HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն սահմանել է քարոզչության ժամանակ եթերաժամ տրամադրելու կարգը

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: 

Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:

Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից և ժամը 19:45-ից։ 
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։ 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.

2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.

2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ`  3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.

3) դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 5-ական րոպե վճարովի հիմունքներով։

Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ ԿԸՀ համացանցային կայքում՝ «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի և միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter