HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ոստիկանության ծառայողներին պարտադրում են փոխել իրենց սպասարկող բանկը. ահազանգ

«Հետք»-ը վերջին ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողներից ահազանգեր էր ստացել, որ աշխատակիցներին պարտադրվում է փոխել իրենց բանկային հաշիվները և աշխատավարձը ստանալ այլ բանկերով: Առաջին ահազանգն այն մասին էր, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ոստիկանության զորքերի ծառայողներին պարտադրվել է փոխել բանկային հաշիվները: Երկրորդ ահազանգը վերաբերում էր ճանապարհային ոստիկանությանը: Ոստիկանության նշված երեք ստորաբաժանումների աշխատակիցները նախկինում ունեին բացված հաշիվներ «Արարատբանկ»-ում: Սակայն Ճանապարհային ոստիկանության ծառայողներին հրահանգվել է հաշիվներ բացել «Հայբիզնեսբանկ»-ում, իսկ ՊՊԳՎ-ի և ոստիկանության զորքերի ծառայողներին՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Խնդիրն այն է, որ «Արարատբանկ»-ը, տարիներ առաջ դառնալով ոստիկանության նշված ստորաբաժանումների աշխատակիցներին սպասարկող բանկը, ցածր տոկոսադրույքով վարկային գծի հնարավորություն է տվել նրանց: Այսօր, երբ աշխատակիցը փոխում է բանկը, պարտավոր է մարել նախկին բանկի առջև ստանձնած պարտավորությունները: Շատերի դեպքում դա լուրջ ֆինանսական խնդիր է, քանի որ «Արարատբանկ»-ը նրանց աշխատավարձի մինչև ութապատիկի չափով վարկեր է տրամադրել, իսկ դա կարճ ժամանակում մարելը ոստիկանության ծառայողների համար խնդիր է դարձել:

Խնդրի վերաբերյալ գրավոր հարցմամբ դիմել էինք ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Ոստիկանապետին նախ հայտնել էինք, որ մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողներին պարտադրվում է փոխել իրենց սպասարկող բանկը: «Ոստիկանության ծառայողների գերակշիռ մասն այսօր հաշիվներ ունի «Արարատբանկ» ընկերությունում, սակայն նրանց պարտադրվում է հաշիվներ բացել «ՎՏԲ» ընկերությունում»,- դիմելով Վալերիյ Օսիպյանին՝ գրել էինք մենք և հարցրել, թե ի՞նչ հիմքով է նման պահանջ դրվել, ի՞նչ փոխգործակցություն կա ոստիկանության վարչական ապարատի և «ՎՏԲ» ընկերության միջև:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնել են, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր աշխատող ունի իրեն սպասարկող բանկն ինքնուրույն ընտրելու իրավունք: «Այլ կերպ ասած՝ որևէ պաշտոնատար անձ իրավունք չունի պարտադրել ենթակա աշխատողներին փոխել իրենց սպասարկող բանկը»,- ասված է ոստիկանության պատասխանում:

Անդրադառնալով «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ փոխգործակցությանը՝ ոստիկանությունից նշել են. «Ոստիկանության վարչական ապարատի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության միջև փոխգործակցություն որպես այդպիսին չկա։ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն (նախկին Խնայբանկի իրավահաջորդը) շարունակում է հանդիսանալ ոստիկանության կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշիվները սպասարկող հիմնական բանկը, չնայած կենսաթոշակառուները նույնպես ունեն իրենց սպասարկող բանկն ինքնուրույն ընտրելու իրավունք, և մի շարք դեպքերում կենսաթոշակների վճարման հաշիվները տեղափոխել են այլ բանկեր։ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն սպասարկում է նաև ոստիկանության  թե՛ վարչական ապարատի, և թե՛ ենթակա ստորաբաժանումների մի շարք աշխատողների աշխատավարձերի հաշիվները»։

Ոստիկանության լրատվականից նաև նշել են, որ ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ, ՀՀ ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Արա Ասլիկյանը հանդիպում է խնդրում մեզնից, քանի որ հիմնավոր կասկածների և (կամ) բավարար ապացույցների առկայության դեպքում մեր ահազանգը կարող է դառնալ համապատասխան քննության առարկա։

ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանի հետ հանդիպման ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք կոնկրետ դեպք կամ կոնկրետ ստորաբաժանում մատնանշենք, որով հնարավոր կլիներ պարզել՝ պարտադրանք եղել է, թե ոչ: Բնականաբար, կոնկրետ դեպք մենք չէինք կարող հայտնել՝ մեր աղբյուրին չվնասելու պատճառաբանությամբ, սակայն կոնկրետ ստորաբաժանումների մասին տեղեկությունը փոխանցեցինք նրան:

Օրեր անց ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետը մեզ հայտնեց, որ ինքը դիմել է նշված ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի բանկային հաշիվների փոփոխման վերաբերյալ մի քանի ամսվա կտրվածքով տեղեկություն փոխանցվի իրեն՝ մեր ահազանգը ստուգելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքների մասին ոստիկանությունից մեզ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն:

Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ընկերության խոշոր բաժնետերը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանն է, որը հետհեղափոխական շրջանում քրեական հետապնդման է ենթարկվում:

Հ.Գ. Մեր ստացած ահազանգը ստուգելն այդքան բարդ չէ, որքան ներկայացվում է: Հեշտությամբ հնարավոր է ոստիկանության նշված ստորաբաժանումների հաշվապահություններից վերցնել բոլոր տվյալները և ծառայողական քննություն սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես են բանկային հաշիվները համատարած փոխվել:

Լուսանկարը՝ police.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter