HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Renderforest՝ սցենարն ավտոմատ անիմացիա դարձնելու նոր գործիք

Renderforest հայկական ստարտափն անիմացիոն հոլովակներ, տեսանյութեր, լոգոներ ու կայքեր պատրաստելու առցանց գործիք է։

Ստարտափի թիմը նոյեմբերի 5-8-ը Լիսաբոնում մասնակցել է աշխարհահռչակ Web Summit 2018-ին: Համաժողովին մասնակցում են բազմաթիվ կայացած ընկերություններ, ստարտափներ տարբեր երկրներից, հանդիպում ներդրողների հետ, խոսում իրենց փորձի մասին, ընդլայնում բիզնես կապերն ու նոր համագործակցություններ սկսում։

Ստարտափի մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանը նշում է, որ համաժողովին ներկա էր նաև Համաշխարհային սարդոստայնի ստեղծող ( World Wide Web) Թիմ Բերներս-Լին։ Նա նշել է, որ 2020 թվականին արդեն աշխարհի բնակչության 50%-ը կլինի առցանց։ Դա, իհարկե, ևս մեկ անգամ փաստում է ինտերնետի կարևորությունն ու բազմաթիվ գործառույթներ ավտոմատացնելու և առցանց հարթակներում հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։

Renderforest-ը հենց այդպես էլ անում է։ Այն թույլ է տալիս ինչպես մասնագետներին, այնպես էլ տեսանյութերի խմբագրման հմտություններ չունեցող մարդկանց մի քանի րոպեի ընթացքում ստեղծել բարձրորակ տեսանյութեր, անիմացիոն հոլովակներ՝ ինչպես կոմերցիոն նպատակով, այնպես էլ ներկայացվող նյութը հնարավորինս հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար։

Web Summit 2018-ին ստարտափի թիմը պաշտոնապես հայտարարեց իր նոր ծառայությունների թողարկման մասին։ Այժմ Renderforest-ը ծրագրում ներմուծված սցենարն ավտոմատ վերածում է անիմացիոն հոլովակի, թույլ է տալիս հեշտ և արագ պատրաստել լոգոներ և վեբ կայքեր՝ առանց մասնագիտական հմտությունների։  

Renderforest-ը արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիման վրա մարդկանց գրած տեքստը, սցենարը վերածում է անիմացիայի։ Համակարգն այս պահին նախատեսված է միայն անգլերեն տեքստերի համար, բայց հետագայում կլինի նաև այլ լեզուներով գրելու հնարավորություն։

Renderforest-ն ունի տեսանյութեր և անիմացիաներ պատրաստելու տասնյակ հազարավոր տեսակաղապարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի տվյալ թեմային համապատասխան մինչև 600 տեսարան։ Յուրաքանչյուր տեսարան ունի իրեն վերագրված բանալի բառեր (keyword)։ Երբ մարդ տեքստը ներմուծում է ծրագիր, յուրաքանչյուր նախադասության բանալի բառերով ծրագիրը գտնում է համապաստախան տեսարաններն ու ավտոմատ պատրաստում անիմացիոն հոլովակ։

Այսինքն՝ ծրագիրը յուրաքանչյուր նախադասությունը համարում է առանձին միտք ու անկախ տեքստի երկարությունից՝ ստեղծում ցանկալի տեսանյութը։ Ռոմանի խոսքով՝ այս նոր հնարավորությունը թույլ է տալիս խնայել ժամանակ ու արդյունքում ունենալ ցանկալի արդյունք։ Հիմնվելով նախորդ փորձերի վրա ժամանակի ընթացքում ծրագիրը բարելավվում է ու սկսում է առաջարկել տեքստին ամենահամապատասխան տեսարանները։ Տեքստը գրելուց ընդամենը 5-6 վայրկյանի ընթացքում ծրագիրն առաջարկում է տեսարանները, իսկ արդեն 2-3 րոպեի ընթացքում պատրաստում անիմացիան։

Renderforest-ը թույլ է տալիս նաև քիչ ժամանակ ու ռեսուրս ծախսելով ստեղծել լոգոներ և վեբ կայքեր։

Լոգո պատրաստելու համար հարկավոր է կայքում ընտրել համապատասխան բաժինը, գրել բրենդի, ընկերության անվանումն ու վերջինիս կարճ նկարագրությունը։ Դրանից հետո ծրագիրը հարցնում է՝ ինչ գույն, տառատեսակ, էլեմենտներ է նախընտրում օգտատերը, և դրանց համապատասխան առաջարկում լոգոյի մի քանի տարբերակ։

Օգտատերը կարող է ընտրել տարբերակներից մեկն ու անհրաժեշտության դեպքում կատարել որոշակի փոփոխություններ։ Քանի որ գործիքը նախատեսված է նաև ոչ փորձառու մարդկանց համար, հետևաբար արդեն իսկ ստեղծված լոգոյի վրա փոփոխություններ կատարելու հնարավորություններն անսպառ չեն։ Այսինքն՝ մարդ չի կարող կտրուկ փոփոխել առաջարկված լոգոն։

Renderforest-ի լոգո պատրաստելու գործիքն առանձնահատուկ է, որովհետև դրանում եղած դետալներն ու էլեմենտները նախագծել են հենց ստարտափի դիզայներները. դրանք յուրահատուկ են ու ոչ շատ տարածված։ Բացի այդ, օգտատերերը կարող են ստանալ լոգոներ՝ վճարելով 19 դոլար՝ հեշտ, արագ, մատչելի։

Ռոմանի խոսքով՝ այս բոլոր հնարավորությունները Renderforest-ը դարձնում են մեկ ամբողջական լուծում՝ հատկապես ստարտափների բրենդինգը ստեղծելու համար։

Մեկնաբանություններ (1)

Village Talkies
Best Corporate Video Production Company in Bangalore and top Explainer Video Company in Bangalore , 3d, 2d Animation Video Makers in Chennai Interesting post its really very useful for us. Thanks for sharing this wonderful post with us.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter