HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորեւ․

Սիրելի՛ hայրենակիցներ,

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը:

Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով:

Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։

Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։

Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:

Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter