HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Տեսողական խաբկանք

Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններին բոլոր ուժերն ու դաշինքները, վերլուծաբաններն ու ընտրողները մեկ հարցում համերաշխ են՝ առաջին տեղում, ձայների էական տարբերությամբ, լինելու է «Իմ քայլը» դաշինքը:
Դա այդպես է, սակայն կա կարևոր հանգամանք՝ ի՞նչ մոտիվացիայով են ընտրողները քվեարկելու «Իմ քայլ»-ի օգտին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն, ամեն դեպքում, այսպես հիմնավորեց. «Ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց հասկանա, որ այս ընտրությունն ինքը կատարելու է նաև հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի»:
Եվ այս սկզբունքով էլ առաջնորդվելու են «Իմ քայլը» դաշինքի ընտրողները. իրենց ձայնը տալու են հօգուտ Փաշինյանի վարչապետության:
Ձայնը տալու են՝ ակնկալելով, որ վարչապետը հաշվետու կլինի ընտրողների, ՀՀ քաղաքացիների առաջ, կկատարի այն խոստումները, որոնք այս կամ այն առիթով հնչեցրել է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձանագրեց.
«Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության»:
Ոչ ոք չի կարող վիճարկել, որ չափազանց կարևոր են ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից և ազատ ընտրությունների համար քաղաքական միջավայր ստեղծելը: Իսկ բացթողումներ ու չկատարած խոստումներ չկա՞ն: Եթե կան, ինչու՞ այդ մասին չասվեց:  
Սեփական բացթողումներին, սխալներին անդրադառնալը անհրաժեշտ են, քանի որ ընտրողները դրանով կարող են հասկանալ՝ որքանով իշխանությունը չի կորցրել իրականության զգացողությունը, որքանով է սթափ գնահատում իր կատարած աշխատանքը, և որքանով է ընդունակ արձանագրել  բացթողումները:

Կան սկզբունքային հարցեր, որոնց պատասխաններն ընտրողների գոնե մի մասին հետաքրքրում են:

Հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը պետք է լիներ օլիգարխների զրո ներկայությունն իշխանական համակարգում:
Քաղաքական իրադարձություններն այնպես են դասավորվել, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր է ստորագրում: Մամուլում տպվեց նաև այն օլիգարխների գաղտնի ցանկը, որոնց անուններն ինչ-որ կերպ առնչվում են Մարտի 1-ի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վարչապետ ընտրվելուց հետո կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված՝ հասարակությանն առաջարկել ընկալելի լուծումներ: Լուծումներ, իհարկե, առաջարկվեցին, սակայն կառավարությունը նեղություն չքաշեց պարզելու՝ դրանք արդյո՞ք «հասկանալի էին հանրությանը»:

Խնդիրն այն է, որ կոնկրետ խոստումներ ոչ միայն չեն կատարվել, այլև դրանց չկատարման պատճառներին որևէ անդրադարձ չի լինում:  

Իհարկե, հասկանալի են բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, բայց և ակնհայտ է նաև սուբյեկտիվ վերաբերմունքը որոշ հարցերի նկատմամբ: 

Այն տոկոսները, որոնք կստանա «Իմ քայլը» դաշինքը, առյուծի բաժնով Նիկոլ Փաշինյանին հայտնած վստահությունն է: Դա շատ թանկ, սակայն սպառման ենթակա կապիտալ է:

Անձնական համակրանքը, հեղափոխության օրերի հաճելի հուշերը, երթերն ու ժողովրդի արագ մոբիլիզացիան ևս ընտրություն կատարելու գործիքներ են, սակայն հաշվետվողականությունը ՀՀ քաղաքացիներին, նաև սխալների ու բացթողումների մասին խոսելու կամքը ընտրողների հետ ազնիվ լինելու երաշխիքներից են:

Ընտրողներ են նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն դեռևս անպատասխան շատ հարցեր, և նրանց ձայները ևս կարևոր են ու որոշիչ: Գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պայմաններում անգամ կարելի է նկատել հարցական այդ հայացքները:
Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները և պնդեց, որ Լուսնի մակերևույթը ծածկված է լեռներով ու խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի և Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց «տեսողական խաբկանք»՝ երկար տարիներ հալածելով գիտնականին:

Իսկ Գալիլեյի առաջարկին, թե, այնուամենայնիվ, նայեք դիտակով և դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի ներկայացուցիչները, ինչպես պատմությունն է փոխանցում, պատասխանել են. «Իսկ մենք չե՛նք ուզում նայել»:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter