HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և առաջին միջազգային համաժողովը Երևանում

Նոյեմբերի 14-15-ին Երևանում տեղի ունեցավ Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որն ավելի քան 10 երկրից հյուրընկալեց 45-ից ավելի խոսնակ և շուրջ 350 մասնակից: Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան էր: Վերջինիս կրթական ու բիզնես բաժնի ղեկավար Աշոտ Խուդգարյանը նշում է, որ Nooor-ը հասարակական կազմակերպություն է, որը հիմնել են 2017 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել բլոկչեյնն ու դրա կիրառումը տարբեր ոլորտներում։

Nooor-ն ունի 4 հիմնական ռազմավարական ուղղություն՝ բլոկչեյնը կարգավորող քաղաքականության մշակում, կրթական ծրագրերի իրականացում, տեխնոլոգիական համայնքի ձևավորում, աջակցություն գործարարությանը:

«Այս պահին Հայաստանում բլոկչեյնի հետ կապված պետական մակարդակով օրենսդրական կարգավորումներ չկան։ Որոշ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերում բլոկչեյնի կիրառումը պայմանավորված է վերջիններիս գլխամասերից եկած պահանջներից։ Օրինակ՝ «Pernod Ricard» ընկերությունն իր մատակարարման շղթայում օգտագործում է բլոկչեյն։ Կոնյակի շուկայում կեղծ ալկոհոլի տարածման խնդիր կա, որը լուծվում է բլոկչեյն համակարգի միջոցով։

Սկզբունքը Ֆրանսիայի գլխամասից հասել է նաև Հայաստան»,- նշում է Աշոտն ու ավելացնում, որ այս տեսանյունից փորձում են ներդրում ունենալ, որպեսզի պետական մակարդակով դիրքորոշում ձևավորվի ու բլոկչեյնն ավելի լայն կիրառություններ ունենա հնարավոր բոլոր ոլորտներում։

Այդ իսկ պատճառով Nooor-ը նաև իրականացնում է կրթական ծրագրեր։ Առաջին ծրագիրը եղել է 5-շաբաթյա դասընթաց ավագ դպրոցի սովորողների և ուսանողների համար, որի շրջանակում վերջիններս ծանոթացել են բլոկչեյնի կիրառությանն ու ձեռք բերել ձեռներեցներին հատուկ հմտություններ։

Արդյունքում՝ ձևավորվել է 3 խումբ՝ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ նոր ստարտափ գաղափարով։ Առաջիկայում սպասվում են նոր կրթական ծրագրեր, իսկ մինչ այդ Nooor-ը փորձում է նպաստել բլոկչեյնի հայաստանյան համայնքի զարգացմանը, քանի որ Աշոտի խոսքերով՝ բլոկչեյնի կիրառելիության մասին իրազեկվածությունը ցածր է, ու այն հիմնականում ասոցացվում է կրիպտոարժույթի կամ մայնինգի հետ։ Դա է պատճառը, որ կապ է հաստատվել միջազգային ու հայաստանյան բլոկչեյն համայնքների միջև։ Առաջին քայլերից մեկը հենց ChainPoint 18 բլոկչեյնի ամենամյա միջազգային համաժողովը Երևանում կազմակերպելն էր։

Տարածաշրջանում ամենախոշոր համաժողովի նպատակն էր բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։

Համաժողովի առաջին օրը` նոյեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը սկիզբ կդնի 3 երկրների միջև բլոկչեյնի ոլորտում առավել սերտ համագործակցության:

«Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ և փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է և՛ որպես գիտելիքների կենտրոն, և՛ որպես տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման ամենաակտիվ ներկայացուցիչ»,- նշում է Noоor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը:

Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև հայկական և ուկրաինական կողմերի միջև:

Հրավիրված հյուրերի շարքում էին մի քանի պետությունների բլոկչեյնի ասոցիացիաների ղեկավարներ, կիբերանվտագության ոլորտի ճանաչված փորձագետներ, բլոկչեյն տեխնոլոգիայի նորարարներ, միջազգային իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատությունների, ինչպես նաև հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ։ Երկրորդ օրվա շրջանակում բլոկչեյն ոլորտի հայկական 8 ստարտափ ներկայացան միջազգային ներդրողներին, լսեցին նրանց կարծիքներն ու խորհուրդները:

Աշոտը նշում է, որ հիմնականում ակտիվ են Ռուսաստանի և Ուկրաինայի բլոկչեյն համայնքները, որոնց ներկայացուցիչներն իրենց փորձը փոխանցեցին ներկաներին։ Իրանական բլոկչեյն համայնքը շատ չի ճամփորդում, բայց համաձայնել էր մասնակցել Երևանում անցկացվող համաժողովին ու ներկայացնել իրենց բավականին հարուստ փորձը՝ Իրանի բլոկչեյն կենտրոնի գործունեությունը։

«Համաժողովին ներկա էր նաև Արտեմ Աֆյանը՝ Ուկրաինայի Justucum Law ընկերության ղեկավարը։ Արտեմը Աֆյանը «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի շրջանակում կրիպտոարժույթների կարգավորող իրավական նորմերի հեղինակն է։ Պետք է նշել նաև, որ տարբեր երկրներում, օրինակ՝ Ուկրաինայում, Շվեցարիայում, բլոկչեյն ասոցիացիաների ղեկավարները հայեր են»,- նշում է Աշոտը։

Համաժողովը լավ առիթ էր միջազգային կազմակերպություններին հայկական տեխնոլոգիական էկոհամակարգին ծանոթացնելու, հետագա համագործակցությունների համար հիմք պատրաստելու և, իհարկե, միջազգային մեդիայի միջոցով համաժողովի ու Հայաստանի մասին տեղեկություն տարածելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։