HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան համամիութենական նշանակությամբ 3- րդն էր ԽՍՀՄ-ում

 «Իրանն ու Թուրքիան մեր մոտից տարած մեքենաներով ոտքի կանգնեցին: Երկրաշարժից հետո Գյումրիի տեքստիլ կոմբինատի ողջ մեքենասարքավորումները վաճառեցին, նույնիսկ երկրաշարժից հետո ստացած մեքենաները դուրս տարան: Սրտացավություն չկար: Իսկ Մարալիկի բամբակամանվածքայինը մենք պահեցինք: Մի մեքենա էստեղից դուրս չի տարվել, ընդհակառակը` գնել, բերել տեղադրել ենք,- ասում է «Նայթեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հակոբ Աղաբեկյանը,- ես իմ աշխատողներին հրահանգել էի, որ եթե գնորդներ հայտնվեն, քարերով քշեն: Մենք մշտապես աշխատել ենք, թեկուզ հզորության 5%-ի չափով, բայց աշխատել ենք»:

«Իրանն ու Թուրքիան մեր մոտից տարած մեքենաներով ոտքի կանգնեցին: Երկրաշարժից հետո Գյումրիի տեքստիլ կոմբինատի ողջ մեքենասարքավորումները վաճառեցին, նույնիսկ երկրաշարժից հետո ստացած մեքենաները դուրս տարան: Սրտացավություն չկար: Իսկ Մարալիկի բամբակամանվածքայինը մենք պահեցինք: Մի մեքենա էստեղից դուրս չի տարվել, ընդհակառակը' գնել, բերել տեղադրել ենք,- ասում է «Նայթեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հակոբ Աղաբեկյանը,- ես իմ աշխատողներին հրահանգել էի, որ եթե գնորդներ հայտնվեն, քարերով քշեն: Մենք մշտապես աշխատել ենք, թեկուզ հզորության 5%-ի չափով, բայց աշխատել ենք»:

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան գործարկվել է 1986 թ.' աշխատանքով ապահովելով 1700 մարդու Մարալիկից եւ հարակից գյուղական բնակավայրերից: 500 հոգի էլ Մոլդովայի Հանրապետությունից են բնակվել Մարալիկում եւ աշխատել տեղի ֆաբրիկայում: Խորհրդային տարիներին ֆաբրիկան միայն կտոր եւ գուլպա գործելու համար նախատեսված թել է արտադրել: Երկրաշարժից հետո Մարալիկի բամբակամանվածքայինը չի դադարեցրել գործունեությունը, թեպետ գործել է հզորության 5%-ի չափով` ունենալով պարտադրված 4-5 ամսյա պարապուրդներ: 120 հազար քմ տարածք զբաղեցնող արտադրական միավորման շենք-շինությունները լիովին պահպանված են, թեպետ տարիների ընթացքում դժվարացել է խնամքի խնդիրը, քանի որ ամբողջ ծավալով չի գործարկվում:

«Պարապուրդներ ունեցել ենք` կապված հումքի ու գումարների հետ: Կարելի է ասել, որ ոչ մի տարի էլ կայուն աշխատանք չենք ունեցել, բայց հույս ունենք, որ 2011-ն այդ առումով կտարբերվի: Տենդերներ ենք շահել, դա է մեզ այսօրվա դրությամբ պահողը,- պարզաբանում է Հակոբ Աղաբեկյանը,- մեր երկրում մի քիչ բարդ է ձեռնարկատիրությամբ զբաղվելը: Վարկ ենք վերցնում, որ շատ բարձր' 15-18% տոկոսադրույքով են տալիս: Թեթեւ արդյունաբերությունը զարգացնելու համար պիտի նաեւ էս առումով մեզ զիջումներ արվեն: Ի վերջո, այն, ինչ կարող ենք տեղում արտադրել, ինչո՞ւ ներկրենք: Հնարավոր է, որ լայն սպառում ունեցող կոնյակ, գինի արտադրողների համար այդ տոկոսադրույքները նորմալ համարվեն, բայց մեզ համար դրանք շատ բարձր են: Նմանատիպ տոկոսադրույքներով վարկավորվելու դեպքում անհնար է մեր երկրում թեթեւ արդյունաբերություն զարգացնել»:

«Նայթեքս» ՓԲԸ վերանվանված Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան ներկայումս ոչ միայն թել է արտադրում կտորի համար, այլեւ բամբակ, բամբակյա թելեր, սրբիչ, գուլպա, պաշտպանության նախարարության պատվերով սպիտակեղեն զինվորների համար եւ այլն: Միայն 435 մլն դրամի պատվեր ունեն պաշտպանության նախարարությունից: Արտադրանքն առայժմ սպառում են երկրի ներսում, սակայն հասկանում են, որ առանց արտաքին շուկա դուրս գալու, առանց արտահանման դժվար թե զարգանան ու ընդլայնեն ծավալները:

«Բամբակի շուկայում տեղի ունեցող թանկացումներն առայժմ թույլ չեն տալիս խոսել օգուտների մասին: Մենք հումքը ներկրում ենք Թուրքմենստանից: Էս երկու տարվա մեջ բամբակի գինը 1200 դոլարից դարձավ 5500 դոլար: Իսկ մենք տենդերները շահել ենք էժան գներով: Ստացվում է, որ դեռ վաղ է շահույթի մասին խոսելը»,- ասում է «Նայթեքսի» ղեկավարը:

Հակոբ Աղաբեկյանի հավաստմամբ, իրենք վարկ հիմնականում վերցնում են հումքի ներկրման համար: Նոր մեքենասարքավորումներ գնելն ավելի թանկ հաճույք է ու առայժմ, հաշվարկելով ռիսկի գործոնը, չեն ուզում դրա հետ կապված հավելյալ վարկային պարտավորություն ստանձնել: «Եթե բիզնեսի համար տրվող վարկերի տոկոսադրույքները մի քիչ ցածր լինեին, այդ ուղղությամբ էլ կմտածեինք»,- ասում է Հակոբ Աղաբեկյանը: Օգտագործում են խորհրդային տարիներից ունեցած մեքենասարքավորումները, որոնք թեպետ իրենց արդարացնում են, սակայն ավելի բարձր որակ, նոր արտադրանք ունենալու համար նոր հոսքագծեր են պահանջվում: «Հարկային դաշտում տարվող քաղաքականությունն էլ է շատ բան որոշում: Մենք, օրինակ, բամբակը ներմուծում ենք 3-4 դոլարով, իսկ բամբակյա թելից պատրաստվող «վաֆլի» սրբիչը ներմուծում են 1 դոլար 70 ցենտով: Է¯հ, հիմա ես էստեղ Հայաստանում ինչքան ուզում է նույն էդ սրբիչն արտադրեմ, ներմուծածի հետ մրցունակ չեմ: Պետք է այնպես անել, որ այն, ինչ հնարավոր է մեր երկրում արտադրել, դրա ներմուծումը չեմ ասում դադարեցնեն, գոնե պակասեցնեն»,- առաջարկում է գործարարը:

Թուրքիայից ու Իրանից ներկրված բամբակը, որ կանայք շատ դեպքերում էժանության պատճառով գնում եւ օգտագործում են կոսմետիկ նպատակներով, արհեստական ծագում ունի: Հակոբ Աղաբեկյանն ասում է, որ ինքն այդ մասին անգամ հեռուստատեսությամբ է զգուշացրել: Դա արել է ոչ թե նրա համար, որ ինքն էլ է բամբակ արտադրում, այլ հաշվի առնելով դրանց հարուցած առողջական խնդիրները:

«Նախ' դրանց մեջ շատ է թելն ու կոշտ նյութերը, որ վնասում են մաշկը: Թուրքիայում տրիկոտաժի ֆաբրիկան արտադրանք է տալիս, առաջացած թափոնները մշակում են, դարձնում բժշկական բամբակ եւ ուղարկում Հայաստան, իսկ դրանց մեջ արհեստական նյութերն ավելի շատ են, քան բնականը»,- ասում է Հակոբ Աղաբեկյանը: Նրա խոսքով' Թուրքիայից ներկրված բամբակի փաթեթի վրա գրված է տեխնիկական եւ ոչ թե բժշկական, բայց մարդիկ գնում են հենց բժշկական նպատակներով: «Շատ դեպքերում զլանում են կարդալ, թե ինչ է գրված պիտակի վրա, շատ դեպքերում էլ մարդկանց գրավում են լատինատառ մակնշումները»: Իրենց ապրանքը շուկա հանելիս սկզբնական շրջանում փաթեթի վրա իր հրահանգով մակնշումը եղել է միայն հայատառ: «Զգացինք, որ չի ծախվում, ստիպված ասացի, որ թեկուզ ավելի մանր տառերով, բայց նույն բանը գրեն նաեւ ռուսերեն ու անգլերեն, որ վաճառվի,- ծիծաղելով պատմում է «Նայթեքսի» տնօրենը,- հետո նաեւ ստիպված ենք մեր լավորակ ապրանքն ավելի էժան դնել, քան թուրքականն ու իրանականն են: Իրանցը խանութներում 120-150 դրամ է, մենք ստիպված վաճառում ենք 100 դրամով: Էս էլ մի բան չի»:

Ներկայումս «Նայթեքս»-ում աշխատում է 80 մարդ' միջինը 50 հազար դրամ աշխատավարձով: Տնօրենի հավաստմամբ' վարպետներն ավելի բարձր են ստանում, բացի դրանից' գոյություն ունի նաեւ «որքան շատ արտադրանք ես տալիս, այդքան շատ ես վարձատրվում սկզբունքը»: Հավանական է, որ մեկ ամսով որոշ արտադրամասեր դադարեցնեն արտադրանք տալ' կապված հումքի ներկրման հետ:

«Հիմա բամբակի գինը բավական տատանողական է: Մենք վախենում ենք հումք առնենք: Սպասում ենք մինչեւ լավ էժանանա: Եթե թանկ առնենք, մեր շահած մրցութային գումարների մեջ չենք տեղավորվի: Մի երկու-երեք արտադրամասի բանվորների ուղարկել ենք տուն, երեւի մեկ ամիս չաշխատենք, որովհետեւ ավելի լավ է բանկի տոկոս տանք, նախարարության տույժ ու տուգանքները տանք, քան թե բամբակի հումքի գնի մեջ տուժենք»,- պարզաբանում է տնօրենը:

 57-ամյա գյումրեցի Հակոբ Կիրակոսյանին ֆաբրիկայի տնօրինությունը երկու ամիս առաջ հրավիրել է աշխատելու մեքենասարքավորումների արտադրամասում: Վարպետ Հակոբը տեքստիլի ոլորտում է 1975 թ.-ից: Երկար տարիներ աշխատել է Գյումրիի Գուլպանասկեղեն միավորումում: «Նայթեքս»-ում առկա մեքենասարքավորումներից գոհ է, բայց ասում է' որոշակի դետալների կարիք, այնուամենայնիվ, զգացվում է, որ չեն ճարվում:

«Մեզի հմի մի հատ մեքենա է պետք, օր զապչաստ էղնի,- ծիծաղելով ասում է վարպետ Հակոբը,-մնացածը նալադկա կենենք, կաշխատի, պրոբլեմ չկա: Կրնամ ըսեմ, որ լավ են պահել ունեցած մեքենաները: Ուրա, օր մե ավտոբուսմ էլ էղներ, մարդկանց Լեննական տաներ-բերեր, ես լավ վարպետների տեղ գիտեմ, օր առաջարկեն, մարդիկ գուկան կաշխատին: Չնայած' հմի մեծ մասը խոպան են, վախտին ես էլ կերթայի, բայց օր գործն առաջարկեն դռանդ վրա, էլ ընչի՞ կերթան, կմնան կաշխատին: Թող կապեկմ պակաս էղնի, քու հողիդ վրա էղնի: Պիտի մտածել ընդլայնվելու մասին: Էդ էլ արդեն տնօրինության խնդիրն է, քիչմ էլ' Կառավարության»:

«Նայթեքս»-ի տնօրենը հպարտությամբ հիշում է, որ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան խորհրդային տարիներին համամիութենական նշանակությամբ 3-րդն է եղել: Ու սխալ է այն տեսակետը, որ եթե Հայաստանը բամբակի երկիր չէ, ապա պարտադիր էլ չէ, որ թեթեւ արդյունաբերություն ունենա: «Աշխարհում ընդամենը մի 4-5 երկիր ունի բամբակ, մյուսները գերմանական ստանոկները դրած արտադրում են, հումքը ներկրում, ու իրենց թեթեւ արդյունաբերությունը շատ լավ էլ զարգացնում են: Խորհրդային տարիներին բոլորն են հիշում, որ Գյումրին թեթեւ արդյունաբերության կենտրոն էր: Էդ նույն ուզբեկներից, թուրքմեններից բամբակը բերում էինք, վերածում արտադրանքի, ուղարկում իրենց,- հիշում է Հակոբ Աղաբեկյանը,- հիմի իրենք խելքի են եկել' համ հումքն են մշակում, համ արտադրանք տալիս: Թեթեւ արդյունաբերությունն աշխատատար ճյուղ է, բայց նաեւ աշխատող, օգուտ բերող: Մենք ցանկացած պահի կարող ենք հայտնվել շրջափակման մեջ, ինչո՞ւ չունենանք մեր արտադրանքը, որ գոնե էդ առաջին անհրաժեշտության ապրանքները չներկրենք»:

Մեկնաբանություններ (4)

GAYANE
Ես մասնագիտւթյամբ կարի տեխնոլոգ եմ և այս պահին զբաղվում եմ անկողնու սպիտակեղենի արտադրությամբ;Հումքը ներկրում ենք Թուրքիայից. Եթե մեր արտադրողները առաջարկեն համապատասխան որակի հումք,կնախընտրեի նրանց հետ համագօրծակցել.
GOHAR
DUQ UNEQ CHIT, SPITAKEGHEN KARELU HAMAR . ETE AYO, APA TOPI LAYNQ@ INCHQAN E EV 1METR@ INCH ARGE.
Լուսինե
Ես մասնագիտւթյամբ կարի տեխնոլոգ եմ և այս պահին զբաղվում եմ անկողնու սպիտակեղենի արտադրությամբ;Հումքը ներկրում ենք Թուրքիայից. Եթե մեր արտադրողները առաջարկեն համապատասխան որակի հումք,կնախընտրեի նրանց հետ համագօրծակցել.
Հովնան
Քիչ է, 50 հազար աշխատավարձը շատ քիչ է: Կառավարությունը ամեն տեղ հանքեր բացելու փոխարեն, կարող է նման ձեռնարկություններին օգնել: Ի?նչ կլինի, որ Մարալիկի ֆաբրիկային օգնություն կամ գոն արտոնյալ տոկոսով վարկ տան, կամ սուբսիդավորել եղած վարկերի որոշ տոկոսը: Կամ գոն գովազդի փող տան, հեռուստատեսությամբ մեր արտադրած մաքուր բամբակը գովազդեն, ոչ թե դրսից եկած զիբիլը ծախեն, ինչ է թե մի երկու հաստավիզ էլ ավելանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter