HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Երբ մարդուց խլում են սեփական հողը

«Մինչեւ 2003թ. քաղաքապետարանը հաստատել է, այդ թվում եւ դատարանում, որ մեր տան հասցեն եւ տարածքը գոյություն ունեն, գրանցված եւ օրինական են, բայց 2003թ.-ից հետո, երբ Երեւանի քաղխորհրդի Ճարտարապետության եւ քաղաքաշինության գլխավոր վարչության պետ Հ. Սարգսյանին փոխարինել է Սամվել Դանիելյանը, արդեն տունը չկա եւ ընդհանրապես չի էլ եղել»,-պատմում է Անթառամ Գրիգորյանը:

Կոնդ թաղամասի անօթեւան ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովը տարիներ առաջ Վոլոդյա Մարտիրոսյանին Կոնդի 1-ին թաղամասում նախագծով նախատեսված հողակտոր է հատկացրել, որտեղ Մարտիրոսյանն իր միջոցներով կարող էր բնակելի տուն կառուցել: Հողակտորը հաստատվել եւ գրանցվել է Կոնդ 1-ին թաղամաս, տուն 22 հասցեով: Վ. Մարտիրոսյանը 1996թ.-ին արդեն կիսակառույցով տարածքը վաճառել է Անթառամ Գրիգորյանին: Առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ա. Գրիգորյանը կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել: 2003թ. Ա. Գրիգորյանը որոշում է շարունակել շինարարությունը եւ դիմում է քաղաքապետարան, որտեղից նրան ուղարկում են թաղապետարան' շինթույլտվություն ստանալու: Նույն թվականի օգոստոսի 18-ին տրվում է շինթույլտվությունը: Հոկտեմբերին Անթառամ Գրիգորյանը փորձում է սկսել շինարարական աշխատանքները, սակայն հարեւան 42 տան բնակիչ Մարիետա Վասիլյանը դատարանի վճիռը ձեռքին ներկայանում է եւ հայտարարում, որ տվյալ հողակտորն օրենքով իրեն է պատկանում:

Պարզվում է, որ Մարիետա Վասիլյանը դիմել է առաջին ատյանի դատարան վաղեմության իրավունքով իր տանը կից 250 քառակուսի մետր մակերեսով հողակտորն իրեն հատկացնելու հայցով' պատճառաբանելով, որ 1989թ.-ից բացահայտ, բարեխղճորեն եւ անընդմեջ մշակել է հիշյալ տարածքի հողը, ծառեր տնկել, անցկացրել ջրամատակարարման համակարգ եւ մեծ գումարներ ծախսել: Վասիլյանի ասածն իսկապես համապատասխանում է իրականությանը: Սակայն դատարանն «անփութորեն» աչքաթող է արել մի փոքր հանգամանք, որն էլ այս պատմության պատճառն է հանդիսացել: Մարիետա Վասիլյանը դատարանից պահանջել է իր տանը կից տարածքը, այսինքն' իր բակը, որն իսկապես բարեխղճորեն արդեն տարիներ շարունակ մշակում եւ խնամում է: Դատարանը Վասիլյանի հայցը բավարարել է: Սակայն քաղաքապետարանի աջակցությամբ յուրացրել է նաեւ իր տան բակին կից տարածքը, այսինքն' 22 տան սեփականատիրոջը պատկանող հողակտորը, որը քաղաքապետարանը մտցրել է Վասիլյանին տրված հատակագծում: Եվ քանի որ հիշյալ երկու տարածքները քառակուսի մետրերով մոտավորապես համապատասխանում են իրար, ուստի դատարանում բավական հեշտ էր մեկը մյուսի փոխարեն անցկացնելը: Մանավանդ, որ դատարանն այդքան էլ հետամուտ չի եղել հայցադիմումի բովանդակությանը: Իսկ տվյալ տարածքում' 42 տան բակին կից հողակտորում, բացի շինարարական աղբից ոչինչ չկա: Այսինքն' 2003թ.-ից սկսած ողջ քաշքշուկը հենց այդ «կից» բառից է սկսվել:

«Չեմ կարծում, որ դատարանը տեղյակ չի եղել կատարվածից, քանի որ գոնե պետք է ճշտած լիներ պահանջը: Ներկայացվել է իր տանը կից մշակված տարածքը, սակայն քաղաքապետարանը հատակագծում նշում է իմ տան հասցեի տարածքը: Դատարանը պարզապես աչքը փակել է անօրինականության վրա»,-ասում է Անթառամ Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը դիմում է քաղաքապետարան հարցին օրինական լուծում տալու պահանջով:

Քաղաքապետարանի դիմումով Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում Վճռաբեկ դատարան' առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու պահանջով: Վճռաբեկ պալատը բեկանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկում Վերաքննիչ դատարան: Դատարանը կրկին հաստատում է Վասիլյանի օգտագործման իրավունքը: Դատական նիստի մասին տեղյակ չեն եղել, հետեւաբար եւ չեն մասնակցել ոչ Անթառամ Գրիգորյանը, ոչ էլ ամուսինը' Արայիկ Գասպարյանը: Գրիգորյանների պահանջը' իրենց ներգրավել գործում որպես երրորդ անձ, քանի որ, վերջ ի վերջո, իրենց տան մասին է խոսքը, քաղաքապետարանը մերժել է: Հետագայում բողոքներից «գլուխն ազատելու համար» Գրիգորյանի ամուսնու' Արայիկ Գասպարյանի պահանջով քաղաքապետարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարինե Դանիելյանը Գրիգորյանի փաստաթղթերը գործին կցելու համար ուղարկում է դատարան: Սակայն մինչ այդ քաղաքապետարանը դատարան է ուղարկում կեղծ հատակագիծ, որով Վասիլյանի պահանջած տարածքը ոչ մի առնչություն չունի 22 տան հասցեի հետ, ուստի Գրիգորյանի փաստաթղթերը որպես ապացույց լինել չեն կարող:

Հետագայում պարզվում է, որ քաղաքապետարանը Վասիլյանի օգտին կայացրած նախկին վճիռը բեկանելու պահանջով դատարան է դիմել ոչ թե այն հիմնավորմամբ, որ տվյալ տարածքները տարբեր են, եւ 22 տան սեփականատերն օրինական իրավունքներ ունի իր հողակտորի նկատմամբ, այլ այն պատճառաբանությամբ, որ թաղամասի փաստացի ձեւավորված իրավիճակում գրեթե բոլոր բնակելի տները կառուցված են հատակագծային շեղումներով, եւ թիվ 22 նախագծային տան տեղում ներկայումս ճանապարհ է անցնում, իսկ քննարկվող 250 քառ. մետր մակերեսով հողամասը, թաղամասի մանրամասն հատակագծային նախագծի համաձայն, գտնվում է նախագծային ճանապարհի վրա: Փաստորեն' քաղաքապետարանը հին հատակագիծ է ներկայացրել դատարան, որտեղ հստակ գծագրված է, որ Վասիլյանի պահանջած տարածքը' 22 տունը, ճանապարհի վրա է գտնվում: Հետաքրքիր է, որ հողակտորը Վասիլյանին հատկացնելիս այդ փաստը «վրիպել» է քաղաքապետարանի աշխատակիցների աչքից:

«Ճանապարհը երբեւէ փակ չի էլ եղել, ինչպես այժմ, 1996թ.-ին էլ նորմալ աշխատել է եւ ոչ էլ խանգարել է: Հետեւաբար, կիսակառույցը չէր կարող գտնվել ճանապարհի վրա: Այն ժամանակ, երբ հատկացրել են ու կադաստրում գրանցել, ճանապարհի վրա չի՞ եղել: Կիսակառույցի հիմքը 12 մետրից ավելի էր, ո՞նց են դա տեղավորում 5 մետրանոց ճանապարհի վրա: Ստացվում է, որ թաղամասի խորքը գնացող ճանապարհն ընդհանրապես այսքան տարի փակ է եղել: Բա մարդիկ ո՞նց են գնացել-եկել»,-ասում է Արայիկ Գասպարյանը: Համաձայն ներկայացված հատակագծի' կարելի է ենթադրել, որ 22 տուն հասցեն ընդհանրապես գոյություն չի ունեցել:

Ա. Գրիգորյանը դիմում է Վճռաբեկ դատարան Վերաքննիչ դատարանի' Վասիլյանի օգտին կայացրած վճիռը բեկանելու եւ դատավարության իրավունքի խախտումները պարզաբանելու պահանջով: Սակայն Վճռաբեկը 2004թ.-ին նրա պահանջը մերժում է' պատճառաբանելով, որ Գրիգորյանի սեփականության իրավունքը չի խախտվել, քանի որ նա 22 տան սեփականատերն է, իսկ խոսքը այլ հողակտորի մասին է:

Հետագայում, երբ ամուսինները քաղաքապետարանից պարզաբանում են պահանջել, թե ով է անստորագիր եւ «թարմ» գծագրված հատակագիծը ուղարկել դատարան, աշխատակիցներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել: Իսկ երբ բողոքել են կեղծ հատակագծի դեմ եւ իրական հատակագիծը պահանջել, քաղաքապետարանը պատասխանել է. «...քանի որ հիշյալ տարածքի նկատմամբ 42 տան բնակչի իրավունքներն են հաստատվել, նոր հատակագիծ տալ չենք կարող, իսկ եթե այս հատակագիծը դուրներդ չի գալիս, կարող եք պատռել ու շպրտել»: Գրիգորյանը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տեղեկատվական կենտրոն' ներկայումս փաստացի գլխավոր հատակագիծը ստանալու խնդրանքով, որտեղ հստակ երեւում է, որ 22 տունը ոչ նախագծային, եւ ոչ էլ գործող ճանապարհի հետ ընդհանրապես կապ չունի:

Ձեռքներին ունենալով Վճռաբեկի որոշումը, Կադաստրի ներկայացրած հատակագիծն ու սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթերը' Արայիկ Գասպարյանը որոշում է վերսկսել շինարարական աշխատանքները եւ դիմում է թաղապետարան շինթույլտվության ժամկետը երկարացնելու խնդրանքով: Թաղապետարանը Գասպարյանին պատասխանում է, որ նրանց շինթույլտվությունն ուժի մեջ է մինչեւ 2005-ի օգոստոսի 18-ը, հետեւաբար հանգիստ կարելի է սկսել շինարարական աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ժամանակ այս անգամ էլ Գասպարյանին է ներկայանում Վասիլյանի ազգականը' Կարեն Գեւորգյանը, որն ակնհայտ սկսում է ահաբեկել բանվորներին եւ Գասպարյանին ներկայանում որպես ՊՆ փոխնախարարի աշխատակազմի ղեկավար: «Նա մեզ հասկացրեց, որ դատարաններ դիմելն անիմաստ է, քանի որ տարածքն իրեն է հարկավոր: Հետո էլ ավելացրեց, թե ուր էլ այս գործը հասնի, միեւնույն է' տարածքն իրենն է լինելու»,- պատմում է Արայիկ Գասպարյանը: Միայն ոստիկանների միջամտությամբ Գասպարյանը կարողանում է սկսել շինարարական աշխատանքները:

Վասիլյանը նորից դիմում է դատարան' հայցում նշելով, թե Գրիգորյանի շինթույլտվությունը չի բխում օրենքի պահանջներից, քանի որ չկա հողահատկացման վերաբերյալ որեւէ որոշում կամ պայմանագիր: Իսկ հիշյալ շինթույլտվությունը տրված է վեցամսյա ժամկետով 08.08.03թ.-ին, հետեւաբար տվյալ հասցեում Գրիգորյանը շինարարական աշխատանքներ կատարելու իրավունք չունի: Եվ ք անի որ մինչ այդ Անթառամ Գրիգորյանը դիմել էր դատարան վիճելի տարածքում գրանցումներ չկատարելու պահանջով, Վասիլյանին սեփականության իրավունք չեն տվել, ուստի Վասիլյանը հայցում պահանջել է նաեւ անվավեր ճանաչել Գրիգորյանի սեփականության իրավունքի փաստաթղթերը եւ առուվաճառքի պայմանագիրը:

Դատարանը բավարարում է Վասիլյանի հայցը: Նշենք, որ մինչ այդ որեւէ դատական վճռում 22 տան հասցեն նշված չի եղել, քանի որ, Վասիլյանի պնդմամբ, այդ հասցեն գոյություն չունի, բայց դատարանի նոր վճռում արգելք է դրվում հենց 22 հասցեի տան վրա: Օգոստոսի 10-ին, երբ Գրիգորյանի շինթույլտվությունը դեռ օրինական ուժի մեջ էր (ժամկետը լրանում էր օգոստոսի 18-ին ) , ԴԱՀԿ-ն կանգնեցնում է նրանց շինարարական աշխատանքները: «Ինչպե՞ս պատահեց, որ Վճռաբեկ պալատն ասում է 22 տան հասցեն Գրիգորյանի սեփականությունն է, Վասիլյանին իր տանը կից տարածքն են տալիս, իսկ առաջին ատյանի դատարանի որոշմամբ կասկածի տակ է առնվում Վճռաբեկի որոշումը, եւ կալանքի տակ դրվում մեր հասցեն: Ոչ մեկը չի ուզում պատասխան տալ այս ապօրինությունների համար»,-ասում է Արայիկ Գասպարյանը:

Անթառամ Գրիգորյանը նորից դիմել է Վերաքննիչ դատարան' 22 տան հասցեի նկատմամբ իրենց իրավունքները վերականգնելու հայցով:

Հունվարի 16-ին Վերաքննիչ դատարանը լսեց Անթառամ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը: Դատավարությանը չէին ներկայացել ոչ պատասխանող կողմը, ոչ էլ քաղաքապետարանի ներկայացուցիչը: Դատավոր Թումանյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանը միջնորդել է դատավարությունն անցկացնել առանց իրենց: Մինչ դատական նիստի սկիզբը Լուսինե Ավագյանը դատարանի շենքում էր:

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Ռ. Ղազարյանի ներկայությունն էլ գրեթե ոչնչով օգտակար չեղավ, քանի որ դատավորի բոլոր հարցերին պատասխանում էր. «...կոնկրետ չեմ կարող ասել, հիմա լավ չեմ հիշում, հասցեի տեղը մենք չգիտենք» եւ այլն, իսկ հայցվորի հարցերին հրաժարվում էր պատասխանել' պատճառաբանելով, որ փաստաթղթերում ամեն ինչ ասված է: Սակայն 22 տան հասցեի մանրամասն հատակագիծն Անթառամ Գրիգորյանին հենց Կադաստրի Տեղեկատվական կենտրոնն է տվել: Նիստի ընթացքում Անթառամ Գրիգորյանի արած բոլոր միջնորդությունները մերժվեցին: Ի վերջո, մոտ 15 րոպե խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո դատավորներն արդեն մեքենագրված վճռով ներկայացան դահլիճ եւ ամբողջությամբ մերժեցին հայցը:

Անթառամ Գրիգորյանը կրկին դիմել է Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter