HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ԿԸՀ-ի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում են ունեցել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ կողմերը քննության են առել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը և համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:

«Այս նոր՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640 000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում և խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման և քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը»,- գրված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ կառավարության ընթացիկ և երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական և քաղաքական գործընթացներին խոսում է Հայաստանի կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը», - ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաև ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման և սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետև ձեռնամուխ կլինեն 2000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:

«Մենք պատրաստ ենք աշխատել տեղի հաստատությունների հետ՝ մեծացնելու նրանց կարողությունները, որպեսզի, երբ մեր աջակցության կարիքն այլևս չլինի, նրանք կարողանան արդյունավետ գործել: ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի համագործակցել ԿԸՀ-ի հետ և աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին երկարաժամկետ հեռանկարում: Մենք սերտորեն կաշխատենք այլ դոնորների հետ՝ երաշխավորելու համընդգրկուն ու փոխլրացնող աջակցություն, որը շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար», - ասել է Դեբորա Գրիսերը:

2018թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել իր գործընկերների՝  Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԷնԴիԱյ) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱյԱրԱյ) հետ: Այս գործընկերության շրջանակում «Աջակցություն ընտրական գործընթացներին և քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին և ՀՀ Ազգային ժողովին՝ օգնելով առավել արդյունավետ արձագանքել քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter