HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եկամտահարկի համահարթեցում, ալկոհոլի և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացում. հրապարակվել է Հարկային օրենսգրքի նախագիծը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ Հարկային օրենսգրքում և կուտակային կենսաթոշակային մասին օրենքում՝ առաջարկելով համահարթեցնել եկամտահարկի դրույքաչափերը, ինչպես նաև պարտադիր կուտակայինի մասնակից հանդիսացող քաղաքացու և պետության հատկացումների հարաբերակցությունը կրկին հավասարեցնել: Նախագծերը հրապարակվել են իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Ներկայումս եկամտահարկի եռաստիճան համակարգ է գործում՝ 23, 28 և 36 տոկոս դրույքաչա­փեր, իսկ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է: Կառավարությունն առաջարկում է 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23 տոկոս, իսկ մինչև 2023 թվա­կա­նը եկամտային հարկի դրույքաչափն աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս:

Առաջարկ­վում է նաև եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը` այսինքն կրկին այնպես, ինչպես գործում էր նախորդ իշխանությունների ժամանակ, երբ 5% վճարում էր քաղաքացին, 5%՝ պետությունը:

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններից է 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերի բարձրացումը, ինչպես նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գների բարձրացումը՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ:

Եթե այս տեսքով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, ապա 2019 թվականի հուլիսի 1-ից  ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը կընդլայնվի՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները՝ մեկ լիտրի համար սահմանելով 30 դրամ: Նախատեսվում է  2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել նաև գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը:

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններից է նաև փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգի պարզեցումը, որը նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից:  Առաջարկվում է ինքնազբաղված անձանց համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգերի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ: Ըստ նախագծի՝ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:

Ըստ նախագծի, սակայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վա­­չական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառ­ներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­սմա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով:

Առաջարկվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը փոփոխել՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ: 

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, և նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան:

Լուսանկարը՝ Primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter