HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

50 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր՝ բյուջետային աջակցության համար

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև այս տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված վարկային համաձայնագիր, որով առաջարկվում է 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավել: Համաձայնագիրը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը:

«2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում է ներգրավումը կատարվում, օրենքով արդեն իսկ ամրագրված է, էս ծրագրի շրջանակում կառավարության ողջ պարտականությունները կատարված են: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից երեք տարին՝ արտոնյալ»,- ասաց հիմնական զեկուցողը:

Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը․ պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նկատեց, որ կառավարությունը նախկինում դեմ էր, որ վարկի միջոցով բյուջետային հատկացումներ արվեին։

«Այդ վարկը հետո ինչի՞ հաշվին եք վերադարձնելու, որ կոնկրետ ինչ-որ գործարանի համար չենք վերցնում, որ արտադրանք կտա և ծախսերը փակի, երեք տարի հետո մեր պետությունը ինչպե՞ս  է այդ պարտքը փակելու»,- հարցրեց նա՝ հետաքրքրվելով, թե արդյոք վարկային համաձայնագիրն ավելացնելո՞ւ է երկրի արտաքին պարտքը:

Փոխնախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ 50 մլն ԱՄՆ դոլարով վարկային համաձայնագիրն ավելացնելու է արտաքին պարտքը:

«Ցանկացած բյուջե, որը դեֆիցիտով է հաստատվում, նշանակում է հաջորդ տարի ունենալու ենք դեֆեցիտի չափով ավել պարտք ստանձնած: Կան վարկեր, որոնք ուղղվում են ընդհանուր բյուջետային ֆինանսական կայունությունն ապահովելուն, սա հենց այդ նպատակներից է, և  խորհրդարանում վավերացված բյուջեի ծախսերին համապատասխան կայուն ֆինանսավորում իրականացնելու համար է, մեր ֆինանսական միջոցների անբավարարության չափ կա, որը լրացնելու համար պարտք ենք վերցնում», - ասաց Հայրապետյանը:

Պատգամավորն արձագանքեց՝ «մի օլիգարխի թափ տալով»՝ հնարավոր էր այդ գումարն ապահովել և ոչ թե նոր պարտք վերցնել:

Վարկային համաձայնագիրը քվեարկության կդրվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter