HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Առաջարկ նախարարին». ընթերցողներին պատասխանում է Լիլիթ Մակունցը

«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների` մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին ուղղած հարցերը և առաջարկները պատասխաններով:


Ընթերցող. Հարգելի տիկին Մակունց, Վանաձորի Արցախ պուրակում, որը հանդիսանում է հուշարձան, կատարվում է շենքի կառուցապատում. ո՞ր օրենքներին հիմնվելով է թույլատրվել այդ շինարարությունը, ո՞ր օրենքով է հուշարձանի տարածքը օտարվել։ Շնորակալություն։

Լիլիթ Մակունց. Հուշարձանի փոփոխության վերաբերյալ լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա կառուցապատման թույլտվություն տալիս է մարզպետարանը։ Նման շինարարական աշխատանքների (հուշարձանի փոփոխություն) կատարման դրական եզրակացություն մշակույթի նախարարությունը չի տվել, քանի որ կառուցապատողը նշված հարցով լիազոր մարմնին չի դիմել, սակայն պարտավոր էր։ Հուշարձանի օտարման հարցում մշակույթի նախարարությունը համաձայնություն չի տվել։

Ընթերցող. Հարգելի տիկին Մակունց, նախ շնորհավորում եմ պաշտոնավարման պատասխանատվություն ստանձնելու առիթով և մաղթում բեղուն աշխատանք:

Այս առաջարկը տարբեր նախաձեռնողների կողմից ներկայացվել է թե մշակույթի նախարարներին, թե Երևանի քաղաքապետերին, բայց մինչ օրս ոչ մի տեղաշարժ չկա այս հարցով: Խոսքը վերաբերում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տանը: Առաջարկում ենք, որ Արամ Մանուկյանի տունը վերածվի տուն թանգարանի, որը կլուսաբանի Հայոց պետականությանը վերաբերվող բոլոր ժամանակաշրջանների տեղեկությունները՝ հիմնականում պատմաքաղաքական ասպեկտով:

Հայաստանում չունենք մի կառույց, որը կզբաղվի հայկական քաղաքական մտքի, մշակույթի ու փիլիսոփայության հարցերով: Չունենք լուրջ քաղաքական վերլուծական կենտրոն՝ ինստիտուտ: Առաջարկում ենք նաև, որ Արամ Մանուկյանի տուն թանգարանին կից ձևավորվի և գործի վերոնշյալ պատմաքաղաքական վերլուծական ինստիտուտը: Կարծում ենք՝ դրա կարևորության հիմնավորման համար շատ ասելիք չկա: Միայն այն, որ հայկական քաղաքական պատմական փորձի վերլուծությունն ու ներկա քաղաքական գործընթացներում հաշվի առնելն ու կիրառելը արդեն իսկ մեծ օգուտ կտա պետականության առավել կայացման գործին, արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի: Պատմաքաղաքական ինստիտուտ-թանգարանը նաև կարող է իր մեջ ներառել 2018թ. ապրիլյան հեղափոխությանը վերաբերող թե թանգարանային անկյուն, թե վերլուծական գործունեություն:

Լ. Մակունց. Մշակույթի նախարարությունը չի առարկում կառույցը տուն-թանգարանի վերածելու և վերջինիս կից պատմաքաղաքական վերլուծական ինստիտուտ գործելու առաջարկությանը և այն համարում է ընդունելի։ Քանի որ Արամ Մանուկյանի տունը մասնավոր սեփականություն է, ապա նշված առաջարկը պետք է քննարկվի սեփականատիրոջ հետ, և վերջինիս կողմից առաջարկն ընդունելու դեպքում՝ առաջարկը ներկայացվի լիազոր մարմնի համաձայնեցմանը։

Ընթերցող. Տիկին Մակունց, ցմահ ազատազրկվածների համար կարծես թե միշտ փակ են եղել մշակույթի նախարարության դռները ՝ ծրագրերը։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր զբաղվում են տարբեր ստեղծագործական աշխատանքներով։ Այստեղից պարզ է դառնում, որ անկախ ճաշակի կամ լավ արվեստի նկատմամբ ունեցած հավակնության աստիճանից՝ որոշ ցմահականների մեջ կա ձգտում առ արվեստը, պոտենցիալ։ Առաջարկում եմ Ձեզ, որ նրանց նույնպես որոշ ծրագրերի մեջ ներառեք, նաև, որ նախարարության ներկայությունը ներդնեք ցմահ ազատազրկվածների կյանքում, որից կշահի միայն ՀՀ-ն։ Շնորհակալություն։

Լ. Մակունց. Մշակույթի նախարարությունը մշտապես իրականացնում է հասարակության տարբեր խոցելի խմբերի համար ներառական ծրագրեր։ Համապատասխան շահագրգիռ պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրային հայտեր ներկայացնելու պարագայում պատրաստակամ ենք աջակցել դրանց իրականացմանը։ 

Ընթերցող. Առաջարկում եմ դիմել հեռուստառադիոկոմիտեին՝ առաջարկելով որոշ հեռուստաալիքների եթերը բաժանել երկու կամ երեք լրատվական հեռուստակայանների միջև՝ այդպիսով հանրային եթերից դուրս մնացած հեռուստակայաններին հնարավորություն տալով վերսկսել իրենց գործունեությունը:

Լ. Մակունց. Հեռուստաեթերի տրամադրման, ինչպես նաև հեռուստաալիքների բաշխման հարցը դուրս է մշակույթի նախարարության իրավասությունների և լիազորություննների շրջանակներից, հետևաբար առաջարկը պետք է ուղղել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

ԸնթերցողԱռաջարկում եմ քայլեր ձեռնարկել, որ արգելվի մեքենաների մուտքը և կայանումը Օպերայի շենքի և Կոմիտասի անվան երաժշտության տան (Իսահակյան 1, ք. Երևան) հարակից տարածքի այգու մեջ. անհրաժեշտության դեպքում փողոցում գտնվող կայանատեղերը ամրագրել այդ հաստատությունների համար:

Լ. Մակունց. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարակից տարածքում ավտոկայանման հարցը պետք է ուղղել Երևանի քաղաքապետարանին:

Ընթերցող. Առաջարկում եմ կայք ստեղծել՝ մշակութային նշանակություն ունեցող բոլոր (առնվազն՝ պետական ֆինանսավորմամբ գործող) կազմակերպությունների հանրային միջոցառումների միացյալ ցանկով:

Լ. Մակունց. Մշակույթի նախարարությունը իր պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում պարտադիր կարգով տեղադրում է տեղեկատվություն նախատեսվող մշակութային միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև գործում են www.tomsarkgh.am և www.toms.am կայքերը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter