HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վերականգնելով գույները. Նուբարաշենի հոգեբուժարանում

Ինչպե՞ս և ի՞նչ գույներով կնկարեիք ձեր կյանքը, եթե ունենայիք բոլոր 7 գույներով ներկելու հնարավորություն։ Ո՞ր գույնը կգերակշռեր։

Այս մասին սկսեցի մտորել, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատահաբար տեսա հոկտեմբերի 24-ին կայանալիք «Անսովոր պատկերներ» ցուցահանդեսի մասին գրառումը։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ՝ 8 հոգի, 1 տարի շարունակ իրենց մտքերն են հանձնել թղթին։ Եվ դրանք ցուցադրվելու էին։

Հետաքրքիր էր տեսնել ու հասկանալ այդ անսովոր պատկերները, հատկապես, երբ ցուցահանդեսին տեսա շատ ուրախ ու շատ սովորական հեղինակներին, ովքեր շրջում էին այցելուների մոտով և տեղեկացնում՝ այ, այս շարքը բոլորն իմ նկարներն են։

Հետագայում տեղեկացա, որ այս ցուցահանդեսն այն եզակի հնարավորություններից էր, որի շնորհիվ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկարչական խմբակի անդամները հնարավորություն էին ստացել դուրս գալ շենքից և հայտնվել հասարակության մեջ։


Պատկերների հետքերով գնալով՝ նկատելի էր մի բան, որ գույները միշտ չէ, որ հավասար են բաշխվում, բայց կարևորը քանակը չէ, այլ դրանցից օգտվելու կարողությունը։


Նկարչական խմբակը, որ գործում է շաբաթական երկու օր՝ երեքշաբթի և հինգշաբթի, մասնակիցների համար եզակի հետաքրքիր զբաղմունքներից է։ Իսկ հոգեբուժարանում ապրում է և ստացիոնար բուժում է ստանում 389 մարդ, ում համար 2018թ․-ին պետությունը հատկացրել է 794 մլն 746 հազար ՀՀ դրամ։

Նրանք ունեն գրադարան, բակում՝ մեկ ճոճանակ, մի քանի բաժանմունքում էլ՝ հեռուստացույց։ 

Հոգեբուժարանի սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանն ասում է, որ մոտ մեկ ամիս առաջ համերգ են ունեցել, որին իրենց «պացիենտները» մեծ սիրով են մասնակցել՝ երգել, պարել, նվագել, ասմունքել։

Երաժշտական գործիքներ դժվար են հայթայթել, այնուամենայնիվ, հաջողվել է կիթառ ու դուդուկ ճարել։

Երաժշտական գործիքների նման դժվար է եղել նաև գտնել բուժվողներից շատերի հարազատներին․ մի քանիսն են միայն կարողացել գալ համերգին։

Բայց, ամեն դեպքում, բուժվողները, հոգեբուժարանում մեզ ուղեկցող Ռուզաննա Զոհրաբյանին տեսնելով, մոտենում ու հարցնում են՝ էլի համերգ լինելու է, չէ՞, ես լավ արտասանեցի, չէ՞, իսկ տղաներից մեկն էլ ասաց. «Կլինի մյուս անգամ իմ գրած երգը երգեմ, որովհետև էդ իմ համար ավելի հասկանալի ա, ավելի լավ եմ էդ զգում»։

Նկարչական խմբակից ոմանք ասում են, որ պարել են սիրում․ երբեմն զբոսանքի ժամանակ աշխատակիցներն իրենց հեռախոսով երգ են դնում, ու իրենք պարում են։

Զբոսանքի են դուրս գալիս շաբաթական մի քանի անգամ՝ տաք եղանակին ավելի շատ, հիմա՝ հազվադեպ։ 

«Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Գոռ Գրիգորյանն ասում է, որ երկարատև բանակցությունների արդյունքում են կարողացել ստեղծել նկարչական խմբակը։

Ինքն ու իր ընկերները շաբաթական մի քանի ժամ հատկացնում են Նուբարաշենում գտնվող մարդկանց առօրյան մի փոքր գունավորելու համար։

Նկարչական պարագաներն ու նյութերը գնում են իրենց, ՀԿ-ի ու մի քանի անհատների միջոցներով։ Նյութերի սղության և հատկացված փոքր տարածքի պատճառով՝ առայժմ միայն նկարչությամբ են զբաղվում։

Խմբակի անդամներից մի քանիսն ասում են, որ մեծ սիրով կավով էլ կաշխատեին, բայց դեռ դրա հնարավորությունը չկա։

«Քանի որ իրենց մոտ տեսողական ինֆորմացիա չկա, այսինքն՝ իրենք զրկված են դրանից, թեկուզ՝ բնապատկերներ և այլն, մենք ֆոտոներով, կոպիաներով ցույց ենք տալիս։ Իրենք հիմա այն աստիճանի են հասել, որ կարողանում են ինքնուրույն ստեղծագործել,- ասում է Գոռը։- Իրենք լավ են զգում այդ պրոցեսի ու միջավայրը փոխելու ընթացքում։ Մեզ համար դա ավելի առաջնային է, որ իրենց համար զբաղվածություն ենք ստեղծում»,- եզրափակում է նա՝ հավելելով, որ ցուցահանդեսից հետո պարտավորված են զգում, որ տարվա մեջ գոնե մի անգամ նմանատիպ միջոցառում կազմակերպեն։

Հոգեբուժարանում բաժանմունքներն ունեն գրեթե նույն կառուցվածքը. տեսակցության սենյակ, ճաշարան, լոգարան, սանհանգույց, խոհանոց և ննջասենյակներ։

Տղամարդկանց մի քանի բաժանմունքներում, որտեղ եղանք, հեռուստացույց կար. կանանց բաժանմունքներից մեկում ասացին, որ իրենք էլ կուզենային գոնե մի հեռուստացույց լիներ, նայեին, քանի որ եղանակը վատն է, և շենքից դուրս գալ քիչ է հաջողվում։

Այստեղ գտնվող մարդիկ ունեն սոցիալիզացվելու և հետաքրքիր զբաղմունքներ ունենալու պահանջ: Այս դիտարկումը հաստատում է Նուբարաշենի հոգեբուժարանի կլինիկական հոգեբան Նարինե Պապյանը․

«Շատերն արդեն չունեն ընտանիքներ։ Իրենցով միայն զբաղվում են պետությունը, բժիշկներն ու մնացած անձնակազմը։ Նրանք ունեն սոցիալիզացիայի խնդիր։ Եվ արվեստը, նկարչությունը, երգը, պարը օգնում են իրենց։

Կան հիվանդներ, ովքեր գրում են բանաստեղծություններ, կան հիվանդներ, ովքեր երգում են, նվագում․ իրենք պրոֆեսիոնալ երաժիշտներ են, բայց տարբեր պատճառներով այստեղ են գտնվում և կարողնում են իրենց ինքնագնահատակը բաձրացնել արվեստում իրենց ստեղծածով։

Եվ սա օգնում է, որովհետև իրենք զգում են իրենց պետքական լինելը, քանի որ էստեղ իրենք իրենց միայնակ են զգում»։

Հոգեբանը շատ է կարևորում նաև, որ հիվանդների հարազատները երբեմն այցելեն։

Անետ Բիլյանը, ով «Անսովոր պատկերներ» ցուցահանդեսի համակարգողն էր և նկարչական խմբակի կամավորներից, ասում է, որ իրենց նպատակն է, որ կարողանան հոգեբանների և հոգեբույժների հետ մի ընդհանուր գիծ ձևավորել՝  հոգեկան առոջության խնդիր ունեցող մարդկանց աշխատանքները երկուստեք ուսումնասիրելու և աշխատանքի արդյունավետ մեթոդներ մշակելու համար։

«Այն պայմանները, որոնք հիմա հոգեբուժարանում են, ենթադրում են զբաղմունքի ոչ շատ մեծ շրջանակներ։ Նկարչության հետ կապված, ես մի շատ կարևոր եզրակացության եկա, որ երբ դու հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդուն տալիս ես առաջադրանք ու տալիս ես ինքնարտահայտվելու հնարավորություն, մեթոդներ ես մշակում, թե ոնց իր հետ աշխատես, ինքը յուրացնում է քո տված ինֆորմացիան ավելի շուտ ու ավելի շատ, քան այլ մարդիկ։ Որովհետև ինքն ավելի շատ ունի զբաղմունքի պակաս, սոցիալիզացվելու խնդիր։ Միգուցե իրենց զբաղվածության աստիճանից է, բայց իրենք կրկնակի ու եռակի շուտ են արձագանում քո տվածին»,- ասում է նա։

Նկարչական խմբակի մասնակիցները Չարենց, Սահյան, Տերյան են արտասանում, Ազնավուր են երգում, խոսում են Մինասից, Կոնչալովսկուց, Փարիզից և Ամստերդամից, որտեղ երբեք չեն եղել։

Հրաժեշտ ենք տալիս։ Հարցնում են, թե էլի կգանք։

Խոստանում ենք, որ՝ այո։

Գույները լինում են ներսում, գույները լինում են տարբեր՝ վառ, խամրած, չօգտագործվող, ու երբեմն էլ՝ անհավասար բաշխված։ Բայց դրանք անպայման լինում են։

Ի՞նչ գույներով կնկարեիք ձեր կյանքը, եթե ունենայիք բոլոր 7 գույներով ներկելու հնարավորություն։

Եվ ունենալով Նուբարաշենի հոգեբուժարանում ապրող 389 մարդկանց գունապնակը՝ ի՞նչ գույներով կնկարեիք։

 

 

տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի և Տաթև Խաչատրյանի

լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter