
ԿԸՀ-ն մերժել է լուծարված կազմակերպության հավատարմագրումը և նյութերն ուղարկել դատախազություն
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում ընդգրկել է «Հետք»-ի հրապարակման մեջ նշված «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի լուծարված լինելու և այդպիսով դիտորդական առաքելության համար հայտ ներկայացնելու հարցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ավարտից հետո «Հետք»-ին հայտնեց, որ «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի հավատարմագրումը մերժվել է: Բացի դրանից, առանձին գրությամբ դատախազություն է ուղարկվել «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացրած փաստաթղթերը` նկատի ունենալով այն փաստը, որ ԿԸՀ է բերվել անհայտ անձի կողմից ստորագրված փաստաթղթեր, որի վրա օրիգինալ կնիք է դրված եղել:
Հիշեցնենք, որ «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն 5406 դիտորդ էր ուզում հավատարմագրել: Սակայն համաձայն պետռեգիստրի՝ այս ՀԿ-ի գործունեությունը դադարեցվել է 2017թ. դեկտեմբերի 30-ին:
ՀԿ-ի հիմնադիր նախագահը 2004-2011 թթ. եղել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանին 2011-ին փոխարինել է ԲՀԿ-ական Հրաչյա Բասմաջյանը: Իսկ մինչ լուծարումն էլ Վահե Էնֆիաջյանը, համաձայն իր կենսագրության, ՀԿ-ի պատվավոր նախագահն է եղել:
Մեկնաբանել