
Գերեվարված Կարեն Ղազարյանի համագյուղացիները Բերդավանում փակել են միջպետական ճանապարհը
Ադրբեջանում գերեվարված, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի համագյուղացիները փակել են գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել Կարենին Հայաստան և տեղեկություն տրամադրել վերադարձի գործընթացի մասին:
«Մեր պահանջն է, որ մեր երեխային Ադրբեջանից վերադարձնեն: Մի տեղեկություն տան մեզ, թե ինչ են անում, ինչպես են վերադարձնում, մենք հանգստանանք: Մենք դիմել ենք մարզպետարան, մեզ ասացին, որ տեղեկացրել են համապատասխան մարմիններին և զանգի են սպասում: Չգիտենք՝ զանգը երբ կլինի, կլինի, թե չի լինի»,- մեզ հետ զրույցում պատմեց Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը:
Արմեն Ղազարյանը պատմեց, որ իրենք գիտեն, որ Կարենն Ադրբեջանում է, 6-7 հոդվածներով դատում են, այլ տեղեկություններ, թե ինչ ընթացքի մեջ է, կամ ինչ է սպասվում որդուն, չունեն: Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ից Ադրբեջանում է:
«Մինչև հիմա մենք լռել ենք, որովհետև ասում էին, որ խաղաղ բնակիչ է, բայց հիմա տեսնում ենք, որ նա խաղաղ բնակչի կարգավիճակում չէ այնտեղ: Մեր պահանջն էն է, որ մեզ տեղեկություն տան, թե ինչու է այդպես ստացվել և շուտափույթ կազմակերպեն նրա վերադարձը»,- կրկնեց Արմեն Ղազարյանը:
Որևէ պաշտոնական մարմնից որևէ տեղեկություն ծնողներին չեն հայտնել: Միայն Կարմիր Խաչից են կապ հաստատել և ասել, որ Ադրբեջանում դատավարություն է ընթանում, սպասում են դրա ավարտին:
Փաստաբան Արա Ղազարյանը, ով զբաղվում է Կարեն Ղազարյանի Եվրադատարանի վարույթով, պատմեց, որ Կարենի անհետանալուց անմիջապես հետո դիմում են ուղարկել Եվրադատարան, որի հիման վրա արագացված կարգով գործը քննվում է: Ադրբեջանական կողմն արդեն ԵԴ-ի պահանջով քրեական գործից որոշ նյութեր ուղարկել է, սակայն իրենք բավարարված չեն այդ նյութերով և կրկին գրություն են ուղարկել ԵԴ-ին, որ Ադրբեջանը խախտում է Կոնվենցիայի պահանջը:
«Մինչ այդ Եվրադատարանը պետք է պահանջի մեր նախորդ նամակի պատասխանը՝ գործի էության վերաբերյալ: Բայց Ադրբեջանը Եվրադատարանին նույնիսկ չէր տեղեկացրել, որ դատավարություն է սկսվել Կարեն Ղազարյանի գործով»,- պատմում է Արա Ղազարյանը:
Սակայն իրենք տեղեկացրել են, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, որը ձերբակալվել է անհայտ պայմաններում: Ծնողներն էլ հաստատել են, որ Կարենն անհետացել է այն ժամանակ, երբ երկրորդ հարկից իջել է առաջին հարկ՝ ջուր խմելու:
Փաստաբան Արա Ղազարյանը կասկածում է, որ որևէ բանակցություն է ընթանում Կարենի վերադարձի մասով։ Նա կարծում է, որ Կարենի գործը Ադրբեջանի կողմից սարքած գործ է, որպեսզի հակակշիռ ստեղծեն Քարվաճառից մուտք գործած դիվերսանտների գործին և բանակցություններ վարեն ռազմագերիների վերադարձի պայմանով:
Եվրադատարանի վարույթով զբաղվող մյուս փաստաբանը՝ Արթուր Ղազարյանը, մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ Կարեն Ղազարյանի գործով խնդիրը մեր երկրի դաշտում է, մեր պատկան մարմինների հետ: «Մերոնք ասում են, որ եղել են հրապարակումներ, որ Ադրբեջանը դիմել է Հայաստանին բոլորին բոլորի հետ փոխանակելու առաջարկով, բայց մերոնք ասում են, որ նման առաջարկ չեն ստացել: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նիստին հայտարարում է, որ չի հասկանում՝ ինչ փոխանակման մասին է խոսքը: Ժողովուրդը դուրս է եկել, որ փոխնախարարը հասկանա, թե ինչի մասին է խոսքը»,- նշում է Արթուր Ղազարյանը:
Փաստաբանը հստակեցնում է, որ հարազատների պահանջը շատ հստակ է, որ փոխանակման գործընթաց սկսվի և ավարտին հասցվի: Իսկ թե ինչ պայմաններով դա կարվի, ՀՀ կառավարության խնդիրն է: Մինչդեռ կառավարությունն այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում:
«Փոխնախարարի հայտարարությունը վերջին կաթիլն էր, որ էս մարդիկ դուրս եկան փողոց»,- ասաց փաստաբանը:
Արթուր Ղազարյանը նշում է, որ չփոխանակելով՝ մենք ևս մեկ քաղաքացու տալիս ենք նրանց, և մենք իրենց 25 տարի պահելու ու կերակրելու ենք մեր երկրում:
Մարզպետին մեկ շաբաթ առաջ բնակիչները զգուշացրել են, որ եթե որևէ փոփոխություն չլինի Կարենի վերադարձի հարցով, նման քայլի են գնալու: Գյուղացիները խնդրել են, որ վարչապետին տեղեկացնեն այդ մասին, որպեսզի գործը չհասնի բողոքի ակցիաներին:
«Մարզպետը 2-3 անգամ գնաց-եկավ, ասաց, որ չի կարողացել հանդիպել վարչապետին»,-տեղեկացրեց փաստաբանը:
Փաստաբանը ենթադրում է, որ Կարեն Ղազարյանին հատուկ թիրախավորել են և առևանգել, որպեսզի, համապատասխան մեղադրանքներ առաջադրելով՝ հավասարեցնեն իրենց քաղաքացիներին, և այդ պայմանով էլ փոխանակումը կազմակերպեն:
8 մեղադրանք է առաջադրվել Կարեն Ղազարյանի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում մտադրվել է խախտել հասարակական անվտանգությունը, խուճապ առաջացնել ազգաբնակչության շրջանում, ոչնչացնել ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող ձեռնարկություններն ու հիմնարկները, որպեսզի թուլացնի Ադրբեջանի ռազմական և տնտեսական կայությունը, ինչպես նաև ահաբեկության գործողությունների միջոցով ոչնչացնել մարդկանց, որը բխում է նրանց նկատմամբ ազգային, կրոնական ատելությանից և թշնամական տրամադրությունից:
Գյանջա քաղաքում նոյեմբերի 20-ին սկսվելու է դատավարությունը, որը, ըստ Արթուր Ղազարյանի, մի շարք խախտումներով է արդեն ընթանում. ապահովված չէ Կարեն Ղազարյանի շփումը ծնողների հետ, փաստաբանի աջակցությունը, նրա հոգեկան վիճակի նկատմամբ հսկողությունը: Կարմիր խաչի միջոցով հարցումներ են արվել, և բժիշկն Ադրբեջանում ասել է, որ Կարեն Ղազարյանը լիովին առողջ է և ոչ մի դեղորայքի կարիք չունի:
«Սա էլ է արված այն բանի համար, որ նրան լիովին առողջ ցույց տան և մեղադրանքները հիմնավորվեն»,- ասում է փաստաբանը:
Կարեն Ղազարյանի հայրը նշեց, որ մինչև իրենց հարցերին համոզիչ պատասխան չտան, ճանապարհը չեն բացելու:
Մեկնաբանել