HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրողը գրում է պարզապես մարդու մասին

Հարցազրույց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի հետ 

Մարինե Պետրոսյանը ծնվել է 1960 թ. Երեւանում: Երկու բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Գրում է նաեւ էսսեներ արդի հայ գրականության շուրջ, ինչպես նաեւ հոդվածներ հասարակական-քաղաքական թեմաներով: Մ. Պետրոսյանի գործերը ֆրանսերեն թարգմանությամբ, երկու առանձին գրքով հրատարակվել են Ֆրանսիայում, Comp՛Act հրատարակչությունում:

Մ.Պետրոսյանը մասնակցել է Լիեժի «Բանաստեղծության միջազգային 21-րդ բիենալեին» (Բելգիա, 1998), «Ստրուգայի բանաստեղծական երեկոներին» (Մակեդոնիա, 2000, 2002), «Ժամանակակից հայ գրականության համաշխարհային կոնֆերանսին» (կազմ. Կալիֆոռնիայի համալսարանի կողմից, Լոս Անջելես, 2001), «Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի Դիի Գրքի Սալոնին» (Ֆրանսիա, 2001), իսկ վերջերս դառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դափնեկիր` որպես ռեզիդենտ-արտիստ մասնակցեց «æերասի ծրագրին» (ԱՄՆ, 2005):

 - Ինչպե՞ս կբնութագրեք հայ գրականության արդի վիճակը: Այսօր ի՞նչ դեր ունի գրողը հասարակության մեջ: 

- Հայ գրականությունն այսօր դժվարին մի գործընթացի մեջ է, երբ ճշտվում է գրողի տեղն ու դերը հասարակության մեջ: Իմ գրքերը տպագրվել են արդեն անկախ երկրում, բայց ես մեծացել եմ Սովետական Հայաստանում ու շատ պարզ հիշում եմ այն ժամանակվա մթնոլորտը, երբ գրողի նույնիսկ շշուկով ասված խոսքը լսելի էր ու հաճախ որոշիչ: Հետո իրավիճակը կտրուկ ու երկար ժամանակով փոխվեց. քաղաքական ու սոցիալական ցնցումների մեջ ոչ այնքան խոսք է պետք, որքան գործողություն, ավելի շուտ՝ պահանջվում է ոչ բարդ խոսք, որը կմղի կոնկրետ գործողությունների: Պարզության ու որոշակիության նման պահանջարկի դեպքում գրողը չէր կարող շահող դուրս գալ. գրականությունը հենց նրանով է հայտնի, որ հաճախ դրդում է կասկածով վերաբերվել «պարզ ճշմարտություններին»: Արդյունքում գրողներն աստիճանաբար կորցրին իրենց համարումը հասարակության մեջ: Վերջին տարիներին, սակայն, կարծես թե հակառակ միտումը կա. հասարակությունը հասցրեց հագենալ հրապարակներում հնչող խոսքի միապաղաղ հնչերանգից, եւ մարդիկ նորից ձգվում են դեպի գրականություն: 

- Լինել գրող. ի՞նչ է դա նշանակում այսօր հոգեբանական եւ ֆինանսական տեսանկյուններից:

- Վերջին երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում գրողների քանակը կտրուկ նվազել է. ոմանք հեռացան կյանքից, շատերին կլանեց քաղաքականությունը, իսկ մյուսներն էլ ուղղակի դադարեցին գրել՝ չդիմանալով ստեղծված ծայրահեղ պայմաններին: Իսկ պայմաններն իսկապես ծայրահեղ են, քանի որ հերիք չի գրողական աշխատանքը չի փոխհատուցվում ֆինանսապես, կորել է նաեւ դեռ երեկ այնքան մեծաքանակ ընթերցողը, ու իսպառ անհետացել է խելքը գլխին, պրոֆեսիոնալ քննադատը: Ընդ որում` այս վերջին հանգամանքն, իմ կարծիքով, ամենից վտանգավորն է, քանի որ առանց քննադատի օգնության ընթերցողի վերադարձը դեպի գրականություն (որի նշանները, ինչպես ասացի, վերջերս նկատվում են) խիստ դանդաղ կընթանա: Շնորհիվ գրողների, որոնք հակառակ ամեն ինչի շարունակեցին գրել, հայ գրականությունը վերջին երկու տասնամյակում այնքան ճանապարհ է անցել, այնքան խորն է փոխել իր դեմքը, որ ընթերցողն այդ նոր դեմքի առաջ հաճախ շփոթվում է եւ քննադատի օգնության կարիքը զգում: Հասկանալով սա եւ փորձելով շտկել դրությունը` շատ հայ գրողներ վերջերս սկսել են զբաղվել նաեւ քննադատությամբ՝ իմաստավորելու իրենց գործընկերների նորարարական ջանքը գրականության մեջ: 

- Ղարաբաղյան հակամարտությունն ի՞նչ ներգործություն է ունեցել գրականության վրա: 

- Այսօր շատ հաճախ ասելով «ղարաբաղյան հակամարտություն»` նկատի են ունենում նեղ ազգամիջյան կոնֆլիկտ, այնինչ Հայաստանում ղարաբաղյան իրադարձությունները սկսվեցին եւ երկար ժամանակ ընթանում էին իբրեւ հզոր համաժողովրդական շարժում, որն ուղղված էր ամենից առաջ Մոսկվայի՝ կենտրոնական իշխանությունների դեմ, ձգտում էր հասնել երկրի քաղաքական-հասարակական նորացմանը եւ իսկապես էլ հասավ դրան՝ ամբողջովին փոխելով Հայաստանի դեմքը: Եթե այս լայն իմաստով հասկանամ հարցը, պետք է ասեմ, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանում ստեղծված գրականությունն իր հիմնական մասով արդյունք է հենց ղարաբաղյան շարժման, որը, ամբողջովին նորացնելով Հայաստանը, դրդեց գրողներին փնտրել այդ նոր իրականությանը համարժեք արտահայտման նոր եղանակներ եւ նոր լեզու: 

- Արդի գրականությունն արծարծո՞ւմ է հայրենասիրության թեման: Ի՞նչ դրսեւորումներ կան այսօր: 

- Հակառակ որոշ քննադատների դժգոհությանը՝ «հայրենասիրության թեմայով» գրողներ Հայաստանում այդպես էլ չեն հայտնվում, նույնիսկ պատերազմի թեմայով գրողները գրում են պարզապես մարդու մասին: 

- Ինչո՞վ է այսօրվա հայրենասիրությունն իբրեւ արժեք տարբերվում հայրենասիրության գրական դասական դրսեւորումներից: 

- «Դասական» ասվածը բավական լայն հասկացություն է, ավելի կոնկրետ լինելու համար ես կհիշատակեմ հայրենասիրության սովետական ու ազգային-ռոմանտիկ ըմբռնումները, մանավանդ որ հենց դրանց վրա էլ հենվում են վերը հիշատակածս դժգոհ քննադատները: Այս երկու ըմբռնումներում էլ հայրենասիրությունը նույնացվում է հերոսականի հետ, այնինչ այսօրվա մտածող մարդը հերոսական հայրենասիրությանը եւ ընդհանրապես անխառն հերոսականությանը առողջ թերահավատությամբ է մոտենում, քանի որ գիտի, թե որքան հեշտ են այդ հասկացությունները շահարկվում, եւ թե ինչ սարսափելի արդյունքների կարող է հասցնել դրանց շահարկումը: Հայրենիքի հանդեպ սերը երեւի թե հատուկ է ամենքիս, բնական այդ զգացումը մարդուն հանում է մենությունից եւ միավորում այլ մարդկանց՝ իր հայրենակիցների հետ: Եթե մարդը տեսնի, կամ նրան ներշնչես, որ իր հայրենակիցներին վտանգ է սպառնում, նրա մեջ կարթնանա վտանգվածին պաշտպանելու մղումը, եւ նա կարող է պատրաստ լինել դրա համար զոհելու իր կյանքը՝ ինքնակամ գնալու պատերազմ: Սա է, որ անվանվում է հերոսականություն: Խնդիրն այն է, սակայն, որ պատերազմ գնալով դու պատրաստակամություն ես հայտնում ոչ միայն զոհելու սեփական կյանքդ, այլեւ սպանելու ուրիշ մարդու: Եվ որպեսզի կարողանաս հաղթահարել «մի սպանաներ» հրամայականի ներքին արգելքը, քեզ համոզում են, որ այդ ուրիշ մարդը այնքան է ուրիշ, որ արդեն կարծես մարդ էլ չի եւ, ուրեմն, նրան կարելի է սպանել: Եւ ահա հայրենասիրությունը, որ սկզբում միավորող զգացում էր, դառնում է արդեն գործիք, որի օգնությամբ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ «մերոնք» ու «նրանք»: Հերոսա-հայրենասիրական գրականություն ստեղծելու համար պետք է ընդունել այդ բաժանումը, իսկ եթե չես ընդունում բաժանումը եւ մերկացնում ես դրա հիմքում ընկած սուտը, ստացվում է գրականություն պատերազմի թակարդն ընկած մարդու մասին: 

- Ղարաբաղյան հակամարտությունն, արդյոք, բավարար ազդա՞կ է գրական նոր գործեր ստեղծելու համար:

- Ղարաբաղյան իրադարձությունների ազդեցության մասին՝ լայն իմաստով, վերեւում արդեն խոսեցի, ինչ վերաբերում է զինված հակամարտությանը, ապա լինելով ծայրահեղ, «սահմանային» իրավիճակ` պատերազմն, անշուշտ, հզոր ազդակ է յուրաքանչյուր գրողի համար, ով առնչվում է դրան: 

- Ինչպե՞ս է լուսաբանվել ղարաբաղյան հակամարտությունը արդի գրականության մեջ: 

- Ադրբեջանական արդի գրականությանը, ցավոք, ծանոթ չեմ, կարդացել եմ միայն այն, ինչ գտել եմ հարավկովկասյան գրողների «Ապրելու ժամանակը» ժողովածուում. հետաքրքիր ու զարմանալի բարի գործեր էին, ափսոս շատ քիչ էին՝ ընդամենը չորս պատմվածք: Հայաստանում ղարաբաղյան պատերազմի մասին գրողներից կտայի Արա Նազարեթյանի ու Լեւոն Խեչոյանի անունները: Այս գրողների ստեղծած գործերը կարող են անկեղծ ու դժվար խոսակցության սկիզբ դառնալ, ափսոս միայն, որ այդ խոսակցությունն ուշանում է, որովհետեւ շարունակելով պահանջել այն, ինչ անհնար է ստեղծել՝ լավ հերոսա-հայրենասիրական գրականություն, հայ քննադատները համառորեն չտեսնելու են տալիս պատերազմի մասին արդեն ստեղծված այն գործերը, որոնք չեն համապատասխանում իրենց ակնկալիքներին: 

- Որքանո՞վ է հայ մարդը որպես անհատականություն իր անձնական խնդիրներով, ողբերգություններով եւ ակնկալիքներով արտացոլված գրականության մեջ: 

- Հայաստանի նոր գրականությունը տենդագին որոնում է նոր միջոցներ ու նոր լեզու, որպեսզի դրանց միջոցով կարողանա խոսել մեր դժվար իրականության եւ այդ իրականության առաջ շփոթահար մարդու պրոբլեմների մասին: Որոշ հաջողություններ, կարծեմ թե, արդեն կան, բայց նյութն այնքան անսպառ է՝ երեւի թե գրական մի քանի սերնդի կհերիքի: 

- Գրականությունն այսօր ավելի շատ հեռացնո՞ւմ է հակամարտող կողմերին, թե՞ մոտեցնում: 

- Ինձ թվում է` այսօր ստեղծվող գրականությունը մեր երկու ժողովուրդներին իրարից չի հեռացնում, բայց բավարար չափով չի էլ մոտեցնում, թեեւ կարող էր դա անել: Կարծում եմ` մեզ մոտեցնել կարող է նույնիսկ պատերազմին կամ հակամարտությանն ուղղակի չանդրադարձող գրականությունը. վստահ եմ` հայ ընթերցողը հետաքրքրությամբ կկարդար պարզապես այսօրվա Ադրբեջանի մասին պատմող գործեր, եթե դրանք իրեն հասնեին: Ցավոք՝ բոլորովին չեն հասնում, եւ ընդհանրապես՝ հայ եւ ադրբեջանցի գրողների միջեւ բացարձակապես ոչ մի շփում չկա: 

- Գրականության եւ հասարակության մեջ կապ կա՞, եւ ինչպե՞ս է այն արտահայտվում: 

- Գրականության ու հասարակության կապը երկկողմանի է: Նախ՝ հասարակությունն ինքն է ազդում ստեղծվող գրականության վրա՝ հաճախ այն պայմանավորելով հակադրության սկզբունքով, ապա ստեղծված գրականությունն է սկսում ազդել հասարակության վրա: Թե որքան ուղղակի, արագ կամ խորը կլինի երկրորդ գործընթացը, կախված է կոնկրետ երկրում ստեղծված կոնկրետ իրավիճակից: Առաջին հարցին պատասխանելիս արդեն ասել եմ, որ Հայաստանում վերջին երկու տասնամյակում գրողներն ու գրականությունը աստիճանաբար կորցնում էին իրենց երբեմնի ազդեցությունը հասարակության վրա (որը ոչ վաղ անցյալում խիստ մեծ էր), եւ միայն վերջին տարիներին է, որ (տպավորությունս գուցե խիստ լավատեսական է) նկատվում է հակառակ միտումը` գրողի խոսքին նորից սպասում են: 

- Մեկ առանձին ստեղծագործություն, որում խոսվում է հակամարտության մասին, կարո՞ղ է ներգործություն ունենալ հասարակության հոգեկան վիճակի վրա: 

- Հայտնի բան է՝ գրականությունն ազդում է ոչ թե քանակով, այլ որակով, այնպես որ պատասխանս դրական է՝ այո, կարող է: 

- Գրականությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ հակամարտության, դրա զարգացման ընթացքի վրա:

 - Գրականությունն ունակ է կոտրելու պատերազմի հիմնական մեխանիզմը՝ «մերոնք» ու «նրանք» բաժանումը, ցույց տալով, որ նրանք հենց նույն մենք ենք, պարզապես հայտնված մեր գծած սահմանի այն կողմում: Բաժանող այդ սահմանի փոխարեն գրականությունը կարող է ցույց տալ ուրիշ սահման, ասենք՝ կյանքի ու մահվան սահմանը, որին հանդիման՝ բոլոր մարդիկ դառնում են «մենք»: Ասել է թե` գրականությունն օժտված է մարդկանց վրա ազդելու հսկայական ուժով, նրանց դարձնելու ավելի հանդուրժող եւ զիջումների պատրաստ: Ուրիշ բան, որ այս կամ այն պատճառով գրականության այդ հսկա ներուժը միշտ չէ, որ գործողության մեջ է դրվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter