HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանության գործով «Ալավերդցի Վահագնից» կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննչականի պետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արայիկ Ներսիսյանի և  Արտակ Հովհաննիսյանի վերաբերյալ գործը, որն առնչվում է  սպանության գործի շրջանակներում Վահագն Աբգարյանից (քրեական աշխարհում հայտնի է որպես «Ալավերդցի Վահագն») կաշառք ստանալու դիմաց նրա օգտին գործողություններ կատարելուն, դատարանում է:

Դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նիստ անցկացվեց, որի շրջանակներում քննարկման առարկա էր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոփոխելու, նույնը թողնելու կամ վերացնելու հարցը:

Նշենք, որ Թաթուլ Շուշանյանն այս պահին ազատության մեջ է, իսկ մյուս երկու ամբաստանալները՝ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ  2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1991 թվականին ծնված Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: 2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Դատախազություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:

Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ:

2018 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Մասնավորապես՝ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը, ըստ գործի նյութերի, եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս մեղմ հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք առաջադրվել (մեկ ուրիշին դիտավորյալ կյանքից զրկելը), մինչդեռ իրականում, ըստ գործի նյութերի, Դավթյանին պետք է մեղադրանք առաջադրվեր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատվերով սպանությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, շահադիտական դրդումներով: Առաջին դեպքում օրենքը նախատեսում է պատիժ` առավելագույնը 8 տարի ժակետով, իսկ երկրորդ դեպքում նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Դատարանում, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝  Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու  Արտակ Հովհաննիսյանը:

Ըստ  Մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը,  զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Արայիկ Ներսիսյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Արտակ Հովհաննիսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի կողմից միջնորդություն ներկայացվեց Շուշանյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ այս գործի քննության շրջանակներում Շուշանյանը  մի քանի անգամ կալանավորվել, ապա հայտնվել է ազատության մեջ: Շուրջ 4 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ Շուշանյանն ազատվել էր կալանքից ու նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի էր ճանաչել: Սակայն մոտ մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն, ու Շուշանյանը նորից հայտնվել էր անազատության մեջ: Վերջերս Շուշանյանը նորից ազատ է արձակվել: Վերջինիս կալանքի ժամկետը լրացել է, և դատարանների կողմից խափանման միջոցի վերաբերյալ նոր դատական որոշում չի եղել: 

Ամբաստանյալների վերաբերյալ գործը արդեն երկու ամիս է դատարանում է, սակայն դրա ընդդատության հարցը, այսինքն` հանգամանքը, թե որ դատարանում է այն քննության ենթակա, չէր որոշվում: Գործն ուղակվել է Երևան քաղաքի, ապա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարաններ, ապա Վճռաբեկ դատարան` ընդդատության հարցը լուծելու համար: Ի վերջո, Վճռաբեկը որոշում է կայացրել գործն ուղարկել Երևան քաղաքի դատարան, որտեղ նախ մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն վերջինս տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Դրանից հետո գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին` նույն  դատավորին, որը Շուշանյանին ու մյուսներին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում էր կայացրել: Մեղադրող դատախազը, սակայն, կասկածի տակ էր դրել Գրիգորյանի անաչառությունը և վերջինիս ինքնաբացարկի միջնորդոթյուն ներկայացրել, որը Գրիգորյանի կողմից բավարարվել էր: Այս ամենից հետո միայն գործը մակագրվել է դատավոր Աննա Մաթևոսյանին:

Հանգամանքը, որ Շուշանյանի  խափանման միջոցին դատարանները չեն անդրադարձել, և արդյունքում վերջինս հայտնվել է ազատության մեջ, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը որակեց «թյուրիմացություն»` նշելով, թե չի ցանկանում ավելի խիստ որակում տալ տեղի ունեցածին:  

Հայկ Պետրոսյանի խոսքով` Թաթուլ Շուշանյանը ազատության մեջ է հայտնվել այն պատճառով, որ դատարանները չեն անդրադարձել նրա խափանման միջոցին, այլ ոչ թե այն պատճառով, որ կալանքի հիմքերը վերացել են:

Մեղադրողի խոսքով` ազատության մեջ գտնվելով` Շուշանյանը կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև, օգտագործելով իր կապերը, ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա: Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ «Ալավերդցի Վահագնը» 7-8 հազար դոլար կաշառք է տվել Թաթուլ Շուշանյանին, ապա մի մասն իր ուղարկած անձի՝ Արթուր Մնացականյանի միջոցով հետ է ստացել: Մնացականյանն այդ գործով առանցքային վկա է: Հայկ Պետրոսյանը նշեց, որ այն բանից հետո, երբ ամբաստանյալներն ազատության մեջ են հայտնվել, Մնացականյանը լքել է երկիրը:

Տուժող Կամո Փիրուզյանի կնոջ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ Շուշանյանի կալանքի հիմքերը, որոնք մատնանշվել են վերաքննիչ դատարանի կողմից, վերացված չեն:

Անդրադառնալով մեղադրող դատախազի արտահայտած մտքին, թե դատարանները «թյուրիմացաբար» չեն անդրադարձել Շուշանյանի խափանման միջոցի հարցին, Շուշանյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց,  թե դա «գեղարվեստական»,  այլ ոչ թե  իրավական ձևակերպում է:

Ալումյանը խոսեց նույն մեղադրանքով անձին կրկին կալանավորելու արգելքի մասին ու ընդգծեց, որ չկա որևէ դատավարական գործիք, որով հնարավոր կլինի Շուշանյանին նորից կալամավորել:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Թաթուլ Շուշանյանը նշեց, որ ինքը ցանկացած զանգի դեպքում կես ժամ առաջ կներկայանա, որ երկու մանկահասակ երեխա ունի, քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու միտում չի ունեցել և չունի:

Շուշանյանի խափանման միջոցի հարցի քննությունը ժամեր տևեց: Աշխատանքային օրվա ավարտից հետո կողմերը համաձայնության եկան նիստն արտաժամյա շարունակելու մասին:

Ամբաստանյալների պաշտպանները նշում էին, որ նիստը պետք է շարունակվի, քանի որ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը կալանքի տակ են և ժամ առաջ պետք է ազատ արձակվեն, իսկ  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյյանը պնդում էր, որ նիստը պետք է շարունակվի, քանի որ Թաթուլ Շուշանյանն ազատության մեջ է եւ ժամ առաջ պետք է կալանավորվի:

Շուշանյանի խափանման միջոցի հարցի քննությունից հետո դատարանն անցավ մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցին: Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի պաշտպանները միջնորդեցին իրենց պաշպանյալների նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել: Ներսիսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ 2 մլն դրամ գրավը ճանաչել թույլատրելի, իսկ Արտակ Հովհաննիսյանը հայտնեց, որ իր ազատության համար գրավի առարկա կարող է լինել իր բնակարանը:

Նշենք, որ Ներսիսյանի և Հովհաննիսյանի նկատմամբ կարող է նրանց համաձայնության դեպքում համաներում կիրառվել: Այսինքն՝ եթե անգամ դատարանը նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնի, միևնույն է, նրանք դատարանի դահլիճից ազատվելու են, ուստի պաշտպանները գտնում են, որ նրանց կալանքի տակ պահելը պատիժ կլինի նրանց նկատմամբ:

Փաստաբան Հայկ Ալումյանը դիրքորոշում հայտնեց, որ անձը կարող է  թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը՝ մտավախություն ունենալով, որ կարող է պատժվել, սակայն այս դեպքում, ըստ Ալումյանի, ակնհայտ է, որ ամբաստանյալները նման մտավախություն ունենալ չեն կարող:

Այս դիրքորոշմանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը համաձայն չէ: Ըստ փաստաբանի՝ անձինք կարող են փորձել խոչընդոտել գործի քննության ընթացքը՝ իրենց ընկերոջը պաշտպանելու համար և այլ հանգամանքներից ելնելով:

Լուսինե Սահակյանը դիրքորոշում հայտնեց, որ Արայիկ Ներսիսյանի արարքը մեղմ է  որակվել, և գործի պատշաճ քննությամբ այդ հանգամանքը կպարզվի:

Այնուամենայնիվ, Սահակյանը Արայիկ Ներսիսյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված  խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, ինչ վերաբերում է Արտակ Հովհաննիսյանին, փաստաբանն առարկեց նրա՝ ազատության մեջ հայտնվելուն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու, որոնք կհրապարկվեն նոյեմբերի 26-ին:

Լուսանկարում` Թաթուլ Շուշանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter