HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տաքսի ծառայությունների լիցենզիայի տարեկան տուրքը՝ «կոպեկներ»

Կառավարությունը նախատեսում է 10-20 անգամ նվազեցնել տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի տարեկան տուրքի չափը։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Լիցենզավորման մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ են մշակվել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

Լիցենզիայի տուրքը կազմակերպությունների համար սահմանվել է տարեկան 10 հազար դրամ, մինչդեռ գործող օրենքով կազմակերպությունները պարտավոր էին վճարել 100-200 հազար դրամ։

Հայաստանի տարածքում տաքսի ծառայություն է մատուցում 190 կազմակերպություն։ Դրանցից 52 ընկերություն սպասարկում է մինչեւ 4 ավտոմոբիլով եւ տարեկան լիցենզիայի համար վճարում 100 հազար դրամ պետական տուրք, իսկ 138 ընկերություն` 5 եւ ավելի ավտոմոբիլներով, որոնք տարեկան լիցենզիայի համար վճարում են 200 հազար դրամ պետական տուրք:

Կառավարությունում կարծում են, որ անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր քանակի մեքենաներով նույն գործունեությունն իրականացնողների համար: Միաժամանակ կազմակերպությունները վճարում են նաեւ արտոնագրային վճար յուրաքանչյուր մեքենայի համար, որը էականորեն տարբերվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից: Օրենսդրորեն կարգավորված չէ նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ չի կարգավորվում եւ ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաեւ նպաստում է ոլորտում անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Բացի այդ, մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափերը տարբերվում են կազմակերպությունների համար նոր հարկային օրենսգրքով սահմանված արտոնագրային վճարի չափերից:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է վերանայել նաեւ ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայությունների մատուցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Տաքսամոտորային փոխադրումներում տարբեր քանակի մեքենաներով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար կսահմանվի 10 հազար դրամ տարեկան տուրք:

Առաջարկվում է վերանայել նաեւ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափերը` դրանք հավասարեցնելով կազմակերպությունների կողմից 1 մեքենայի համար սահմանված արտոնագրային վճարի չափերին:

«Արտոնագրային վճարների մասին» օրենքի համաձայն՝ թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը Երեւանում, օրինակ, կազմում է 45 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 20 հազար, իսկ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում՝ 15 հազար դրամ։

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկի ժամանակ նշել էր, որ պետք է ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին ազատել բոլոր տեսակի հարկերից: Խոսքը ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղեւորափոխադրումներ իրականացնողների մասին է։ Սակայն, օրենսդրական փաթեթում սրա վերաբերյալ դեռեւս ոչինչ չկա։

Նոր նախագծով նրանք, ովքեր 3 ամիս շարունակ լիցենզիայի պետական տուրքի վճարում չեն իրականացնի, կզրկվեն լիցենզիայից։ Ոլորտում գործունեություն իրականացնողների կողմից կուտակվել են լիցենզիայի պետական տուրքի չվճարման մեծաքանակ տուգանքներ, որոնք անընդհատ աճում են լիցենզավորված անձանց կողմից լիցենզիաները չհանձնելու հետեւանքով: Անընդհատ աճող տուգանքներից խուսափելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով ոլորտում գործունեություն իրականացնողների պահանջը տուգանքների համաներման վերաբերյալ, առաջարկվում է 2018թ. հունվարի 1-ից դադարեցնել 3 ամսից ավել պետական տուրքը չվճարած անձանց լիցենզիաների գործողությունը:

Նախագծում խոսք կա նաեւ էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսի ծառայությունների մասին։ Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում տաքսի ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաեւ դուրս է մնում վերահսկողությունից։ Բանն այն է, որ ցանկացած անձ կարող է միանալ ծրագրին եւ իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ առանց հարկային պարտավորություններ կատարելու եւ չապահովելով անվտանգության պահանջները: Առաջարկվում է, որ այդ կազմակերպությունները պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն բացառապես լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցողների հետ, միաժամանակ վերահսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմնին տրամադրեն տվյալների բազան: Ի դեպ, տաքսոմետրին են հավասարեցվում համապատասխան սերտիֆիկացված ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերը:

Ներկայում Հայաստանում գոյություն չունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տաքսի ավտոմոբիլներ, ինչը խախտում է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Նախագծի համաձայն, hաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման նպատակով նախատեսվում է 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել 1 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված մարդատար տաքսի ավտոմեքենա ունենալու պարտադիր պահանջը: Հաշվարկը իրականացվել է` հաշվի առնելով, որ ներկայում ոլորտում գործունեություն իրականացնող 22 կազմակերպություններ ունեն 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ, որը բավարար կլինի հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային պահանջարկը բավարարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter