HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դրամաշնորհային ծրագիր՝ կենսաբազմազանության ծրագրի համար

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23 միլիոն 208 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ըստ նախագծի՝ Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի իրականացման տևողությունը նախատեսվում է 8 տարի, որի ընթացքում կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։

Որոշումը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշ տարածաշրջաններում քաղաքացիներին աջակություն են տրամադրում, որ ձերբազատվեն անտառահատումից։

«Մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը և զարգացնելն է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, բնապահպանական հարցերով լինելու ենք նախանձախնդիր»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը չի ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ՝ այն պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։

Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացիներին պետք է ցույց տալ, որ անտառ չկտրելով՝ ավելի շատ կարող են օգուտ ստանալ, քան կտրելով: Վերջինս տեղեկացրեց, որ 55 հազար խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել բնակիչներին՝ առանց անտառին վնասելու:

Ծրագրի իրականացումը նախատեսվում է 4 հիմնական ուղղություններով՝ բազմաֆունկցիոնալ նպատակներով դիտարկվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարում, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում մարդկային գործոնի ազդեցության նվազեցում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ միջոլորտային ներդրումների ուժեղացում, ընտրված տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային տնտեսությունների վարչակազմի ֆինանսական կայունության ապահովում, ընտրված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter