HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի «դեւը» կյանքեր է խլում․ ՃՈ-ն դիտորդի ու մահերը լուռ գրանցողի դերում է

Ռուբինյանց փողոցի 2-4 շենքերի հարակից հետիոտնային անցումի վրա յուրաքանչյուր ամիս վրաերթի դեպքեր են գրանցվում։ Ականատեսների վկայությամբ՝ միայն վերջին մեկ ամսում գրանցվել է 7-8 դեպք, այդ թվում՝ մահվան ելքով։

Հոկտեմբերի 16-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան վթարի էր ենթարկել Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ, մոտ 60 տարեկան մի կնոջ, ով, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր։

Հոկտեմբերի 8-ին վրաերթի են ենթարկվել Ավան վարչական շրջանի մի բնակչուհի եւ նրա 12-ամյա դուստրը։ Եթե երեխան թեթեւ վնասվածքներ է ստացել, ապա մայրը ուղեղի ցնցումով եւ ոտքի կոտրվածքներով մինչ օրս գտնվում է մայրաքաղաքի կլինիկաներից մեկում։ Այս դեպքին մանրամասն կանդրադառնանք։ Մինչ այդ պարզենք, թե ինչն է այս հետիոտնային անցման առանձնահատկությունը։

Ռուբինյանցը (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) բավականին ծանրաբեռնված է երթեւեկությամբ։ Եվ այն հետիոտնային անցումով հատելն ամենեւին էլ հեշտ բան չէ։ Նախ, ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, վարորդները հետիոտնային անցումներին ուշադրություն չեն դարձնում։ Օրինակ՝ մահվան ելքով վերջին վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ երթեւեկելի երկու գոտիների ավտոմեքենաներն արգելակել են, երրորդ գոտու ավտոմեքենան՝ ոչ։

Պատճառներից մեկն այն է, որ փողոցը, ինչպես հարկն է, կահավորված չէ ճանապարհային նշաններով։

Առաջինը՝ հետիոտնային անցման մասին զգուշացնող ճանապարհային նշանները թաքնված են, կամ, դատելով նրանց դիրքից, կարելի է պնդել՝ լավ թաքցրած են ծառերի ետեւում։

Նույնը պետք է ասել ավտոմեքենաների արագությունն աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերին սահմանափակող (40կմ/ժ) նշանի մասին։ Բայց որ, ամենասարսափելին է ու տարօրինակը, նշանը դրված է հետիոտնային անցումից հետո։

Իսկ այս սահմանափակման նշանը տեղադրված է այն պատճառով, որ տարածքում երկու հանրակրթական եւ մեկ արվեստի դպրոց է գործում, հետիոտնային անցումից օգտվում են հարյուրավոր երեխաներ։ Ճանապարհային ոստիկանությունում կարծում են, որ ծառի ետեւում թաքցրած ճանապարհային նշանը կարող է ազդել վարորդների զգոնության վրա։ Միգուցե ՃՈ նշանները տելեպատիկ ազդեցություն ունեն։ Միգուցե։

Ժամանակին այստեղ արագաչափ կար։ Արագաչափը վերջին ամիսներին հանել են։ Սա մեծացրել է վրաերթերի թիվը։ Հարակից շենքերի բնակիչները պատմում են, թե ինչ է կատարվում Ռուբինյանց փողոցում։

«Այստեղ 2 ժամը մեկ լսում ենք ճռռոց, գմփոց։ Գծանշումից մի 30 մետր վերեւ մարդիկ հատում են փողոցը և մեքենայի տակ չեն ընկնում, իսկ ահա անցումի վրա դեպքեր են լինում։ Երկու մեքենա որ կանգնումա, երրորդը չի կանգնում, ու նման դեպքերում է մահվան ելքով վրաերթ տեղի ունենում»,- պատմում է Ռուբինյանց 2 շենքի բնակիչ Արայիկը։

Նա պատմեց նաեւ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանի աշխատակիցներ են երեւացել տարածքում, չափուձեւ արել, խոստացել լուսացույց տեղադրել։ Ոչինչ էլ չի արվել։ Դրանից հետո վրաերթի մի քանի դեպք է գրանցվել։ Նոյեմբերի 8-ի վրաերթից հետո բնակիչները փակել են փողոցը։ Նրանց հետ բանակցել է ՃՈ պետի տեղակալը, եւ խոստացել, որ հարցին ընթացք կտան։ Մինչեւ հիմա ընթացք են տալիս։

«Ամեն ինչ կպատմեմ, միայն թե էս ջարդին վերջ տրվի»

«Հետք»-ը գտավ նոյեմբերի 8-ին Ռուբինյանց փողոցում վրաերթի ենթարկված 41-ամյա Ա Կ-ին (ամբողջական անունը թաքցնում ենք իր պահանջով), որը, ինչպես նշեցինք, շարունակում է ստացիոնար բուժում ստանալ բժշկական կենտրոններից մեկում։

Չնայած որ դեռ ուժեղ ցավեր ունի եւ դժվարությամբ է խոսում՝ առանց տատանվելու համաձայնեց պատմել տեղի ունեցածի մասին, ասելով «Ամեն ինչ կպատմեմ, միայն թե էս ջարդին վերջ տրվի»։

Դուստրը հաճախում է Ռուբինյանց փողոցում գտնվող, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի պարի խմբակ։ Դասից հետո երիտասարդ մայրը դստեր հետ փորձել է հատել Ռուբինյանց փողոցը։

«Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 8-ն էր, աղջկաս հետ դուրս եկանք արվեստի դպրոցից եւ ցանկացանք փողոցն անցնել, որպեսզի կանգառից մեկնենք Ավան։ Շատ ուշադիր էինք։ Ինձնից ձախ՝ վերեւից իջնող հոսքը նայեցի, տեսա վտանգ չկա, փողոցի կեսն անցանք ու հասանք անվտանգության կղզյակ։ Նայեցի դեպի աջ՝ ստուգելու, թե արդյո՞ք մեքենա կա աջ կողմից, էդ պահին ձախ կողմից հարված ստացա»,- պատմում է։

Մայրը ստացել է ուղեղի ցնցում, ինչպես նաեւ ազդրի կոտրվածք։ Ոսկորը մի քանի կտորի է բաժանվել։ Ուղեղի ցնցման պատճառով բժիշկները չորս օր չեն համարձակվել վիրահատություն իրականացնել։ Ա Կ-ի ազդրում տիտանե ձողեր են տեղադրվել, որոնք ողջ կյանքում մնալու են նրա մարմնում։

12-ամյա դուստրը միայն այտուցներ է ստացել։ Սակայն մեծ սթրեսի պատճառով հրաժարվում է հաճախել արվեստի եւ հանրակրթական դպրոցներ։ ԱԿ-ն ասում է, որ ոչ միայն ինքն ու երեխան են մեծ սթրես տարել, այլ նաեւ՝ ողջ ընտանիքը։  

Ավտոմեքենայի ղեկին եղել է երիտասարդ վարորդ, որը չի հեռացել դեպքի վայրից, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

«12 տարի գրել եմ այս խնդրի մասին»

Դեպքից երկու օր առաջ նա դպրոցի ադմինիստրացիայից իմացել էր, որ ստորագրահավաք է սկսվել Ռուբինյանց 2-4 շենքերի հարակից հետիոտնային անցումի տարածքում լուսացույց տեղադրելու պահանջով։ Դպրոցի տնօրենը, հաշվի առնելով իրավիճակը, տեղյակ լինելով գրանցված դեպքերից, մտահոգված դպրոցի սաների անվտանգությամբ, նամակներով դիմել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցն ունի մոտ 1200 աշակերտ։ Կան նաեւ ներառական խմբեր, մի քանի աշակերտներ տեսողության խնդիրներ ունեն։

Դպրոցը քաղաքապետարանի ենթակայության ներքո է։ Այդ է պատճառը, որ տնօրեն Սուսաննա Սուքիասյանը նամակներից մեկն ուղղել է քաղաքապետին։ Ստորագրահավաքին միացել է մոտ 800 մարդ։ Սուքիասյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դպրոցի աշխատակիցներից մեկի բարեկամը նույնպես այդ հետիոտնային անցման վրա վրաերթի զոհ է դարձել։ Նա քանի տարի խնդրով դիմում է Ճանապարհային ոստիկանությանը, բայց անօգուտ։

«Ես միշտ եմ գրել այս պրոբլեմի մասին։ Խոսվում էր, որ կամ վերգետնյա, կամ ստորգետնյա անցում կկառուցվի, չհաջողվեց, չեղավ։ Նամակներով սկսեցի գրոհել, որ գոնե լուսացույց դրվի։ Դա էլ չեղավ, փոխարենը մեր խաչմերուկից մի փոքր վերև կանգառի մոտ գծանշումներ արեցին, նկարեցին։ Հիմա գծանշումների վրա են դեպքերը տեղի ունենում։ Շատ-շատ վտանգավոր անցում է։ Վալերիյ Օսիպյանին նամակն ուղարկել եմ մեկ շաբաթ առաջ։ Ես 12 տարի է՝ պաշտոնավարում եմ, եւ միշտ բարձրաձայնել եմ տարբեր ժողովների, հանդիպումների ժամանակ։ Բոլորը տեղյակ են այս խնդրի մասին», - ասաց Սուսաննա Սուքիասյանը։

Տարածքի բնակիչներին զարմացրել է Ճանապարհային ոստիկանության սպաների պահվածքն այն պահերին, երբ քաղաքացիները դժգոհում են իրավիճակից եւ պահանջում Ռուբինյանցում կարգավորել երթեւեկությունը։ Հարակից խանութների աշխատողները պատմում են, որ իրենց հորդորներին ի պատասխան՝ ՃՈ աշխատակիցները կամ քմծիծաղ են տալիս, կամ օդում խոստանում՝ «մի բան կանենք»։

Ստացվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը, տեղյակ լինելով Ռուբինյանց փողոցի վթարներից ու վրաերթերից, տարիներով հանդես է եկել չեզոք դիրքից, որպես վիճակագրական մարմին, որի գործն ընդամենը մահվան դեպքերն արձանագրելն է։ Եթե այդպես է, ապա օդում կախված է մնում, թե ո՞ր մարմինն է, ի վերջո, պատասխանատու զոհերի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter