HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալվարդ Դավոյանը 21 տեսակի ոչ ավանդական մշակաբույս է աճեցնում

Մասնագիտությամբ ձեւավորող-ոճաբան, սոցիալական աշխատող Ալվարդ Դավոյանն արդեն 9 տարի Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում ոչ ավանդական մշակաբույսեր է աճեցնում:

2015 թվականին գյուղի հինգ կանանց ընդգրկելով՝ ստեղծել է «Առողջ սնունդ» կոոպերատիվը՝ նպատակ ունենալով մշակել քիմիկատներից զերծ բանջարեղեն. «Գյուղի զարգացման ծրագրերի արդյունքն էր, որ մեր համայնքի կանանց մոտիվացրեց, իսկ ես եղա այս պարագայում նրանց ոգևորողն ու համախմբողը»,- ասում է նա:

Տնամերձ հողամասերում աճեցնում է 21 ոչ ավանդական մշակաբույս՝ բրգաձեւ բրոկոլի, ֆիզալիս, ծնեբեկ, արտիշոկ, ռուկոլա, կիվանո, ֆենխել, 6 տեսակի կաղամբ, պռասա սոխ, դեղին պատիսոն, սպիտակ սմբուկ, դեղին ձմերուկ եւ այլ մշակաբույսեր: Սրանք դեռ ամենը չէ. Ալվարդը որոշել է մյուս տարի արտիշոկի, պռասա սոխի և ծնեբեկի ծավալները մեծացնել՝ հաշվի առնելով դրանց պահանջարկի ավելացումը:

Ալվարդը ոչ ավանդական մշակաբույսեր սկսել է մշակել մոտ 15 տարի առաջ՝ չիմանալով դրանց օգտակարության եւ կիրառության մասին: Սակայն հետագայում դադարել է դրանց մշակությամբ զբաղվել՝ անցնելով ավանդական մշակաբույսերի աճեցմանը: Անգամ այդ ժամանակ ոչ ավանդական մշակաբույսերի նկատմամբ հետաքրքրությունը չի կորցրել: 9 տարի առաջ ծանոթացել է մի կնոջ հետ, ով Ալվարդին ներկայացրել է ոչ ավանդական մշակաբույսերի օգտակարությունը, ինչից հետո նա վերսկսեց դրանց աճեցումը: Ասում է՝ երբ սկսեց ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնել, գյուղում շատերը զարմանում էին, թե ինչ նպատակ ունի իր չարչարանքը, ինչու է տարօրինակ բանջարեղեններ մշակում, թերահավատորեն էին մոտենում Ալվարդի քայլերին, գյուղատնտեսական նպատակներին:

«Ես շուրջ 23 տարի զբաղվել եմ ջերմոցային տնտեսությամբ, քանի որ մեր հողամասում արդեն ունեինք ապակուց ջերմոց, և ես մեծ սիրով մշակում էի: Սկզբում ամուսնուս պապիկը զբաղվում էր մեխակների մշակմամբ, այնուհետև սկսեցին մշակել ավանդական բանջարեղեն` պոմիդոր, պղպեղ և վարունգ։ Երբ ջերմոցը սկսեցի ես մշակել, ինձ մոտ հետաքրքիր մտքեր առաջացան։ Ստանում էի սերմեր՝ ծանոթ և անծանոթ մշակաբույսերի։ Հիշում եմ՝ առաջին տարօրինակ բանջարեղենը գազարի տեսքով կարմիր բազուկն էր և բրոկոլին, վերջինիս, տարօրինակ թվալով, արմատախիլ արեցի (ծիծաղում է- հեղ.): Ահա այստեղից էլ նախասիրությունս ծնունդ առավ»,- ասում է նա:

Ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման գործընթացը հեշտ չի անցել: Առաջին տարում կրծողները վնասել են մշակաբույսերի սածիլները, հակակարկատային կայանների բացակայության պատճառով կարկուտը վնասել է բերքը: Տարի է եղել՝ գյուղում ոռոգման համակարգի բացակայության պատճառով երաշտին բույսերը չեն դիմացել, եւ արդեն հասունացած բրոկոլին շուկայական որակից ընկել է, պարտադրված՝ այն տվել են կենդանիներին: Ալվարդին այս դժվարությունները չեն կոտրել: Իր փորձով եւ հմտություններով կիսվել է նաեւ համագյուղացի կանանց հետ, ովքեր գյուղում այժմ զբաղվում են բրոկոլիի աճեցմամբ: Ըստ տիկին Ալվարդի ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման հերթական բոլոր փուլերը՝ հողի պատրաստումից մինչև բերքահավաք, պատասխանատու աշխատանք են պահանջում: Գյուղատնտեսական ամեն աշխատանք կատարում է, առանց տրտնջալու. «Քո կատարած քայլերից հետո ես հասկանում՝ որտեղ ես սխալվել, որտեղ ես անուշադիր կամ հակառակը՝ ճիշտ աշխատանք կատարել»:

Իրենց աճեցրած բանջարեղեններից նվիրում են գյուղի մանկապարտեզին, անապահով ընտանիքներին, վերջիններին նաեւ ընդգրկում են գյուղատնտեսական աշխատանքներում: «Բերքի իրացումը չէի ասի, որ շատ լավ է, բայց վատ էլ չէ։ Պետք է շուկա գտնել, ուսումնասիրել պահանջարկը: Մեր դեպքում հյուրասիրել ծանոթներին, ծանոթացնել անծանոթ մթերքին և այդպիսով ընդլայնել շուկան։ Այժմ ունենք հավատարիմ սպառողներ, ովքեր սննդի կետերում իրացնում են մեր մթերքը։ Ունենք անհատ գնորդներ, նրանք ճաշակել և արդեն մեր մշտական հաճախորդն են համարվում։ Ես երբեք չեմ ընկճվել անհաջողությունից, միշտ աշխատել եմ պայքարել դժվարության դեմ և չեմ հիասթափվել։ Սա է իմ առաջ շարժվելու գաղտնիքը»,- ասում է Ալվարդը:

Բանջարեղենից բացի, սկսել են մշակել նաեւ հոլանդական վարդերի սածիլներ, քանի որ համայնքում եւ հարակից գյուղերում չկան վաճառքի ծաղիկներ: Վարդերի աճեցմամբ սկսել են զբաղվել համագյուղացիների խնդրանքով, քանի որ ծաղիկ գնելու համար քաղաք են հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter