HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգերի լիգա. ովքե՞ր, որտե՞ղ, ե՞րբ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին՝ 2018-2019 թթ. խաղարկության ընտրական փուլն ավարտված է: Հայտնի են բոլոր հաջողակներն ու անհաջողակները:

Ազգերի լիգայի առաջին գավաթի հավակնորդները

Ուժեղագույն՝ առաջին դիվիզիոնի (կամ «A» լիգայի) 4 խմբերի հաղթողները՝ Նիդեռլանդները, Շվեյցարիան, Պորտուգալիան եւ Անգլիան, 2019-ի հունիսին Պորտուգալիայում կխաղարկեն Ազգերի լիգայի գավաթը: Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի օլիմպիական սկզբունքով. 4 թիմերը կիսաեզրափակչում կպարզեն 2 հաջողակներին, ապա կխաղարկեն երրորդ ու առաջին տեղի մրցանակները: Բացի գավաթից՝ կլինեն նաեւ դրամական խոշոր պարգեւներ:

Տարօրինակ է, բայց իրենց խմբերում չկարողացան առաջին տեղ զբաղեցնել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի ու Բելգիայի ընտրանիները, որոնք համարվում էին մրցաշարի ֆավորիտներ:

«Վերելակ» նստողները

Ազգերի լիգան ճկուն մրցաշար է, եւ ամեն խաղարկությունից հետո դրանում փոփոխություններ են լինելու. խմբերի հաղթողները բարձրանալու են ավելի ուժեղ դիվիզիոն, իսկ պարտվողները իջնելու են: Բնական է, որ առաջին լիգայի հաղթողները մնալու են իրենց տեղում, ինչպես եւ չորրորդի պարտվողները:

Հաջորդ՝ 2020-2021 թթ. խաղարկությունում երկրորդ դիվիզիոնում հանդես կգան առաջինի այս տարվա անհաջողակները՝ Գերմանիան, Իսլանդիան, Լեհաստանը, Խորվաթիան: Նրանց կփոխարինեն երկրորդից բարձրացած Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Դանիան:

Երկրորդ դիվիզիոնից երրորդ կիջնեն Սլովակիան, Թուրքիան, Հս. Իռլանդիան եւ Իռլանդիան, որոնց կփոխարինեն Շոտլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Սերբիան:

Ամենացածր՝ չորրորդ դիվիզիոն կտեղափոխվեն Էստոնիան, Կիպրոսը, Սլովենիան, Լիտվան: Սրանցից մեկը 2020-2021 թթ. Ազգերի լիգայում կլինի Հայաստանի մրցակիցը: Նշվածների փոխարեն հաջորդ խաղարկությունում երրորդ դիվիզիոնում կտեսնենք Վրաստանին, Բելառուսին, Կոսովոյին, ՆՀՀ Մակեդոնիային: 

Ազգերի լիգայի փլեյ-օֆում կխաղարկվի «Եվրո-2020»-ի 4 ուղեգիր

Հայտնի են նաեւ այն թիմերը, որոնք «Եվրո-2020»-ի ուղեգրերի համար պայքարելու իրավունք են ստացել: Դրանք 4 դիվիզիոնների 16 խմբերի հաղթողներն են. Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա (1-ին դիվիզիոն), Ուկրաինա, Շվեդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Դանիա (2-րդ դիվիզիոն), Շոտլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Սերբիա (3-րդ դիվիզիոն), Վրաստան, Բելառուս, Կոսովո, ՆՀՀ Մակեդոնիա (4-րդ դիվիզիոն):

Ամեն դիվիզիոնի համար խաղարկվելու է մեկ ուղեգիր: Դիվիզիոնների խմբերի հաղթողները փլեյ-օֆում, որը կկայանա 2020 թ. մարտին, 2-ական զույգեր են կազմելու եւ օլիմպիական սկզբունքով որոշելու են ուղեգրի տիրոջը: Սա լավ հնարավորություն է հատկապես ֆուտբոլային փոքր երկրների համար, որոնք իրավունք կունենան մասնակցել Եվրոպայի 2020 թ. առաջնությանը:

4-րդ դիվիզիոնի 4-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը կարող էր լինել լավագույն քառյակում, եթե ընտրական փուլում միավորներ չկորցներ հետնապահ Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի հետ խաղերում: Այս ամենի հետեւանքով խմբից դուրս եկան մակեդոնացիները: Հետաքրքիր է, որ ընդամենը 2016-ին ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին անդամակցած նորանկախ Կոսովոն առաջին անգամ նման լուրջ հաջողության է հասել, եւ այդ թիմի գլխավոր մարզիչը շվեյցարացի Բեռնար Շալանդն է, որը 2014-2015 թթ. մարզել է Հայաստանի ընտրանին: Բալկանցի կոսովարների եւ մակեդոնացիների մրցակիցները կլինեն մեր նախկին «եղբայրները»՝ վրացիներն ու բելառուսները: Բոլորի համար էլ սա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու առաջին լուրջ հնարավորությունը կլինի:

Հայաստանը կարող էր փլեյ-օֆին մասնակցելու չնչին հույս պահպանել

Մինչեւ 2020 թ. մարտը, սակայն, տեղի կունենա «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարը այն դասական տարբերակով, որ միշտ եղել է: Մրցաշարը կանցկացվի 2019-ին: Դրան կմասնակցեն ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 երկրները: Եթե այնպես ստացվի, որ Ազգերի լիգայի փլեյ-օֆ դուրս եկած ընտրանիներից մեկը հենց այս ընտրական մրցաշարում Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճի, ապա նրան փլեյ-օֆում կփոխարինի Ազգերի լիգայի իր դիվիզիոնում ամենալավ արդյունքն ունեցող հաջորդ թիմը: Այսպես՝ եթե, օրինակ, մեր հարեւան վրացիները գալիք տարի կայանալիք ընտրական մրցաշարում ինչ-որ հաջողությամբ ձեռք բերեն «Եվրո-2020»-ի ուղեգիր, ապա նրանք այլեւս չեն մասնակցի Ազգերի լիգայի փլեյ-օֆին, եւ նրանց կփոխարինի 4-րդ դիվիզիոնում 5-րդ (խմբերի 4 հաղթողներին հաջորդող) լավագույն թիմը: Եվ պատկերացրեք, որ դա ոչ թե Հայաստանն է, որն այս դեպքում 6-րդն է, այլ մեկ այլ գաճաճ երկիր՝ Լյուքսեմբուրգը: Պատճառն այն է, որ Լյուքսեմբուրգն էլ մեզ պես 10 միավորով զբաղեցրել է իր խմբի երկրորդ հորիզոնականը, բայց խփած ու բաց թողած գնդակների հարաբերակցությունը 11-4 է, այսինքն՝ +7, իսկ Հայաստանինը՝ 14-8, այսինքն՝ +6: Ահա հենց այս դեպքում կարելի է ասել, որ ֆուտբոլում մանրուքներ չկան: Իհարկե, տեսականորեն Հայաստանը կարող է մասնակցել փլեյ-օֆին, եթե եւս մի հավաքական առաջիկա ընտրական մրցաշարում «Եվրոյի» ուղեգիր նվաճի, բայց դա ընդամենը տեսություն է, որը շատ հեռու է իրականությունից:              

Այդուհանդերձ, Ազգերի լիգայի 4-րդ դիվիզիոնի ցանկացած թիմի համար, այդ թվում՝ առաջին տեղ զբաղեցրածների, շատ դժվար կլինի 2019-ի ընտրական փուլով դուրս գալ «Եվրո-2020», քանի որ ընտրական խմբերում նրանք մրցելու են ոչ թե հավասարազոր, այլ ավելի ուժեղ հավաքականների հետ: Այնպես որ Ազգերի լիգան այս կարգի թիմերի համար աշխարհամասի առաջնությանը մասնակցելու լավագույն տարբերակն է, եւ կարելի է ասել, որ մենք մեր հնարավորությունն արդեն կորցրել ենք բոլոր առումներով: Դժվար է նաեւ հավատալ, որ ներկա հավաքականը, որը չի կարողանում երկու խաղում 6 միավոր հավաքել Ջիբրալթարի ու Լիխտենշտայնի դեմ, կարող է 2019-ին հաղթահարել «Եվրո-2020»-ի ընտրական փուլը:

Հավելենք, որ Ազգերի լիգայի առաջին խաղարկության ընտրական փուլի լավագույն ռմբարկու է դարձել սերբ Ալեքսանդր Միտրովիչը, որը խփել է 6 գոլ: 5-ական գոլի հեղինակ են դարձել Յուրա Մովսիսյանը, ինչպես նաեւ շվեյցարացի Հարիս Սեֆերովիչը, շոտլանդացի Ջեյմս Ֆորեսթն ու բելառուս Ստանիսլավ Դրագունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter