HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միգրացիոն ծառայությունում քննարկվել են Ադրբեջանից տեղահանված անձանց հարցերը

Ադրբեջանից տեղահանված անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղություններն այսօր քննարկվեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Ադրբեջանահայ փախստականություն։ Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (Պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» խորագրով գիտա-գործնական գիտաժողովի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտեց, որ Ադրբեջանից տեղահանված փախստականության հարցն առանցքային է իր գործունեության համատեքստում և որ պաշտոնավարման առաջին իսկ ամիսների ընթացքում ուրվագծել է առկա խնդիրների լուծման մի քանի սցենարներ։ «Մենք նկատել ենք, որ սոցիալական վարկավորման տարբերակն, օրինակ, այնքան էլ միանշանակ չընկալվեց մեր շահառուների շրջանում, բայց դրանք գրասենյակում մտածված ինչ-որ գաղափարներ չեն, այլ Ադրբեջանից տեղահանված մեր հայրենակիցների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում են ծնվել»,-նշեց նա։

Ղազարյանի խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկն էլ իրավասու անձանց շրջանում հարցի վերաարժևորումն է. «Այս խնդիրը հիմնականում լուծված, կիսալուծված և փակված էր համարվում, և հույժ կարևոր է դրա մասին հիշեցնելն ու այն կրկին օրակարգ ներմուծելը»,-ասաց նա։  

Ի պատասխան Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, ադրբեջանահայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հարցադրումների՝ ՄԾ պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց Շիրակի փողոցում տեղակայված հանրակացարանում տարվող ընթացիկ աշխատանքները, փախստականներին վերաբերող թվերի ու փաստերի թափանցիկությունը ու դրանք, ըստ օրենքի, տրամադրելու պատրաստակամությունը, ինչպես նաև հավանություն տվեց բարձրացված խնդիրների քննարկման նպատակով աշխատանքյաին խումբ ստեղծելու գաղափարին։

Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter