HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտաբերդը քայքայվում է

«Մեր բնակարանը որդ է ընկել, կամաց փտում է, հանգիստ չես կարողանում քայլել, մեկ էլ տեսար նկուղում ես հայտնվում»,-ասում է Էմմա Սուքիասյանը եւ հավատացնում, որ այդ մասին կվկայի Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի յուրաքանչյուր բնակիչ:

Աշոտաբերդը փայտաշեն թաղամաս է, գտնվում է գրեթե քաղաքից դուրս: 1991թ.-ին կառուցված 24 փայտե շենքերը նախատեսված էին երկրաշարժի ժամանակ անօթեւան մնացած ընտանիքների համար: Առանց տանիքի կամ թիթեղյա վագոն-տնակներում ապրող ընտանիքների համար սա իսկական ճոխություն էր: Փայտը դիմացկուն շինանյութ է, ուստի շենքերի համար պիտանելիության ժամկետ էր սահմանվել 7 տարին:

«Մեզ ասացին, որ տունը 7 տարով ենք ստանում, իսկ մինչ այդ մեզ պիտի ուրիշ բնակարանով ապահովեին: Ես ու ամուսինս նոր էինք ամուսնացել, որ էս տունը ստացանք: Մենք առաջին բնակիչներից ենք: Մեր 3 երեխաներն էլ էստեղ են ծնվել: Սկզբում, իհարկե, ամեն ինչ հարմար էր, համենայնդեպս' ավելի լավ էր, քան դրսում մնալը: Բայց հիմա արդեն հնարավոր չի ապրել: Տունը կամաց քայքայվում է»,-ասում է Էմմա Սուքիասյանը:

Նրա հարեւանությամբ ապրում է թաղամասի ամենաչքավորներից մեկը' Մալերյանների ընտանիքը: 7 հոգով նրանք ապրում են 2 սենյականոց այս բնակարանում: Ընտանիքի անդամներից եւ ոչ մեկը չի աշխատում: Ապրում են նպաստի հույսին, եւ այս պայմաններում բնակարանի վերանորոգման մասին խոսելն էլ ավելորդ է:

«Տղես 3 տարի առաջ թեւը կտրեց ու հիմա հաշմանդամ է, մեր տունը պահող չկա: 4 թոռներիցս 2-ը նույնպես հաշմանդամ են: Ահավոր անճար ապրող իսաններ ենք: Մի օր մի հարեւանից եմ մի բան մուրըմ, մի օր' մի ուրիշից, մի կերպ յոլա ենք գնում, մեզ փող որտեղից, որ տուններս սարքենք, այ բալա: Հրես' պոլը փտելա, էն օրը էս խեղճ քյոռփես էն ա հա փոսն էր ընգնըմ: Պատերը' ծակ, կռիշը' ծակ, ինչ ասես, որ չենք վառըմ, որ էս քյոռփեքը ցրտից չմրսեն»,- ասում է ընտանիքի տատիկը' Հասմիկ Մալերյանը:

Շինարարական կազմակերպությունը պիտանելիության ժամկետը որոշելիս հաշվի չի առել Ստեփանավանի անձրեւոտ կլիման ու խոնավ պայմանները, իսկ բնակիչներին սահմանված ժամկետում նոր բնակարաններով ապահովել քաղաքապետարանին այդպես էլ չի հաջողվել: Արդյունքում պիտանելիության ժամկետն անցած տներում, որոնք դեռ ժամկետից էլ շուտ էին սկսել քայքայվել, այսօր շարունակում են մարդիկ ապրել: Ավելին' 296 բնակարանում 340 ընտանիք է ապրում, մի քանիսը' համատեղության կարգով միեւնույն բնակարանում:

«Մենք քաջատեղյակ ենք Աշոտաբերդի վիճակին եւ նույնիսկ ծրագիր ունենք նախատեսած: Քանի որ Աշոտաբերդն արդեն ինքնուրույն թաղամաս է, չենք ուզում բնակիչներին ցրել: Ծրագրի համաձայն' նոր բնակելի, այս անգամ արդեն քարաշեն շենքեր պետք է կառուցվեն այդ տարածքում ... »,-ասում է Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը, միայն թե ե՞րբ կարելի է խոսել այդ ծրագրի մասին ավելի կոնկրետ, քաղաքապետարանում դժվարանում են պատասխանել:

Փոխարենը շարունակում են բնակարանի վարձ եւ կոմունալ մյուս ծառայությունների համար պարտաճանաչորեն գումարներ գանձել:

«Մեր թաղամասում ոչ նորմալ աղբն են հավաքում, ոչ ջուր ունենք, հիմա էլ տրուբեքն են տրաքել, ոչ էլ կարգին տուն ունենք: Ես չեմ հասկանում, թե ինչի համար պետք է վճարեմ: Մինչեւ հիմա տվել եմ, բայց հիմա հարեւաններով որոշել ենք, որ էլ տան վարձ չենք տալու: Եթե պտի տանք ու մեր միջոցներով տունը սարքենք, էնա չենք տա ու դրանով մի բան կանենք»,-բողոքում է Էմմա Սուքիասյանը:

Այս շենքերի բնակիչները չեն համարվում ժամանակավոր կացարաններում ապրողներ եւ ընդգրկված չեն քաղաքապետարանի որեւէ ցուցակում: Ավելին' բնակիչներից շատերը սեփականաշնորհել են իրենց բնակարանները, ասել է թե' այլեւս քաղաքապետարանի հովանավորության ներքո չեն:

Քաղաքապետարանում հավաստիացնում են, որ նախորդ իշխանություններից Աշոտաբերդի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի պահպանվել: Սակայն մարզպետարանի փորձաքննական խումբը հաստատել է, որ շենքերը 25 տարվա պիտանելիության ժամկետ ունեն: Այսինքն' դեռ 10-ը տարի էլ կարող են ապրել: Թե ինչպես են նման եզրակացության հանգել, պարզ չէ: Հանձնախմբի անդամներն անգամ չեն մտել տներից որեւէ մեկը, հակառակ դեպքում նման եզրակացությունն ուղղակի թյուրիմացություն է: Ամեն դեպքում, քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն այս խնդիրը լուծել եւ առաջարկում են համատիրություն ստեղծել, որի օգնությամբ թաղամասն իր կարիքները կհոգա սեփական ուժերով: Համատիրություն ստեղծելու համար թաղամասը միջոցներ չունի: Մնում է միայն սպասել եւ հուսալ, եթե, իհարկե, փայտը այդքան դիմանա ...

Ցոլինե Միքայելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter