HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներումն օրական տասնյակ մարդկանց է միավորում ընտանիքների հետ:

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Համարյա ամեն օր մարդ է ազատվում կլոր բանտից: Այդ լավ լուրը ծափերից ու ազատություն-ազատություն ուրախ վանկարկումից եմ իմանում: Համաներումն օրական տասնյակ մարդկանց է միավորում ընտանիքների հետ: Ազատություն եմ մաղթում բանտերում դեռ մնացողներին, ազատության ու արդարության համար տասնյակ տարիներ պայքարողներին: Համոզված եմ՝ ոչ մի գրագետ պայքար չի կարող անարդյունք մնալ:

Օրեր առաջ հյուրեր ունեի: Լրագրող և օպերատոր Civilnet.am կայքից: «Կարդալով մեծերին» հաղորդաշարի շրջանակներում որոշել էին նկարահանել իմ ասմունքը: Արտասանում էի Եղիշե Չարենցի «Ո՞վ կհանդիպի» բանաստեղծությունը: Շնորհակալություն Civilnet-ի խմբագրակազմին, հաղորդման հեղինակ և օպերատոր երկու Գևորգներին, ովքեր երկար ու մանրակրկիտ աշխատեցին ինձ հետ, նրանց հետ նաև բանտի պետի տեղակալ պարոն Մարտիրոսյանը համբերատար աշխատում էր... շնորհակալ եմ:

Էլի նորություն ունեմ. անցած գիշեր սկսեցի գրել նոր գրքիս առաջին էջը: Ինը տարի այն իմ մեջ էի ամփոփում: Սիրո մասին է նոր գիրքը, բացառապես իրական պատմություն՝ իրական հերոսներով: Գրքի միս ու արյունը ինը տարվա ընթացքում հավաքված ու բազմաթիվ անգամներ վերընթերցված, ինձ չնահանջելու ուժ տված նամակներն են, որոնք այս տարիներին խնամքով հավաքել ու ըստ ժամանակագրության, դասավորել եմ հաստափոր թղթապանակներում:

Մտածել եմ՝ գիրքը կգրեմ, հետո ինքս կթարգմանեմ ռուսերեն: Կուզեմ այս անգամ անգլերենով էլ լինի, քանի որ որպես ֆիլմ եմ այն պատկերացնում նաև: Համոզված եմ, եթե մեր` հայ կինոռեժիսորները ֆինանսական դժվարությունների պատճառով չկարողանան նկարել, ապա արտերկրում հաստատ կդառնա արտասովոր սցենարով ֆիլմ, ֆիլմ Հրաշքի մասին, որը սովորաբար հանդիպում է միայն հեքիաթներում, իսկ իմ կյանքում, ասես, մանկության իրականացած երազանք լինի… սկսել եմ մանկությանս մի իրական դրվագից, որը այս 22 տարիներին պարբերաբար հիշել եմ այստեղ: Հազիվ 8-10 տարեկան երեխա էի, երբ մեր տան խալու վրա կռիվ էի տալիս աներևույթ ուժերի հետ, հետո ընկնում ու պարզ տեսնում՝ մի աղջիկ, որը ինձ է նայում, հետո մոտենում, ջուր տալիս ու ես ուժ եմ ստանում, վեր թռչում տեղիցս ու հաղթում անտեսանելի ուժերին:

Գրքում կլինեն նաև մեր վարդագույն քաղաքի հայտնի Մարդիկ, հիմնականում արվեստագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բայց ոչ միայն: Նրանք իրենց ուրույն դերն ու տեղն ունեն Սիրո և պայքարի մերօրյա շարունակվող սիրուն, բայց տառապանքներով լի պատմության մեջ:

Խցում պահվող նամակներում, բացի զուտ սիրո ու տառապանքի, սպասումների ու հավատի, երազանքների ու նպատակների տարիներ դարձած ակնթարթներից, իրենց գաղտնի թաքստոցն են գտել այս տարիների պայքարի բազմաթիվ հանդիպումների մասին հուշեր, մանրամասներ: Բոլորդ կիմանաք, թե մեր քաղաքի, նաև օտար երկրներում բնակվող մեր հայրենակից Մարդիկ ոնց են թակել բազմաթիվ պետական դռներ, որ հազար կողպեքով փակված են եղել: Բայց գտնվել են նաև դատախազներ, դատավորներ և բարձրաստիճան այլ այրեր, որոնց դեմքը լուսավորվել է բարի ժպիտով, քանի որ, ինչպես գրել եմ պատմվածքներիցս մեկում. «Բոլորին Սիրտ է պետք, սիրող Սիրտ…»:

Եվս մեկ նորություն. տնեցիներն ինձ փոխանցեցին, որ Երևանի մի քանի գրախանութներից իմ գրքերից են ուզում, մարդիկ ցանկանում են գնել, բայց ոչ մի օրինակ արդեն չկա:

Որոշել ենք վերջին գիրքը` «Զգացմունքների պետությունը», որն իմ ստեղծագործությունների ժողովածուն է, վերատպագրել: Կարծում եմ՝ հունվարին տպագրված կլինի՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ պատրաստ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter