HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Համբերության բաժակը լցվել էր

Ազատազրկում հայրական ապտակի համար

«Եթե հիմա նրա ստի, տանից փախչելու կամ գողություն անելու դեմը չառնեի, մի քանի տարի հետո ոչ կարգին ուսում կստանար, ոչ էլ կարգին ապագա կունենար։ Մի օր էլ կբռներ հանցագործ ուղին եւ, ի վերջո, կհայտնվեր բանտում, իսկ աղջկա տեղը կալանավայրում չէ, եւ ոչ էլ փողոցում: Ո՞ր մի ծնողը գոնե մեկ անգամ իր երեխային խրատելու համար չի ապտակել։ Գուցե չափն անցել եմ, պետք է ավելի հանդուրժող լինեի, բայց նրա լավի համար եմ արել։ Եթե մեղավոր եմ, ապա միայն իմ երեխայի առջեւ, բայց ոչ երբեք դատարանի»,-ասում է Վարուժան Չիթչյանը:

Վարուժան Չիթչյանը տարիներ առաջ Ռուսաստանում ամուսնանում է ազգությամբ ռուս մի կնոջ հետ, որից աղջիկ է ունենում: 1998թ.-ին կինը լքում է երեխային: Չիթչյանը վերցնում է Ժաննային ու վերադառնում Հայաստան: Այս տարիների ընթացքում նա միայնակ իր ուսերին կրել է ոչ միայն գումար վաստակելու, այլեւ կենցաղային բոլոր հոգսերը: Դրան զուգահեռ Վարուժանը հետեւողական է եղել նաեւ երեխայի դասերի նկատմամբ: Մինչեւ 5-րդ դասարանը Ժաննան հորը երբեւէ անհանգստանալու առիթ չի տվել: Սակայն հետո Ժաննայի վարքն իսկական ողբերգություն է դարձել Վարուժանի համար: Բացի ցածր գնահատականներ ստանալուց, երեխան սկսել է նաեւ առանց հորը զգուշացնելու տանից երկար ժամանակով բացակայել, ստել, նույնիսկ հարազատներից գումար գողանալ: Սարսափահար Վարուժանը դիմում է իրենց համայնքի ոստիկանության անչափահասների տեսուչին, հետո Ժաննայի հետ միասին սկսում այցելել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգեբաններին: Սակայն ...

2005թ.-ի հուլիսի 11-ին Վարուժանն աշխատանքից վերադառնում է տուն շատ բարկացած. դեռ մի քանի օր առաջ իմացել էր Ժաննայի կատարած գողության մասին։ Չէր խոսել դստեր հետ կատարվածի մասին, սակայն ամենայն խստությամբ պատվիրել էր տանը մնալ: Ժաննան տանը չի լինում եւ վերադառնում է բավականին ուշ: Հոր եւ աղջկա միջեւ վեճ է սկսվում: Վարուժանը դուրս է գալիս հավասարակշռությունից ու ապտակում երեխային, հետո վերցնում ձեռքի տակ ընկած հեռախոսի լարը եւ մի քանի անգամ հարվածում ձեռքերին ու ոտքերին: «Մոտ 10 րոպե բարկությունս չէր անցնում: Ինքս ինձ խոսելով' գնում էի սենյակից սենյակ ու մեղավորներ փնտրում»,-պատմում է Վարուժանը: Հոր բարկությունից վախեցած Ժաննան փախ չ ում է տանից ու ապաստանում իրեն լավ ծանոթ ՀՕՖ-ի «Երեխաների ընդունման, կողմնորոշման կենտրոնում»: Հաջորդ օրը կենտրոնից զանգում եւ հորը տեղեկացնում երեխայի գտնվելու վայրի մասին: Հուլիսի 13-ին Վարուժանն այցելում է դստերը: Սակայն ՀՕՖ-ի տնօրեն Սարգիս Մովսիսյանը գործում առկա փաստաթղթերում հետագայում գրում է, որ նրանք բերման են ենթարկել Վարուժան Չիթչյանին: Մոտ 1 շաբաթ հետո նրանք հաշտվում են, սակայն Ժաննան հորը խնդրում է մինչեւ ամսվա վերջ մնալ կենտրոնում: Վարուժանը համաձայնվում է: Հուլիսն ավարտվում է, սակայն Ժաննային չեն թողնում տուն' պատճառաբանելով, որ քննիչը դեռ պետք է խոսի երեխայի հետ: «Սկզբում լավ էր, երեխաների հետ էի շփվում: Հետո էլ ասացի, որ կարոտել եմ պապային, տուն եմ ուզում, չէին թողնում, ասում էին' քննիչը կգա, հարցեր կտա, նոր կգնաս ... »,-պատմում է 12-ամյա Ժաննան:

Հուլիսի 28-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Ա. Գ. Ղազարյանը ՀՀ Քր.օր-ի 117 հոդվածով (առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք պատճառել) հարուցված քրեական գործը հանձնում է քննիչ Տիգրան Մուրադյանին: Նշենք, որ հոդվածը նախատեսում է տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ երկամսյա կալանք: Քննիչ Մուրադյանը օգոստոսի 9-ին հարցաքննում է եւ Ժաննային, եւ Վարուժանին: Երկուսն էլ իրենց ցուցմունքում նշում են, որ ներել են միմյանց եւ հաշտվել: Դրա մասին են վկայում նաեւ Կենտրոնի հոգեբաններն ու մանկավարժները: Եվ քանի որ այս հոդվածով հաշտության դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է, իսկ գործը' կարճվում, դա ձեռնտու չէր քննիչ Մուրադյանին. նա որոշում է մանրամասն «հետազոտել» գործը։ Ի վերջո, չնայած նրան, որ բժշկական փորձագիտության մեջ նշվում է' թեթեւ մարմնական վնաս, առողջության կարճատեւ քայքայում, Մուրադյանը գալիս է այն եզրակացության, որ Վարուժան Չիթչյանը «դիտավորյալ կամեցել է ուժեղ ցավ, մարմնական եւ հոգեկան տառապանք պատճառել եւ առանձնակի դաժանությամբ խոշտանգել իրենից նյութական եւ այլ կախվածության մեջ գտնվող անձին»: Օգոստոսի 12-ին Ժաննային ուղարկում են ճամբար: Հորն ասում են, թե այդպես լավ կլինի Ժաննայի համար: Այդ ընթացքում քննիչ Մուրադյանը Չիթչյանին զրույցների ընթացքում ակնարկում է, որ մի կլորիկ գումարով խնդիրը կլուծի, հակառակ դեպքում նրան սպառնում է 3 տարի ազատազրկում: Վարուժանը կտրականապես հրաժարվում է որեւէ գումար տալ քննիչին: Քանի որ Մուրադյանի ծրագրերը ձախողվում են, օգոստոսի 31-ին Ժաննային վերադարձնում են հորը: ՀՕՖ-ի տնօրեն Սարգիս Մովսիսյանը գրում է, որ Ժաննան հաշտվել է հոր հետ եւ վերադառնում է տուն, իսկ իրենք պարտավոր են այս պատահարի մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Այնինչ ոստիկանները հենց սկզբից էլ տեղյակ են եղել եւ հենց քննիչի ներկայությամբ եւ թույլտվությամբ են Ժաննային հանձնել հորը: Սեպտեմբերի 15-ին Ժաննայից վերցրած բացատրությունում այնքան ակնհայտ է երեւում ձեռագրերի տարբերությունը, որ անզեն աչքով կարելի է հասկանալ, թե որ մասն է գրել քննիչը, որ մասը՝ Ժաննան։ Երեխան գրել է միայն վերջին երեք տողը, որտեղ ասվում է, որ ամբողջը գրվել է սեփական ձեռքով եւ կամքով ու համապատասխանում է իրականությանը։ Գործում առկա է նաեւ ոմն փաստաբան Ռուբեն Էդիկի Խոջեյանի լիազորագիրը, որն իբր ներկա է եղել Վարուժանի ցուցմունք տալու ժամանակ։ «Նման մարդ չի եղել ինձ հարցաքննելու ժամանակ, չեմ էլ ճանաչում՝ ով է: Ինչ թուղթ ուզել, պատրաստել են, ոնց ուզել, գրել են ու որակել»,-ասում է Չիթչյանը:

Գործն ուղարկվում է Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարան, որն էլ Չիթչյանին դատապարտում է 3 տարվա ազատազրկման: «Դեկտեմբերի 1-ին կանչեցին դատարան, մի քանի դատական նիստ արդեն եղել էր, կարդացին վճիռն ու ձեռքս տվեցին: Տեսա, որ վճիռը նոյեմբերի 30-ին է կայացվել: Ասացի' լավ, ինձ նստացնում եք, հասկացանք, բա երեխա՞ն, վճռի մեջ ոչինչ չկա գրված: Ասացին' մի անհանգստացիր, երեխայի մասին մենք կմտածենք, դու Վերաքննիչ դիմիր»:

2006թ.-ի հունվարի 27-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ Վարուժան Չիթչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով, իսկ որպես պատժի միջոց պայմանական նշանակեց փորձաշրջան' 3 տարի ժամկետով: Նիստի ավարտից հետո դատավոր Հովհաննիսյանն ասաց, թե իրենք հենց սկզբից էլ որոշել էին պայմանական պատիժ նշանակել Չիթչյանին. « ... հո երեխային մանկատուն չէի՞նք հանձնի, բա ամոթ չի՞, նման հարցերը պետք է տանը լուծվեն, հակառակ դեպքում մարդու իրավունքների պաշտպանի գործն է, բայց ոչ երբեք դատարանի, համբերատար եղեք միմյանց հանդեպ եւ համերաշխ ապրեք ... »:

Վարուժան Չիթչյանին չի բավարարում այս դատավճիռը: Նա պատրաստվում է դիմել Վճռաբեկ պալատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter