HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անձնական օգտագործման իրերի ներմուծումը խստացվել է. ովքեր կտուժեն

2019թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանց մաքսային վճարների առավելագույնը մինչև 500 եվրոյին համարժեք գումարի ապրանքներ ներմուծել։ Ինչպես նաև՝ այդ ապրանքների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 25 կիլոգրամը։ Խոսքը անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքների մասին է, որոնք քաղաքացիները ներմուծում են վերգետնյա տրանսպորտով՝ ավտոմեքենաներով, ավտոբուսներով կամ գնացքով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)  նման որոշում է ընդունել այս տարվա նոյեմբերի 1-ին Աստանայում։ Որոշման փաստաթուղթն արդեն հրապարակված է հանձնաժողովի կայքում։

Ներկայում ԵԱՏՄ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի  ու Ղրղզստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ավտոմեքենաներով կամ գնացքներով առանց մաքսատուրք վճարելու երրորդ երկրներից ներմուծել առավելագույնը 1500 եվրո արժեքի ապրանք, որի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 50 կիլոգրամը։

Նոր որոշմամբ, փաստորեն, արժեքի չափը նվազեցվել է եռակի, իսկ քաշը՝ կրկնակի։ Ըստ դրա՝ եկող տարվա հունվարի 1-ից, եթե անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքի արժեքը գերազանցի 500 եվրոյի կամ 50 կիլոգրամի շեմը, ապա քաղաքացին ստիպված է լինելու դրանց մաքսային արժեքի 30%-ի չափով մաքսային վճար տալ։

Շեշտենք, որ սա չի վերաբերում օդանավով ներմուծմանը, այլ միայն՝ վերգետնյա տրանսպորտով։

Այն, որ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կանոնները խստացվելու էին, հայտնի էր դեռևս 2017 թվականի սկզբից։ Սակայն, նախկինում սահմանված կանոնների համաձայն, անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար սահմանափակումները պետք է աստիճանաբար հաստատվեին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականին պետք է գործեր 1000 եվրոյի և 50 կգ-ի շեմը, 2020-ին այն նվազեցվելու էր՝ մինչև 750 եվրո և 25 կգ և 2021 թվականին միայն այն դառնալու էր՝ 500 եվրո և 25 կգ։ Մինչդեռ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշել է արագացնել պրոցեսն ու միանգամից կտրուկ նվազեցնել շեմերը։

Ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ այս որոշումն ընդունվել է Ռուսաստանի առաջարկով։ Որոշումը բացատրվում է նրանով, որ անձնական օգտագործման ապրանքների անվան ներքո քաղաքացիները ապրանքներ են ներմուծում հետագայում առևտրային նպատակով օգտագործելու համար։ Այլ կերպ ասած՝ դրանք ծառայում են, բիզնեսին, բայց ներմուծման ժամանակ հարկ չի վճարվում։

Այստեղ կա ևս մեկ նրբություն։ Նշված փոփոխությունները չեն վերաբերում միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքներին։ Դրանց համար այժմ գործում են այլ կանոններ։ Ինչպես նշված է Մաքսային  ծառայության կայքում, սահմանվում է 0% մաքսային վճար, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից ևս հաստատեցին, որ վերը նշված որոշումը փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծումներին չի առնչվում, սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ եկող տարվանից դրանց կանոնները ևս փոփոխվելու են, որի մասին որոշում է ընդունվել դեռևս 2017 թվականի տարեվերջին։

«Հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին թիվ 107 որոշմամբ արդեն իսկ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքումներով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների վերանայում: Մասնավորապես, 01.01.2019թ.-ից մինչև 31.12.2019թ. թույլատրվում է օրացուցային ամսվա ընթացքում մեկ ֆիզիկական անձի հասցեով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը», - նշված է ՊԵԿ-ի պատասխանում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ևս կան փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիներ, հատկապես՝ առևտրականներ, որոնք ապրանքներ են ներմուծում անձնական օգտագործման իրերի անվան տակ՝ այսպիսով օգտվելով մաքսային վճարներից ազատվելու հնարավորությունից։ Նշված փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ այդ խավի համար։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, համեմատելով ներկայացված ցուցանիշները, նշում է, որ այսօրվա պայմաններով (1500 եվրոյի և  մինչև 50 կիլոգրամի սահմանափակմամբ) ստացվում է, որ 1 կգ բեռի միջին արժեքը 30 եվրո է, իսկ եկող տարվանից կդառնա՝ 20 եվրո, ու պետք է ըստ դրա փորձել հասկանալ, թե ովքեր կարող են տուժել նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու արդյունքում։

Օրինակ՝ միջին և փոքր առևտրականները Վրաստանից հիմնականում բերում են կենցաղային տնտեսական ապրանքներ, որոնց պարագայում միջինում 1կգ-ի արժեքը չի գերազանցում 20 եվրոն, և սահմանափակումը իրենց վրա բացասական ազդեցություն կարող է չունենալ։  

«Իսկ Թուրքիայից ապրանք բերողների դեպքում որոշակի ազդեցություն կարող է լինել։ Այս խմբում կան գերփոքր առևտրականներ, որ գնում են հիմնականում ավտոբուսով և բերում են հագուստ (ուղեկցվող բեռ), հնարավոր է, դե ֆակտո, տուժեննրանք այսօր շրջանցում են գործող օրենքները՝ բեռը ներկայացնելով որպես անձնական օգտագործման»,- նշում է Հ. Ֆանյանը։

Ըստ նրա՝ կարող են տուժել իրականում անհատական սպառման նպատակով ապրանք բերող անձինք։ «Օրինակ՝ գնացել են Դուբայ, որոշել են հեռուստացույց գնել ու բերել Հայաստան։ Եթե հեռուստացույցի արժեքը գերազանցում է 500 եվրոն, նրանք արդեն կհարկվեն»,- նշում է տնտեսագետը։

Մյուս կողմից էլ անկնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում բյուջեի մուտքերը կարող են ավելանալ։ Մեր հարցին՝ կան արդյոք հաշվարկներ, թե մոտավորապես որքան գումարի մասին է խոսքը, ՊԵԿ-ից պատասխանել են, որ չունեն նման տվյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter