HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանում սեռական շահագործման են ենթարկել ուկրաինուհիների

2005թ. հուլիսին Ուկրաինայի բնակչուհիներ Վիկտորյա Լուկյանենկոն եւ Տատյանա Մալաշենկոն ժամանում են Երեւան՝ գիշերային ակումբում մերկապարուհի աշխատելու միջոցով գումար վաստակելու, թեեւ մերկապարով նախկինում չէին զբաղվել: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում է Մասիս քաղաքում գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանը, որը, նախնական համաձայնության գալով Ուկրաինայում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացի Աշոտ Հովսեփյանի հետ, վերջինիս խնդրել էր մերկապարուհիներ հավաքագրել:

Մատուցած ծառայության համար Սոս Մելիքսեթյանը Աշոտ Հովսեփյանին յուրաքանչյուր պարուհու համար խոստացել է 150 դոլար, իսկ աղջիկներին առաջարկել է համապատասխան աշխատանքային պայմանագրով յուրաքանչյուր ամիս 700-ից 1000 դոլար վճարել:

«Ընկերուհուս՝ Յուլյա Մագալյասի միջոցով ծանոթացել եմ Աշոտ Հովսեփյանի հետ, որը որպես միջնորդավճար յուրաքանչյուր ամիս 100 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով առաջարկեց մեկնել Հայաստան եւ 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով մերկապարուհի աշխատել գիշերային ակումբում: Աշոտը հայտնեց, որ փոխադրման, ապրելու, սնվելու ծախսերը կհոգա ակումբի ղեկավարությունը, որը որեւէ կերպ չի սահմանափակի իմ իրավունքները եւ ցանկության դեպքում հնարավորություն կտա անարգել վերադառնալ հայրենիք: Մերկապարի հետ առնչություն չունենալով' նյութական ծանր վիճակից ելնելով համաձայնեցի 2 ամիս աշխատել»,-պատմում է 16-ամյա Վիկտորյա Լուկյանենկոն:

Սեպտեմբերին Աշոտ Հովսեփյանը Հայաստան է ուղարկում եւս երկու ուկրաինուհու՝ Դիաննա Գալավանովային ու Ելենա Վինիկովային: Չորս կանանց Սոս Մելիքսեթյանը տեղավորում է գիշերային ակումբին կից «Արգիշտի» հյուրանոցային համալիրում: Չկորցնելու պատրվակով նրանցից վերցնում է անձնագրերն ու հայտնում, որ աշխատանքային պայմանագիր չի կնքելու, 1000 դոլար աշխատավարձը չի վճարելու եւ վաստակած գումարը բաժանելու է հավասարապես' 50-50 տոկոսադրույքով:

«Քանի որ նախկինում մերկապարով չէի զբաղվել, համապատասխան հագուստներ չունեի, ուստի Սոսը ձեռք բերեց դրանք ու որպես պարտք ամրագրեց իմ եւ ընկերուհիներիս վրա: Բացի այդ, հայտնեց, որ փոխադրման ու այլ ծառայությունների համար մեր վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է 3000 դոլար, պահանջեց որպես պարտքի մարում յուրաքանչյուր օր աշխատած գումարը թողնել ակումբում, եւ համաձայնեց ազատ արձակել միայն պարտքն ամբողջությամբ մարելու պայմանով: Ես հրաժարվեցի այդ պայմաններով աշխատել եւ պահանջեցի ինձ վերադարձնել հայրենիք, սակայն Սոսը մերժեց: Ստիպված՝ օգոստոսի 2-ից մինչեւ նոյեմբերի 15-ը աշխատեցի, իսկ նոյեմբերի 15-ին ոստիկանության աշխատակիցները «Արգիշտի» հյուրանոցից մյուս երեք ուկրաինուհիների հետ ինձ տեղափոխեցին ոստիկանություն»,-արդեն ոստիկանությունում տված ցուցմունքում գրել է անչափահաս Վիկտորյան:

Հաստատապես իմանալով, որ Վիկտորյան անչափահաս է, Սոսը պահանջել է այդ հանգամանքը չհրապարակել:

Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «Մելջուլսան» ՍՊԸ-ին պատկանող «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն Սոս Մելիքսեթյանի դեմ ՀՀ Քր. օր-ի 132 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ մարդկանց առեւտուր:

Իրենց տված ցուցմունքներով բոլոր 4 ուկրաինուհիները հաստատել են, որ զրկված են եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ հարկադրված, առանց վարձատրության, զբաղվել են մերկապարով՝ ենթարկվելով սեռական շահագործման:

Գործում որպես վկա ներգրավված «Մելջուլսան» ՍՊ ընկերության «Էլիզա» գիշերային ակումբի ու «Արգիշտի» հյուրանոցի մենեջեր Արտյոմ Փահլեւանյանը հաստատել է, որ «Արգիշտի» հյուրանոցում աղջիկները գտնվել են մշտական հսկողության տակ. «Ուկրաինայից հրավիրված մերկապարուհիները ապրել են ակումբին կից հյուրանոցում, առանց անձնագրերի, հսկողության տակ, որը տնօրենի ցուցումով իրականացրել են աշխատակիցներ Արտյոմ Ղազարյանը, Գարիկ Մանուկյանը եւ Ժորա Սմբատյանը: Սոսի պահանջով յուրաքանչյուր օր պարուհիների աշխատած գումարները վերցրել եմ եւ գրանցել որպես պարտքի մարում»:

«Սոսի պահանջով աշխատակիցներ Գարիկ Մանուկյանի եւ Ժորա Սմբատյանի հետ իրականացրել եմ հսկողություն հրավիրված պարուհիների նկատմամբ: Չփախչելու համար վերջիններս իրավունք չեն ունեցել միայնակ դուրս գալ ընկերության տարածքից»,-իր ցուցմունքում գրել է վկա Արտյոմ Ղազարյանը, որն ակումբում ու հյուրանոցում աշխատել է որպես գիշերապահ:

Դատարանում Սոս Մելիքսեթյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է երկու տարվա ուղղիչ աշխատանքների վաստակի 15 տոկոսի պահումով:

Աշոտ Հովսեփյանի նկատմամբ որոշումներ են կայացվել ՀՀ Քր.օր-ի 132 հոդվածի մի շարք կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու եւ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter