
Խոշորացված համայնքների պրոբլեմները՝ լուսանկարներով
Շիրակի մարզի խոշորացված չորս համայնքների (Ամասիա համայնք՝ Արեգնադեմ և Ջրաձոր բնակավայրերով, Աշոցք համայնք՝ Ղազանչի և Թավշուտ բնակավայրերով, Արփի համայնք՝ Աղվորիկ և Արդենիս բնակավայրերով, Սարապատ համայնք՝ Հողմիկ և Գոգհովիտ բնակավայրերով) սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և զարգացման հնարավորությունները ֆոտո-ցուցահանդեսի միջոցով նոյեմբերի 16-ին ներկայացվեց Գյումրու Երիտասարդական պալատում: Նախաձեռնության հեղինակներն այս տարի օգոստոսին ստեղծված «Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամի անդամերն են:
«Մտածեցինք մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները ներկայացնել լուսանկարների միջոցով,- ասում է հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Խաչատրյանը,- ուզեցինք երիտասարդությանն այդ միջոցով հասցնել առկա պրոբլեմները: Ինտերնետային դարում, երբ մարդիկ այնքան էլ հակված չեն երկար տեքստեր կարդալու, շատերին էլ գրավում են հենց լուսանկարներն ու կարճ վիդեոները, մտածեցինք գնալ այս ճանապարհով»:
Ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի փոխանցմամբ, իրենք ոչ միայն արձանագրել են գյուղերում առկա պրոբլեմներն, այլեւ ցանկացել են ցույց տալ պոտենցիալ հնարավորությունները: «Օրինակ Արփի համայնքի Աղվորիկ բնակավայրում ջերմոցի կառուցման հնարավորություն կա: Մենք այնտեղ արձանագրել ենք կիսակառույց շինություն, որ ներդրման դեպքում հնարավոր կլինի վերածել գյուղի համար եկամուտի աղբյուրի»,- ասում է Մարգարիտան:
Ծրագիրը ֆինանսավորվել է Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից: Լուսանկարները հեղինակել են հիմնադրամի անդամներ Մհեր Կարապետյանն ու Շուրա Մարտիրոսյանը: Հիմնադրամի այցելությունների արդյունքում արված հարցախույզի եւ ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորված առաջարկների փաթեթը կտրամադրվի մարզպետարանին: Ծրագիրը շարունակական է լինելու: Հիմնադրամը մտադիր է նման ուսումնասիրություններ իրականացնել նաեւ խոշորացված Ախուրյան, Անի եւ Մարմաշեն համայնքների բնակավայրերում:
Մեկնաբանել