյան եւ Յուրիկ Բուդաղյան

սկիզբը                        

Սերոբ Հայկի Սարգսյանը ծնվել է 1926 թ., Երեւանում: Կրթությունը` թերի բարձրագույն: Երեւանի Կիրովի անվան քիմկոմբինատում` «Նաիրիտում» ավագ ինժեներ է աշխատել:  Ազգային-հայրենասիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1968-69 թվականներից: Եղել է Հայաստանի վերամիավորման միություն (ՀՎՄ) կազմակերպիչներից ու ակտիվ անդամներից մեկը: Կալանավորվել է 1971թվականի փետրվարին: Դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան եւ շարունակել է աշխատել Կիրովի անվան քիմկոմբինատում: Վախճանվել է 1986-ին, 60 տարեկանում:

Յուրիկ Աբգարի Բուդաղյանը ծնվել է 1943 թ., Թումանյանի շրջանի Շնող գյուղում: Սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Գերազանց ավարտելով` ընդունվել է ասպիրանտուրա: Աշխատել է Երեւանի ջերմաէլեկտրակայանում` որպես ավագ ինժեներ: Ազգային-հայրենասիրական գործունեությամբ սկսել է զբաղվել Վալտեր Մելիքյանի հետ ծանոթանալուց հետո` 1966-67 թվականներից: Ակտիվորեն մասնակցել է ՀՎՄ կազմակերպման աշխատանքներին: Գրել է կազմակերպության կանոնադրությունը: Կալանավորվել է 1971 թ. փետրվարին: Դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամանակով: Պատիժը կրել է Մորդովիայի եւ Պերմի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Երեւան, եղել է ոստիկանական հսկողության տակ: Աշխատել է էներգահամակարգում:

Այժմ ապրում եւ աշխատում է Երեւանում:



                                        Պատմում է Յուրիկ Բուդաղյանը

(Ինչպես գրքում առկա մյուս հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում անհատական զգացմունքները հնարավորինս լավ տեղ հասցնելու նպատակով)

Դժվար է ասել, թե ինչպես եղավ, որ ես ներգրավվեցի ընդհատակյա հայրենասիրական շարժման մեջ: Անցել է արդեն քառասուն տարի, եւ այս ողջ ընթացքում ինքս ինձ այս հարցը տալիս եմ: Հստակ պատասխան այդպես էլ գտնել չեմ կարողացել: Բայց տարիների հեռվից շատ բան վերլուծելով, շատ բան իմաստավորելով ու վերաիմաստավորելով` այսօր արդեն կարելի է ինչ-որ եզրահանգում անել: Վերջապես պետք է հասկանալ, թե քառասուն տարի առաջ ի՞նչը պետք է իմ կարգավիճակն ունեցող մարդուն դրդեր այդ քայլին: Գերազանց ավարտել էի ինստիտուտը, սովորում էի ասպիրանտուրայում, իմ նախընտրած մասնագիտությամբ ու բարձր աշխատավարձով աշխատում էի ՏԷՑ-ում, հարգված ու սիրված էի, շուտով պետք է բնակարան ստանայի: Մի խոսքով, ունեի այն ամենն, ինչ կարող էր երազել միջինից բարձր կարողությունների տեր  սովետական մարդը: Ամենայն հավանականությամբ, ինձ այդ քայլին դրդեց Խորհրդային Միությունում առկա, ամենուր տարածված, անգամ անզեն աչքով տեսանելի կեղծիքը: Ժողովների ժամանակ ամբիոններից` պաշտոնական միջոցառումներին ասվում էր մի բան, իսկ իրական կյանքում բոլորովին այլ բան էր արվում: Դա վակուում էր ստեղծում: Ես միակը չէի: Շատերն էին զգում դա: Ինչու՞ եւ ինչի՞ համար է մարդն ապրում: Մի՞թե լոզունգային ու սուտ գաղափարների համար: Մի՞թե միայն սեփական բարեկեցության համար: Այդ շրջանում իմ վաղվա օրվա վրա ես ավելի քան վստահ էի: Վստահ էի, որ կավարտեմ ասպիրանտուրան, կունենամ առաջխաղացում աշխատանքում, վստահ էի, որ ապրելու եմ բարեկեցիկ ու ապահով կյանքով: Բայց մի՞թե միայն դա բավարար է: Այս մտքերը, ապա կոմունիստական գաղափարախոսության կողմից ազգայինի իսպառ մերժումը մտահոգում էին ինձ: Ինչու՞ է մերժվում ազգայինը, ինչու՞ են Հայաստանը եւ հայ ժողովուրդն այս վիճակում: Պակաս բան կար, եւ այսօր արդեն կարող եմ ասել, որ այդ պակասի փնտրտուքն ինձ բերեց դեպի այս ճանապարհը: Ինստիտուտն ավարտեցի 1965 թ. վերջին, 66-ից` այս ուղղությամբ արդեն որոշակի գործունեություն  էի ծավալում: ՏԷՑ-ում ինձ պես մտածող մարդիկ կային: Հավաքվում`զրուցում էինք: Դա, իհարկե, լուրջ գործունեություն համարել չէր կարելի, բայց մարդիկ տարված էին ազատամտությամբ: Այդ շրջանում էլ ծանոթացա Վալտեր Մելիքյանի հետ: Այդ ծանոթությամբ իմ կյանքում բոլորովին նոր էտապ սկսվեց: Նա վաղուց էր ներգրավված այս կարգի գործունեության մեջ, այդ տարիներին գործող տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ կապեր ուներ: Նրա դերը մեծ է եղել ե՛ւ իմ գործունեության, ե՛ւ ընդհանրապես հայաստանյան ազգայնական շարժման մեջ: Նա ուներ կազմակերպչական մեծ տաղանդ, կարողանում էր իրարամերժ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել: Մեծ է եղել նաեւ Սուրիկ Մելիքյանի դերը: 1968-69 թթ. մեր խումբն արդեն ձեւավորվել էր: Ունեինք մեր խմբակները: Խմբակների անդամները քարտեր ունեին, որտեղ լրացվում էին յուրաքանչյուրի անձնական տվյալները: Վալտերը դրանք պահել էր Բերդում: ՊԱԿ-ի աշխատակիցները խուզարկության ժամանակ, դժբախտաբար, կարողացել էին հայտնաբերել դրանք: Այդ պատճառով մեզանից` ձերբակալվածներիցս բացի, թվով մոտ քառասուն մարդ հայտնվեց ՊԱԿ-ի տեսադաշտում: Նրանց, իհարկե, չդատեցին, բայց բացահայտումը վճռական եղավ նրանցից շատերի համար: Շատերի ապագան այս պատճառով խեղվեց: Ոմանք ուսանողներ էին, ոմանք` տարբեր բնագավառների աշխատողներ. նրանք ընկան սեւ ցուցակի մեջ` դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով հանդերձ:

Թե ինչպես ՊԱԿ-ը կարողացավ դուրս գալ մեր կազմակերպության վրա, ես հստակ ասել չեմ կարող: Ինձ միայն հայտնի է, որ մեր կազմակերպության անդամներից մեկին, որը կապի մեջ էր Ղարաբաղում եղած մեր խմբի հետ, Ստեփանակերտից վերադառնալիս բռնել էին: Մի քանի օր կալանքի տակ մնալուց հետո նա հայտնել էր մեր մասին: Մեր խմբի անդամներից ոմանք պնդում էին եւ շարունակում են պնդել, որ նա ի սկզբանե ներդրված գործակալ է եղել: Սակայն, ես նման բան պնդել չեմ կարող: Այն, որ մենք շուտով պետք է բռնվենք, կասկածից վեր էր: Ես դրանում ավելի քան վստահ էի: Մեզ սկսեցին բացահայտ հետեւել: Ինքս պատրաստ էի բռնվելուն: Տունս մաքրել էի: Իմ գործունեության մասին վկայող ոչինչ չէի թողել: Այնպես որ, խուզարկության ժամանակ հայտնաբերեցին միայն Ստեփան Շահումյանի գիրքը եւ մի հատոր էլ Լենինից, որոնց վրա ես գրառումներ էի կատարել:

Նախաքննության փուլում ՊԱԿ-ի կողմից իմ կամ իմ հարազատների վրա անօրինական ճնշումներ չեմ զգացել: Ասենք, ճնշելու խնդիր էլ չունեին: Վալտերի տան խուզարկության  ժամանակ մեր ձեռքով գրված այնքան նյութ էին հայտնաբերել, որ դիմադրելու կամ ինչ-որ բանից հրաժարվելու հարկ անգամ չկար: Եղածը լրիվ բավարար էր այն տարիներին գործող օրենքների շրջանակներում մեզ մեղադրանք առաջադրելու համար: Ամեն ինչ պարզ էր ե՛ւ մեզ համար, ե՛ւ նրանց համար: Մենք միայն մեկ խնդիր ունեինք` կալանավորվողների ցանկը սահմանափակել   մեզանով, նոր մարդկանց չներքաշել: Ուրախ եմ, որ դա հաջողվեց մեզ: Ճիշտ է, խուզարկության ժամանակ հայտնաբերված ցուցակում եղածներին շատ ճնշեցին, նրանցից մեկն անգամ, ճնշումներին չդիմանալով, լուրջ հոգեկան խանգարում ստացավ, բայց մարդ չկալանավորվեց: Մեզ դատեցին երկու անգամ: Առաջին դատի ժամանակ դատավորը, եթե չեմ սխալվում` Մանուկյան ազգանունով, իր հայեցողությամբ փոխեց մեր 65, 67 հոդվածները` հակասովետական  ագիտացիա ու պրոպագանդա, ավելի մեղմ` 206-1 հոդվածով`

զրպարտություն  սովետական կարգերի  հասցեին: Այս դատավարությունից  եւ մեր նկատմամբ սահմանված պատժաչափերից ՊԱԿ-ը դժգոհ մնաց: Կազմակերպեցին երկրորդ դատավարությունը` նորից 65 եւ 67 հոդվածներով, եւ դատապարտեցին հակասովետական ագիտացիայի համար: Այնպես որ, մեր գործով երկու դատավճիռ է կայացվել:

Ամենածանր հիշողությունը մնացել է էտապից: Դաժան բան էր: Քրեականներ, հակահիգենիկ պայմաններ, միջատներ: Կալանավայրում արդեն հեշտ էր: Հիմնականում քաղբանտարկյալներ էին: Մորդովիայում էինք: Այնտեղ` քաղաքական կալանավայրերում «բանտարկյալ» ու «ադմինիստրացիա» փոխհարաբերությունները տասնամյակների ընթացքում հստակեցվել էին: Որոշ ժամանակ անց որոշեցին մեզ Մորդովիայից Պերմ տեղափոխել: Այդ էտապը վայրենություն էր հիշեցնում: Ուղեկցվում էր աներեւակայելի վայրագությամբ: Ամառ էր, ջուրը քիչ էր, սնունդ բացարձակապես չկար: Բանտարկյալների համար նախատեսված վագոնի յուրաքանչյուր չորս տեղանոց կուպեում յոթ-ութ մարդ էր գտնվում: Ողջ ցերեկը վագոնը կանգնում էր կիզիչ արեւի տակ, գիշերն էին միայն կցում շարժվող գնացքին: Սովետներն այս եղանակով երեւի ցանկանում էին մարդկանցից գաղտնի պահել կալանավորների տեղափոխումը: Երբ տեղ հասանք եւ

մեզ իջեցրին վագոնից, մենք ուղղակի թափվեցինք ճամփեզրին: Իրար վրա թափված մարդիկ շարժվել անգամ չէին կարողանում: Մեկը նույնիսկ մահացավ: Մի քանի ժամ մեզ թողեցին այդպես ճամփեզրին ընկած: Կամաց-կամաց ուշքի գալուց հետո` նոր միայն մեզ տեղափոխեցին գաղութ: Գաղութը նախկինում անչափահաս աղջիների համար նախատեսված կալանավայր էր եղել, որ ունեցել էր նաեւ կարի արտադրամաս:

Երեւում էր, որ նրանց տեղափոխումը կատարվել է հապշտապ, որովհետեւ ամենուր ջարդված ու փչացած կարի մեքենաների կույտեր ու մասեր էին: Այնտեղ ապրելու որեւէ տարբերակ չկար: Ոչ քնելու պայմաններ, ոչ սնունդ, ոչ հագուստ: Ավելի ուշ, երբ արդեն    Մորդովիայից բերեցին մեր իրերը, մենք կարողացանք կամաց-կամաց կազմակերպել մեր կենցաղը: Հայերից այնտեղ էին Սարգիս Թորոսյանը եւ Բագրատ Շահվերդյանը: Այնտեղ էր նաեւ մեր բոլորի սիրելի Թամոյանը` այսօր եզդիների շեյխ Թամոյանի հայրը:

Ոչ հայ հայտնի քաղբանտարկյալներից շատերի հետ եմ առնչվել ու ընկերություն արել: Ոմանց հետ այսօր էլ կապեր ունեմ:

Հայաստան վերադարձա պատժաչափիս ավարտից հետո: Կարող է զարմանալի թվալ, բայց մարդկանց կողմից աջակցություն էի զգում: Խոսքս կոմունիստ-կոմերիտական ճակատի աշխատողներին չի վերաբերում, այլ սովորական մարդկանց: Մարդկանց ջերմ վերաբերմունքն ինձ խրախուսում էր: Անընդհատ համոզվում էի, որ այս ճանապարհին կանգնելով չեմ սխալվել: Մինչեւ դատապարտվելս ՏԷՑ-ի ընտանեկան հանրակացարանից  մեկ սենյակ էի ստացել: Դատապարտվելուց հետո` մինչեւ ազատ արձակվելս մայրս էր ապրում այնտեղ: Լավ է, գոհ եմ: Տնօրեն Կունջուլյանն այդ ողջ ընթացքում այդպես էլ այդ սենյակը ուրիշի չհատկացրեց: Ցանկություն հայտնեցի ՏԷՑ վերադառնալ, բայց հատուկ բաժնից մերժեցին` ասելով, որ նման կարեւորագույն հիմնարկում ես` հայրենիքի դավաճանս, աշխատել չեմ կարող: Դրանից հետո մոտեցա Ստեփան Սահակի Հասրաթյանին, հոյակապ մի մարդու, որը նաեւ իմ դիպլոմի ոչ պաշտոնական ղեկավարն էր: Ժամանակին ինքն էր միջնորդել, որ ես ՏԷՑ գնայի: Ինքն ինձ մշտապես աջակցել է: Նա էլ բացատրեց ինձ, որ ՏԷՑ գնալու փորձեր էլ չանեմ, ոչինչ չի ստացվելու, եւ աշխատանք առաջարկեց  քաղաքային ցանցում: Այնտեղ ղեկավարը Օսիպովն էր: Նա էլ է ինձ մշտապես աջակցել: Նրա օգնությամբ երկու անգամ բնակարան եմ ստացել, պաշտոնական առաջխաղացում եմ ունեցել: Սրանք մոռանալ չեմ կարող: Մեծ դժվարություններ, որ արհեստականորեն պետք է իմ շուրջն ստեղծվեին, չեմ զգացել: Ընդհակառակը, շրջապատված եմ եղել հոգատար մարդկանցով, որոնք աջակցել են ինձ: Ես սովորական ինժեներ էի: Առավելագույնին, որ սովետների ժամանակ կարողացա հասնել` գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնն էր: Գլխավոր ինժեներ նշանակվեցի արդեն այն ժամանակ, երբ սովետն այլեւս չկար, ամեն ինչ քայքայվում էր, եւ այդ պաշտոնն արդեն ոչինչ չէր ներկայացնում իրենից: Ասենք, այլ հավակնորդներ չկային էլ:

Երբ դեռ նոր էի վերադարձել կալանավայրից, վերցված էի ոստիկանական հսկողության տակ. ամեն շաբաթ պետք է գնայի ոստիկանություն` ստորագրելու, որ քաղաքից չեմ բացակայի: Ամեն ինչ նորմալ էր, միայն Էրեբունու բաժնում մի սրիկա ոստիկան կար` ավագ լեյտենանտ, որն անընդհատ բանսարկություններով էր զբաղվում, փորձում էր արհեստական դժվարություններ ստեղծել ինձ համար: Միակ բացասականը դա էր, այլ` ավելի վատ բան կալանավայրից վերադառնալուց հետո չեմ զգացել: Հետագայում` անկախ Հայաստանում այդ ոստիկանը կոչումներ ու բարձր պաշտոններ ստացավ:

Ամեն ինչ հետեւում է մնացել: Հայաստանն այլեւս անկախ հանրապետություն է:

Բայց մի բան պետք է ցավով արձանագրեմ. այս Հայաստանը, որ կա` այն Հայաստանը չէ: Ինձ համար սա հիմա շատ ավելի օտար է, քան Սովետական Հայաստանն էր:

Ես դեռ սպասում եմ իմ երազած Հայաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter