HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործը

ԼՂՀ  ՊԲ նախկին հրամանատար  Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկեր Սանասար Կարապետյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ գործն առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել: Դատական առաջին նիստը նշանակվել է նոյեմբերի 23-ին:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:

Համաձայն մեղադրանքի` Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք` գումար ձեռք բերելուն: 

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել և պնդել են, որ դրանք շինծու են:

Առաջին ատյանի դատարանը Բաբայանի և մյուսների վերաբերյալ մեղադրական դատավճիռ էր կայացրել, որը նրանց կողմից բողոքարկվել էր: Վերաքննիչ դատարանը, սակայն, առաջին ատյանի վճիռը թողել էր անփոփոխ: Այս ընթացքում Սամվել Բաբայանն ու մյուսները գտնվում էին կալանքի տակ, և միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ազատ արձակվեցին ԱԱԾ մեկուսարանից:

Նշենք, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս դրա հիմքում դրել էր օպերատիվ  հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված ապացույցներ: Մեկ այլ գործի շրջանակներում ԱԱԾ-ն որոշել էր գաղտնալսել «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, և, ըստ գործի նյութերի՝ Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել և հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռևս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:

Նշենք, որ եթե պարզվի, որ Մայիլյանին գաղտնալսելու համար օրինական հիմքեր չեն եղել, ապա դրա արդյունքում ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել Բաբայանի և մյուսների գործի հիմքում. դրանք կհամարվեն անօրինական կարգով ձեռք բերված անթույլատրելի ապացույցներ:

Վճռաբեկ դատարանը  Բաբայանի գործը բեկանելու որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, և այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter