Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին Փաշինյանը գրել է Facebook սոցիալական ցանցում:
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:
Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:
Նշենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Լիբանանում: Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով 1990 թ-ից տեղափոխվել է Հայաստան, սակայն մինչ այժմ քաղաքացիություն չէր ստացել:
Սեֆիլյանն այս տարվա հունիսին ազատ էր արձակվել կալանավայրից, որտեղ գտնվում էր վերջին երկու տարիներին՝ 2016 թ-ի հուլիսին ոստիկանության գնդի վրա կատարված հարձակման գործով: Սեֆիլյանը ղեկավարում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական շտաբը:
Լուսանկարը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել