HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համաներումը չի ընդունի, պայքարում է արդարացման համար

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «նկատմամբ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի առաջին Հանրապետության»  անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներումը կիրառելի է, սակայն Բաբայանը չի պատրատվում ընդունել այն: Այսօր իր վերաբերյալ գործով դատական  նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ինքը` Բաբայանը: Վերջինս նշեց, որ պայքարելու է այնքան, մինչև արդարացվի ու վստահեցրեց, որ եթե իր վերաբերյալ կրկին մեղադրական վճիռ կայացվի,  դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին բեկանել էր Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:

Համաձայն մեղադրանքի` Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք` գումար ձեռք բերելուն:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել և պնդել են, որ դրանք շինծու են:

Առաջին ատյանի դատարանը Բաբայանի և մյուսների վերաբերյալ մեղադրական դատավճիռ էր կայացրել, որը նրանց կողմից բողոքարկվել էր: Վերաքննիչ դատարանը, սակայն, առաջին ատյանի վճիռը թողել էր անփոփոխ: Այս ընթացքում Սամվել Բաբայանն ու մյուսները գտնվում էին կալանքի տակ, և միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ազատ արձակվեցին ԱԱԾ մեկուսարանից:

Նշենք, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս դրա հիմքում դրել էր օպերատիվ  հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված ապացույցներ: Մեկ այլ գործի շրջանակներում ԱԱԾ-ն որոշել էր գաղտնալսել «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, և, ըստ գործի նյութերի՝ Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել և հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռևս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:

Վճռաբեկ դատարանը  Բաբայանի գործը բեկանելու որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, և նման պայմաններում  այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

Այսօրվա դատական  նիստին որպես Բաբայանի պաշտպան ներգրավվեց փաստաբան Արամ Ղլեչյան: Վերջինս միայն այսօր էր ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել Բաբայանի հետ, և պետք է դատարանից ստանար գործի նյութերը` դրանց ծանոթանալու  համար: Պաշտպանը դատարանին միջնորդեց պահանջել  Հրաչյա Մայիլյանին գաղտնալսելու վերաբերյալ նյութերը, որպեսզի հնարավորություն ունենա ամբողջ ծավալով ծանոթանալ Բաբայանի վերաբերյալ գործին, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ`որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի  26-ին:

Նշենք, որ Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործի քննության ամբողջ ընթացքում Բաբայանը հայատարարել է, որ իր դեմ պատվեր է տրվել, սակայն երբևէ  պատվիրատուի անուն չի նշել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք չի՞ ցանկանում այժմ բացահայտել իր դեմ պատվեր տվողի անունը: Ի պատասխան Բաբայանը նշեցմ  թե Հայաստանում մեկ մարդ էր պատվեր տալիս: Ճշտող հարցին՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասի՞ն է, Սամվել Բաբայանը կոշտ պատասխան տվեց.

 «Ես անուն-ազգանունը չեմ օգտագործում: Մարդ եթե կենդանի է լինում,  չեն տալիս նրա անուն-ազգանունը, մարդ եթե քո ուսերին գալիս է իշխանության,  հետո սկսում քեզ բանտերում պահել, էդ մարդուն մարդ չեն համարում, համարում են կենդանի ու վերջ ստեղ ի՞նչ կա չհասկանալու»,- ասաց Սամվել Բաբայանը:

Վերջինս նշեց նաև, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ ուժի չի սատարելու, հետևում է  ընդհանուր զարգացումներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter