Նոր Հայաստանում գործարարը կունենա՞ աշխատելու հնարավորություն. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա են դիմել Շիրակի մարզի մի շարք փոքր հիդրոկայաններ՝ խնդրանքով տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հրատապ լուծում պահանջող խնդրի հետևանքով սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է: Պատճառը նախորդ վարչակազմի ապօրինություններն են և ստեղծված ամենաթողության մթնոլորտը, որի հետևանքով երկու ընկերություն՝ «ԷՐՍՏԵԴ» և «ԼԱՅԹԷԿՈ», կանգնած են սնանկացման վտանգի առաջ:
Խնդիրը մանրամասն տարիներ շարունակ ներկայացվել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Սակայն 2013 թվականից առ այսօր այն լուծում չի ստանում, ինչը ընկերությունների համար նշանակում է վարկային բեռի ծանրացում և անելանելի իրավիճակ:
Պատճառը խորքային է. նախորդ իշխանությունների օրոք ստեղծված ներկլանային կոռուպցիոն կապերը խոչընդոտում էին փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և ոչ միայն, թեև հայտարարությունների մակարդակով ասվում էր հակառակը՝ ներդրումների խթանում, գործարար միջավայրի ստեղծում և այսպես շարունակ: Մինչդեռ ներկայացվող օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կոռուպցիոն շղթան ու կլանի ներսում առկա կապերը շատ ավելին էին, քանի երկրի տնտեսության զարգացման մասին ներկայացվող տեսլականը:
Անսալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերականգնվող էներգիայի զարգացմանը միտված «շարունակական և առաջնահերթ» հոգածության վերաբերյալ հայտարարություններին՝ ձեռնամուխ եղանք Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երի («Ամասիա», «Փարոս», «Կասկադ») կառուցմանը: Իրականացվեց շուրջ 4 մլրդ դրամի ներդրում (հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցներ): Շահագործմանն ընդառաջ պարզվեց, որ կա արտոնյալ պայմաններում աշխատող ՓՀԷԿ, որին թույլ է տրված իր գործունեությամբ խոչընդոտել մյուսների աշխատանքը:
Արտոնյալը՝ տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունը վայելած «Ջրաձոր» ՓՀԷԿ-ն է: Ճիշտ այն ժամանակ, երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, և նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը՝ արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին:
Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Սա ենթադրում է, որ մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ նվազագույն ելքի բացակայության պատճառով, պարզ ասած՝ չկա անհրաժեշտ ջրաքանակ...
Կրած վնասներն անցած տարիների ընթացքում ահռելի են եղել, միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ և ահռելի տույժեր... Գրավադրվել է վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները, սակայն կատարվածի արդյունքում պարզ է դառնում, որ կառուցված և կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երին չի ընձեռվում շահագործման հնարավորություն՝ կանգնեցնելով սեփականատերերի ամբողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ:
Հարկ է նշել, որ նախքան ՀԷԿ-երի կառուցումը մեր ձեռքի տակ եղել են բոլոր թույլտվությունները, անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ կեղծիքի զոհ ենք դարձել:
Այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք արտոնյալ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ին ոռոգման սեզոնին շահագործվել չարտոնելու հարցը, ինչպես եղել է ի սկզբանե՝ ըստ ջրօգտագործման թույլտվությունների, սակայն յուրաքանչյուր քննարկում վերածվել է շոուի:
Այս հարցով անգամ տեղի է ունեցել Ջրի ազգային խորհրդի նիստ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Սա հիշյալ հարցով այն եզակի քննարկումներից է եղել, որ լրջորեն խոսվել է երեք ընկերություններում ստեղծված իրավիճակի մասին: Արդյունքում որոշում է կայացվել այլևս չտալ արտոնություն գեներալ Մանվելի հովանավորությունը վայելող ՓՀԷԿ-ին: Սակայն կոռուպցիոն շահերը կրկին ավելի զորեղ են գտնվել, քան երկրի վարչապետի որոշումները, և դրանք անգամ թղթին չեն հանձնվել:
Այս ամենը մանրամասնորեն ներկայացվել է Հայաստանի նոր իշխանություններին՝ ինչպես համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, այնպես էլ մարզի պատասխանատուներին:
Ստացել ենք խոստումներ, որ իրավիճակը կհարթվի, կվերականգնվի արդարությունը՝ հօգուտ ներդրողի շահերի: Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իսկապես վերջ կտա ամենաթողությանն ու ապօրինությանը, որ մանվելիզմը կլինի անցյալում, որ գործարարների համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, ներդրումային միջավայրը կլինի նպաստավոր, և դաշտում մենաշնորհներ և արտոնյալներ չեն լինի»:
«ՖԵՆՀԱԼ» ՍՊԸ
«ԷՐՍՏԵԴ» ՍՊԸ
«ԼԱՅԹԷԿՈ» ՍՊԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել