HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուծարված ՀԿ-ն, պատգամավորի թեկնածուի ՀԿ-ն և ծառուկյանամերձ այլ կազմակերպություններ դիտորդական առաքելության հայտեր են ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կեսը գործում է Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանու ներքո: Բացի դրանից, նրանցից մեկն արդեն լուծարված է, իսկ մյուսներն ակհայտորեն խախտում են Ընտրական օրենսգրքի պահանջները: 

Ըստ մինչ այսօր ներկայացված հայտերի՝ այդ 4 կազմակերպությունները միասին 21631 դիտորդ են ուզում հավատարմագրել: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացող 8 կազմակերպություն էր ներկայացված՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն, «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն, «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն, «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ:

Ինչպես երևում է գրաֆիկից, չորս կազմակերպություններ ներկայացրել են 5400-ից ավելի դիտորդներից բաղկացած ցուցակներ, որոնց էլ առավել մանրամասն կանդրադառնանք այս հրապարակման մեջ: 

«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն 5406 դիտորդ էր ուզում գրանցել: Սակայն համաձայն պետռեգիստրի՝ այս ՀԿ-ի գործունեությունը դադարեցվել է  2017թ. դեկտեմբերի 30-ին: Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների համակարգում էլ այն նշվում է որպես լուծարված:

ՀԿ-ի հիմնադիր նախագահը 2004-2011թթ. եղել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանին 2011-ին փոխարինել է ԲՀԿ-ական Հրաչյա Բասմաջյանը: Իսկ մինչ լուծարումն էլ Վահե Էնֆիաջյանը, համաձայն իր կենսագրության, ՀԿ-ի պատվավոր նախագահն է եղել:

ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է լուծարված ընկերությունը դիտորդական առաքելություն իրականացնելու: Վերջինս նշեց, որ դեռևս կայքում հրապարակված են հայտ ներկայացնող կազմակերպությունները, որոնց, սակայն, հավատարմագրման վկայականները չեն հանձնվել:

Այսօր ՀԿ-ների հայտերը ներկայացնելու վերջին օրն է, և դրանից հետո միայն կքննվեն փաստաթղթերը, և կտրվեն վկայականները: Իսկ մինչ այդ, մեր ահազանգի հիման վրա, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն հանվեց դիտորդական առաքելություն իրականացնողների ցանկից և ԿԸՀ-ի կայքից: ԿԸՀ-ն ռեգիստրից ճշգրտում է լուծարման մասին տվյալները:

Ցուցակից հանվեց նաև «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ն:

Դիտորդական առաքելություն իրականացնող մյուս կազմակերպությունը «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ն է: Գրանցվել է 2014թ.-ին Ավանի Նարեկացի թաղամասի 41-րդ շենքի 91-րդ բնակարանում: Այդ նույն հասցեում գրանցված է ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նոնա Վրեժի Օթարյանը: Վերջինս խորհրդարանական այս ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների թիվ 3 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Այդ մասին հայտարարել է նաև ինքը՝ ֆեյսբուքյան էջում: «Առաջիկա ընտրությունները ենթադրվում է, որ լինելու են արդարության և համերաշխության գրավականի ընտրություններ, որտեղ անխուսափելի են լինելու ազատականությունն ու ժողովրդականությունը: Վստահ քայլերով ներկայանանք կայանալիք ընտրություններին այն պարզ պատճառով, որ այլևս անխուսափելի են լինելու արդարությունը, եղբայրասիրությունը ու մարդկային բարձր արժեքները: Հետայսու, հարկ է լցվել այն կուռ հավատով, որ մեր երկիրը չի ղեկավարվելու վախի մթնոլորտում, և յուրաքանչյուրիս արժեքային համակարգում ունենալու ենք այն հստակ գիտակցությունը, որը մենք ապրում ենք վստահելի, ժողովրդավար ու լուսավոր երկրում»,- ավելացրել է Նոնա Օթարյանը: 

Ֆեյսբուքյան իր էջում Նոնա Օթարյանը պարբերաբար տարածում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի և նրա բարեգործությունների վերաբերյալ հրապարակումներ (թերթեք լուսանկարները):

Նոնա Օթարյանի հայրը՝ Վրեժ Օթարյանը ևս ԲՀԿ անդամ է և եղել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների՝ Ավանի 1-ընտրատարածքի 13-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ:

Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. 

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին

ԲՀԿ-ին կից մյուս կազմակերպությունը «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն է: Գրանցվել է 2015թ. դեկտեմբերի 28-ին Գարեգին Նժդեհի 9Ա շենքի 29 բնակարանում: Այս հասցեն ՀԿ-ի նախագահ Լիաննա Մանուկյանի բնակության հասցեն է: Լիաննա Մանուկյանը ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղարն է: Երիտասարդ ԲՀԿ-ականի, ինչպես նաև «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջերը  «նվիրված» են ԲՀԿ գործունեությանը:

 

«Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն գործում է 2009 թվականից: Հիմնադիր նախագահը փաստաբան Մակար Եղիազարյանն է: Նա նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներից էր 2016թ.-ին: Մակար Եղիազարյանի մասին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ նա այն թեկնածուն է, ով ճնշումների չի ենթարկվի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից:  Ֆեյսբուքյան գրառումներին հետևելով՝ տեսանելի է Մակար Եղիազարյանի կապը ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ երիտասարդների միությունը շնորհավորել է Մակար Եղիազարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Մակար Եղիազարյանը նաև լուսանկար ունի Նոնա Օթարյանի հետ:

 

2014-ին Մակար Եղիազարյանը եղել է երիտասարդ խորհրդարանի ԲՀԿ կազմում: 

«Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն առավել հայտնի է «Բարի ձմեռ պապ» բարեգործական ծրագրով, որն ուղղված է ՀՀ-ում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին, որոնք նամակներ են գրում ձմեռ պապին և այդ միջոցով ստանում իրենց նվերները:  

Այսօր դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների հայտերի ներկայացման վերջին օրն է: Ամբողջական ցուցակը կհրապարակվի երկուշաբթի կամ երեքշաբթի: Եթե կասկածելի հայտատուներ լինեն, դրանց ևս կանդրադառնանք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter