Արտաբյուջետային ֆոնդերից հրաժարվելու հարցը կառավարության օրակարգ չընդգրկվեց
Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց օրակարգ ներառել արտաբյուջետային ֆոնդերից հրաժարվելու հարցը:
«Մենք եկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել` հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը, որ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություն կառաջացնի: Եթե դեմ չեք այս հարցը ներառել օրակարգում»,- ասաց նա: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հարցը րոպեներ առաջ է քննարկվել Նախարարների կոմիտեի նիստին:
«Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա, և հարցը Նախարարների կոմիտեի նիստին հավանության չի արժանացել: Ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել հետագա քննարկումները և միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ և նոր բերել կառավարության նիստ»,- ասաց Ավինյանը:
Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քվեարկել հարցն օրակարգ ներառելու հարցը, քանի որ բոլորը ներկա չեն եղել Նախարարների կոմիտեի նիստին:
«Հարցը սկզբունքային նշանակություն ունի, կա՛մ գնում ենք այդ ճանապարհով, կա՛մ չենք գնում, կարող ենք հայտարարել, որ հիմա չենք գնում այդ ճանապարհով, նպատակահարմար չէ և չքննարկենք, բայց կառաջարկեի այդ որոշումը կայացվեր»,- ասաց Ջանջուղազյանը:
Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցը ներառել օրակարգ, իսկ Տիգրան Ավինյանը հավելեց՝ կարելի է հարցը տեղափոխել այլ հարթակներ, մանրամասն քննարկել, նախապատրաստել կոնկրետ նախագիծ, որը բոլոր ռիսկերին կտա պատասխաններ և նոր դնել քննարկման:
Այսպիսով, Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած՝ արտաբյուջետային ֆոնդերի վերացման հարցն օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց կառավարության 5 անդամ, դեմ՝ 7:
«Առաջարկը չանցավ, ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, պարոն Ջանջուղազյան, որովհետև իրականում ռեֆորմների ճանապարհը իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետաքրքրությունների կենտրոնում է եղել: Վստահաբար, մենք պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով, ափսոս մինչ այս պահը անհրաժեշտ խորությամբ հարցը երևի չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս գնում են իներցիայով, գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ պետք է հրաժարվել այդ գայթակղությունից, ինչպես ֆինանսների նախարարությունն է հրաժարվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստով քվեարկության է դնելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել