Այսօր Լեռ Կամսարի հիշատակի օրն է. Դիվանագիտական առասպել
Գոյություն ունի մի դիվանագիտական առասպել, որ այսպես է պատմում հայկական հարցի մասին։
Ասում է՝ լինում է, չի լինում մի Ֆրանսիա, մի Անգլիա է լինում։ Հայ ազգը ինչքան խնդրում, աղաչում է, որ իրեն ազատեն թուրքական լծից՝ չեն ազատում, ասում են՝ ոչինչ, թող կոտորվեն, միայն մենք Թուրքիայի հետ չթշնամանանք։ Անցնում են տարիներ, ու ծերանում են այդ պետությունները, և իրենց կյանքի վերջին օրերին խիղճն սկսում է նրանց տանջել, մեռնելուց առաջ ուզում են հայկական հարցը լուծել։ Ուստի, կանչում են իրենց ծառային և պատվիրում են գնալ հայ ազգին կանչել։
Ծառան գնում, աշխարհով մեկ հայ ազգ է փնտրում ու չգտնելով, գալիս ու զեկուցում է․
-Հայ ազգ հիմա գոյություն չունի։ Կեսը թուրքերը կոտորել վերջացրել են, մյուս կեսը ցրվել է աշխարհով մեկ։ Մոտեցա մի հայի, ասացի՝ Անգլիան և Ֆրանսիան հայ են փնտրում, որ մի լավություն անեն, եկ գնանք։
Մարդը պատասխանեց․
-Ես հայ չեմ, ես բոլշևիկ եմ։
Երկրորդ հային կանչեցի՝ ասաց․
-Ես հայ չեմ, ես դաշնակ եմ։
Երրորդին կանչեցի՝ ասաց․
-Ես հայ չեմ, հնչակ եմ։
Չորրորդին կանչեցի՝ ասաց․
-Ես հայ չեմ, ռամկավար եմ։
Այսպես հուսահատ երբ վերադառնում էի, մի մենավոր ճամփորդի պատահեցի ու հարցրի․
-Դու ի՞նչ ազգից ես,- ասաց՝ հայ եմ։
Այս որ լսեցի ուրախացա և ասացի․
-Դե գնանք, Ֆրանսիան ու Անգլիան քեզ կանչում են։
Հիմա բերել եմ, դռանը կանգնել է, ներս կանչե՞մ։
-Կանչիր, - ասացին։
Երբ հայը ներս մտավ ու անունը հարցրին, - ասաց՝ Լեռ Կամսար։
-Հենց ապրե՛ս դու, Լեռ Կամսար, դու իսկապե՞ս հայ ես։
- Իսկական և միակ հայը։
- Չլինի վերջում հնչակ կամ դաշնակ դուրս գաս։
- Չեմ դուրս գա։
- Մենք ուզում ենք քեզ անկախություն տալ, - ասացին։
- Տվե՛ք, - ասաց։
- Մենակովդ կարո՞ղ ես պետություն կազմել։
- Ինչո՞ւ չեմ կարող։ Ես ժամանակին ներկայացրել եմ Մոլիերի Զգանարելի արարքները և մենակովս չորս այնպիսի տարբեր ձայներով եմ խոսել բեմի վրա, որ կույր հանդիսատեսն անգամ ձայնիցս չի ճանաչել, որ խոսողը մեկ մարդ է։ Մեկ ձայն հանելով՝ հարապետության նախագահ կընտրվեմ, մյուսով՝ պրեմիեր մինիստր, դեռ երկու ձայն էլ կավելանա, որով ես կարող եմ ժողովուրդ ընտրել նրան կառավարելու համար։
- Մեկ անձով կառավարական ընտրություն կկատարվի՞, - հարցրին մեռնող պետությունները։
- Սովետական Ռուսաստանը մեկ հոգով չի՞ կատարում իր ընտրությունը։ Այնտեղ մենակ Խրուշչովը ինքն իրեն ընտրում է երկրի ղեկավար, չորս տարին մի անգամ վեր է կենում իր աթոռից, տակի ներքնակը շտկում, էլի նստում։ Ռուսաստանի պես խոշոր պետության մեջ երբ այդ հնարավոր է, Հայաստանի՞ մեջ չի կարելի։
------
Ավանդությունն ասում է, որ այդ մարդը անկախությունն ստացավ, գնաց, բայց նրա կազմած պետությունը քարտեզի վրա չերևաց։
Շատ հետո միայն իմացվեց, որ նա էքստերիտորիալ պետություն է կազմել և տարին մի պետության մեջ ապրելով աշխարհը ման է գալիս․․․
1962թ․, անտիպ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել