HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաշարժից վնասված Հացիկի դպրոցը 2019թ-ին կհիմնանորոգվի. դեկտեմբերյան աղետից անցել է 30 տարի

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը հաջորդ տարի կհիմնանորոգվի: «Երեւի մի 20 տարուց ավելի է` սպասում էինք էս բարի լուրին»,- ասում է դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը:

Հրատապ ծրագրերի շրջանակում մարզին հատկացված 426 մլն-ից 70 մլն դրամը բաժին է հասել Հացիկի դպրոցին: 1974թ-ին կառուցված երկհարկանի դպրոցական կառույցը 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժին վնասվել էր՝ փլվել էին աստիճանավանդակները:

Այն ժամանակ որոշում էր կայացվել դպրոցը ոչ թե հիմնովին քանդել, ինչպես որ եղավ աղետից տուժած մի շարք բնակավայրերում, այլ հեռացնել երկրորդ հարկը եւ այն, ինչ կպահպանվի կառույցից, հարմարեցնել կրթական հաստատության աշխատանքներին:

«Դեկտեմբերյան աղետից հետո մենք դասերը վերսկսել ենք վրանային պայմաններում,- հիշում է Աստղիկ Սարիբեկյանը,- հետո Հացիկի տեխնիկումի ու դպրոցի համար տնակներ տեղադրեցին: Մոտ 3 տարի տնակային պայմաններում ենք աշխատել, մինչեւ որ տեղափոխվել ենք քարաշեն կառույց»: Հարմարեցված դպրոցական շենքը զրկվել էր սպորտային դահլիճից, արհեստագործական եւ աշխատանքի ուսուցման համար նախատեսված դասասենյակներից, ինչպես նաեւ նախնական զինվորական պատրաստության կաբինետից:

Դպրոցի 12 դասասենյակները բավարար էին դասապրոցեսը կազմակերպելու համար, կար նաեւ դահլիճ դպրոցական միջոցառումների համար, սակայն աղետը շենքը զրկել էր «տիպային» համարվող կրթական հաստատությունների առավելություններից:

Խորհրդային տարիներին կառուցված դպրոցը նախատեսված էր 250 աշակերտի համար: Տնօրենի հիշելով` 1984-85թթ-ին հենց այդքան աշակերտ էլ սովորել է դպրոցում: Ներկայում Հացիկի միջնակարգ դպրոց հաճախում է 91 աշակերտ: Թվի պակասելու պատճառները տարբեր են՝ ծնելիության աճ, արտագաղթ, մարզկենտրոն Գյումրիին մոտ լինելու հանգամանքը: «Ծնողներ ունենք, որ Գյումրիում են աշխատում եւ գերադասեցին երեխաներին տեղափոխել ավելի բարեկարգ դպրոցներ՝ իրենց հետ տանում-բերում են: Հացիկը մի 5-6 կմ է հեռու Գյումրուց, տրանսպորտն էլ վատ չի աշխատում, եւ բարձր դասարանցիները կարող են անգամ ինքնուրույն գնալ-գալ: Բայց էս երկու օրն, այսպես ասած, ներգաղթ էլ եղավ՝ Բավրայից մի ընտանիք տեղափոխվեց Հացիկ ու երեխան հիմա հաճախում է մեզ մոտ, եւս մեկ աշակերտով համալրվելու հույս էլ կա առաջիկայում»,- նկատում է Աստղիկ Սարիբեկյանը:

Շենքը երկրաշարժից հետո ամրացվել է երկաթե կոնստրուկցիաների միջոցով: Արտաքին պատի տեղաշարժված քարերը, ըստ տնօրենի, շենքի սեյսմակայունության վրա չեն ազդում, դրանք հիմնանորոգման ժամանակ հնարավոր է կրկին շարել: Տանիքը պետք է ամբողջովին նորացվի, թեպետ նախագծող կողմն առայժմ հակված է վնասված ասբոշիֆերները փոխարինել նորերով, այսինքն կատարել միայն վնասված հատվածների նորացում: Տնօրենի փոխանցմամբ, ֆինանսավորող կողմը համաձայն չէ այս որոշման հետ եւ առաջարկել է վերանայել:

«Վերջին տարիներին բոլորը հրաժարվում են ասբոշիֆերից, եւ տանիքները թիթեղապատվում են: Հույս ունենք, որ մեր դպրոցի դեպքում էլ ճիշտ որոշում կընդունվի»,- մտահոգվում է տնօրենը: Միջանցքների ու դասասենյակների լինոլեումապատ տարածքներն անցած 30 տարիների ընթացքում երբեք չեն նորացվել:

Շատ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվել՝ կապված դռների ու լուսամուտների հետ: «1974թ.-ին ինչ դուռ ու լուսամուտ որ դրվել է, դրանք են,- ասում է Աստղիկ Սարիբեկյանը,-մի քանի տարի է` մենք խուսափում ենք պատուհանները բացել, որ սրբենք, որովհետեւ դրանք բացելուց հետո էլ չեն փակվում: Վախենում ենք նաեւ, որ կկոտրվեն ու դրա համար էդպես թողել ենք, աշխատում ենք մաքրություն ասվածը շատ զգույշ անել: Անցած ձմռանը պոլիէթիլենով փակել էինք, գարնանը չթողեցի, որ հանեն՝ արդեն վտանգավոր է իրենց ձեռք տալը»: Հիմնանորոգումից հետո կունենան սալիկապատ դասասենյակներ ու միջանցք: Փայտե մանրահատակի (լամինատե) առաջարկը մերժվել է գնի պատճառով՝ բարձրարժեք տարբերակը ձեռք բերելու համար գումարը չէր հերիքելու, իսկ էժանագինը խորհուրդ չեն տվել մասնագետներն՝ ասելով, որ արագ են մաշվում:

Աստղիկ Սարիբեկյանը դպրոցի հիմնանորոգման հարցով դիմել է Շիրակի երեք մարզպետներին՝ Ֆելիքս Ցոլակյան, Հովսեփ Սիմոնյան եւ Արթուր Խաչատրյանը: «Դպրոցի ղեկավարումը ստանձնել եմ 2016թ-ին ու հենց էդ պահից սկսել եմ դռներ բախել: Պարոն Ցոլակյանը խոստացավ, որ մի բան կանեն, նույն խոստումը լսել եմ նաեւ պարոն Սիմոնյանից, պարոն Խաչատրյանը խոստացավ գումար տալ նոր լինոլեումի համար, անգամ մի բարերարի ուղարկեց դպրոց, բայց հետո իմացանք, որ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով բարերարը հրաժարվել էր մեր դպրոցից ու նորոգել հարեւան մարզի Մարգահովիտ գյուղի դպրոցը: Էդպես զրկվեցինք որեւէ տեսակի նորոգման հույսից»,- պատմում է զրուցակիցս:

Տնօրենն ուղեկցում է դպրոցի «օազիս» համարվող երկու դասասենյակները, ճաշարան եւ խոհանոց: Դասասենյակները նորոգվել են հոլանդական «Ֆամ թու ֆամ» կազմակերպության աջակցությամբ, իսկ խոհանոցային հատվածը՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում:

«Հոլանդական կազմակերպության հետ համագործակցում ենք արդեն մեկ տարի: Իրենք 2 դասասենյակ նորոգեցին, հետո Հոլանդիայում մի դպրոց էր փակվել՝ ողջ գույքն ուղարկեցին մեզ, անգամ պատրաստվում էին երկու փուլով տանիքը նորոգել, բայց որ կառավարության կողմից մեր ծրագիրը հաստատվեց, ես որոշեցի չխառնել ամեն ինչ իրար, եւ որոշվեց, որ հոլանդացիք այլ հարցերում օժանդակեն մեզ: Դե իսկ խոհանոցն ու ճաշարանն էլ այս տարի ամռանը նորոգվեց ՄԱԿ-ի եւ Հացիկ գյուղից Բարսեղյան եղբայրների աջակցությամբ»:

Դպրոցի հիմնանորոգման հարցը, մինչեւ հեղափոխությունը, քննարկվել է անգամ Հ1-ի եթերում: Հրավիրված է եղել նաեւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Վերջինս հայտարարել է, որ անհրաժեշտ է 150 մլն դրամ, թեպետ, ըստ տնօրենի, ամեն անգամ, երբ խոսակցություն է եղել, նշվել է 3 անգամ պակաս գումարի՝ 50 մլն-ի անհրաժեշտության մասին: «Ես, ճիշտն ասած, հույսս արդեն կտրել էի, թե դպրոցը կնորոգվի, որովհետեւ մարզում երկրաշարժից խիստ տուժած երկու գյուղական դպրոց էլ կար,- խոստովանում է զրուցակիցս,- մտածում էի բարերարներ գտնելով` քիչ-քիչ ինչ-որ աշխատանքներ անեինք ու անակնկալի եկա, երբ իմացա, որ մի երկու ամիս առաջ հրատապի ծրագրերի շրջանակում հաստատվել է: Ենթադրում եմ, որ 2019թ-ի գարնանը կսկսեն աշխատանքները եւ երկրաշարժից 30 տարի անց ի վերջո կունենանք հիմնանորոգված, տիպային դպրոց»:

Հիմնանորոգումից հետո պատրաստվում են դպրոցում բացել նախակրթարան: Հացիկ գյուղում մանկապարտեզ չկա, եւ նախակրթարանը որոշ չափով կլրացնի բացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter