HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Քաղաքացիները դառնում են նոր լրատվամիջոցի թղթակիցներ

Ինտերնետում օրական ստեղծվում է 80 000 բլոգ: Վերլուծաբանների, խմբագիրների ու լրագրողների մի մասն այդ երեւույթը դիտարկում է որպես քաղաքացիական լրագրության առաջացման նախադրյալ, մյուսները մտավախություն ունեն, որ աշխարհում ամեն օր ստեղծվող հազարավոր բլոգերը կշատացնեն անպետք տեղեկատվությունն Ինտերնետում:

Խառնաշփոթի սկի՞զբ, թե՞ նոր կարգ

Բլոգ բառն առաջացել է անգլերեն weblog բառից, նշանակում է վեբ-օրագիր: Սակայն, ի տարբերություն ավանդական օրագրերի, այս օրագրերն Ինտերնետում են եւ բաց են բոլորի համար: Բլոգ ստեղծելը հեշտ է. նույնն է, ինչ համապատասխան ծառայություն մատուցող որեւէ կայքում էլեկտրոնային փոստ բացելը:

«Հազարավոր մարդիկ օրվա տարբեր իրադարձությունների մասին բլոգերում գրում են իրենց կարծիքը, որը հետաքրքիր է միայն իրենց»,-գրում է www.earlywarning.com խմբագրության տնօրեն æոնաթան Ֆենբին: Բլոգերում ցանկացած ոք կարող է հրապարակել իր ասելիքը, տեսածը կամ լսածը:

«Տեղեկատվության գործող աղբյուրներն ու կայքերը կհամալրվեն «քաղաքացի-թղթակիցներով», որոնք կտան ոչ միայն գրավոր եւ ձայնային տեղեկատվություն, այլեւ պատկեր' օգտագործելով թվանշանային սարքեր ու հեռախոսներ: Բլոգերը դարձել են յուրահատուկ մեդիա եւ արդեն ունեն իրենց լսարանը»,- համոզված է æոնաթան Ֆենբին:

Արդեն գոյություն ունի ծրագիր, որը հնարավորություն է տալիս վեբ-օրագրերը թարմացնել բջջային հեռախոսների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ արդեն ամեն մեկը կարող է Ինտերնետ ռեպորտաժներ անել ցանկացած փողոցի խաչմերուկից:

Այսպես՝ պաշարված Բաղդադի հենց կենտրոնից 29-ամյա ճարտարագետ Սալամ Պակսն իր ինտերնետային օրագրում գրում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում նրա աչքերի առջեւ: Բազմաթիվ մարդիկ հետեւում էին նրա հաղորդագրություններին, արձագանքում, հայտնում իրենց կարծիքը:

Իսկ երբ ահաբեկիչները գրավեցին «Նորդ-Օստ»-ը, Մոսկվայի բնակիչները ոչ միայն հետեւում էին ԶԼՄ-ի տեղեկատվությանը, այլ նաեւ բլոգերի հեղինակներին, որոնց շարքում անմիջապես գտնվեցին մարդիկ, ովքեր ապրում էին մոտակայքում եւ տեղի ունեցող իրադարձություններին կարողանում էին հետեւել իրենց պատուհանից:

Վերլուծաբանների կարծիքով՝ բլոգը նոր հասարակարգի հիմնաքարն է, որը հեղափոխություն կանի ժողովրդավարական հեռահաղորդակցության, քաղաքացիական ներգրավվածության եւ ժուռնալիստիկայի ոլորտում:

Օրվա տեղեկատվության օրակարգն այլեւս կդադարի թելադրվել վերեւից: Վերլուծաբաններն այսօր արդեն խոսում են «քաղաքացի-լրագրողների» մասին, ովքեր կամավոր դառնում են իրենց վեբ-օրագրի թղթակիցը:

«Շատ հետաքրքիր երեւույթ է, վկայում է այն մասին, որ ինտերակտիվ մեդիան ապագա ունի: Անցել է այն ժամանակը, երբ հասարակությունը լրագրողներին հավատարմագրում է որպես միջնորդ իրադարձությունների եւ ընթերցողների միջեւ»,-կարծում է ուկրաինական մամուլի ակադեմիայի նախագահ Վալերի Իվանովը:

Այնուամենայնիվ, ինչու՞ է բլոգերի լսարանն օրեցօր ավելանում: Բլոգերի հեղինակները միշտ գերազանցում են իրենց օպերատիվությամբ, նրանք անհրաժեշտություն չունեն իրենց տեղեկատվությունը համաձայնեցնել համապատասխան ծառայությունների հետ, թեպետ այս դեպքում էլ վտանգ կա, որ այն կարող է չհամապատասխանել իրականությանը: Բլոգերն անձնավորված են:

Բլոգերում չկա բաժանում ընթերցողների եւ թղթակիցների միջեւ: Բոլորը կարող են հավասարապես մեկնաբանել, վերլուծել, քննարկել կամ առաջադրել իրենց թեման՝ անկախ այն հանգամանքից՝ դա իրե՞նց օրագիրն է, թե՞ ոչ: Այսօր վեբ-օրագրեր վարում են նաեւ շատ հայտնի լրագրողներ, խմբագիրներ, ովքեր պաշտոնապես աշխատում են նաեւ այլ լրատվամիջոցներում:

«Խմբագրության քաղաքականությունը ոչ միշտ է լրագրողներին թույլ տալիս ներկայացնել բոլոր փաստերը, իսկ անկողմնակալությունը, որով նրանք պետք է առաջնորդվեն, հնարավորություն չի տալիս նրանց արտահայտել իրենց կարծիքն ու բացահայտել իրենց «ես»-ը: Իսկ բլոգերում, ընդհակառակը, որքան շատ անձնավորվածություն ու անկեղծություն, այնքան լավ»,-ասում է ռուսական «Վեդոմոստի» թերթի լրագրող Եվգենի Յակունովը: Իսկ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի համալսարանում բլոգերն արդեն սկսել են ուսումնասիրել որպես ժուռնալիստիկայի նոր ճյուղ: Իհարկե, բլոգերն ունեն նաեւ թերություններ: «Նախ՝ թույլ են վերլուծությունները, հետո՝ չի կարելի վստահ լինել, որ տեղեկատվությունը ճշգրիտ է: Կարծում եմ, որ այս առումով ավանդական ժուռնալիստիկայի հիմքերը կայուն են, իսկ մարդը' պահպանողական: Եվ հետո, ես դժվարանում եմ պատկերացնել մի համայնք առանց խմբագրի: Անպայման պետք է լինի առաջնորդ»,-գրում է Վալերի Իվանովը:

Բլոգերն իրենց հետ բերել են նաեւ բազմաթիվ խնդիրներ: Մի քանի երկրներում, օրինակ' Իրանում, նույնիսկ եղել են օրագիր վարողների բանտարկություններ, իսկ Կալիֆորնիայում' դատավարություններ:

«Ճիշտն ասած՝ ես այնքան էլ չեմ հավատում «անկախ, ժողովրդավարական եւ այլընտրանքային» մեդիայի առաջացմանը: Ամենայն հավանականությամբ, բլոգերի համար կմտածեն օրենքներ, որպեսզի մարդիկ չգրեն այն, ինչ իրենց մտքով անցնի, մանավանդ, որ արդեն եղել են մի շարք դատավարություններ բլոգերում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ: Մտավախություն ունեմ նաեւ, որ շուտով բլոգերը կվերածվեն շահավետ առեւտրային նախագծերի: Google-ն արդեն մշակել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս բլոգերում գովազդ տեղադրել»,-ասում է Եվգենի Յակունովը:

Մասնագետների մեկ այլ խումբ բլոգերի համար բոլորովին այլ ապագա է կանխորոշում' քաոսի սկիզբ: Կա բլոգի մի տեսակ, որտեղ գրում են բանաստեղծություններ ու ճամփորդական ակնարկներ, տեղադրում իրենց հարսանիքի նկարները, պատմում նույնիսկ, թե ուր են գնացել եւ ինչ գարեջուր են խմել:

Այսպիսի թեմաներն, իհարկե, հետաքրքրում են միայն ընկերներին, ծանոթներին: Սովորաբար, այդպիսի բլոգերը շատ քիչ հասարակական նշանակություն ունեն: Դրանք զուտ անձնական են, սակայն բաց են բոլորի համար:

Այսօր բլոգերները (օրագիր վարողները) սովորաբար խմբավորվում են ըստ կայքերի, որոնք բլոգ ստեղծելու հնարավորություն են տալիս, նաեւ՝ ըստ թեմաների եւ այլ հետաքրքրությունների: Թեպետ, կան նաեւ առանձին կայքեր, որոնք գործում են բլոգի սկզբունքով: Հաճախ դրանք հայտնի լրագրողների բլոգեր են կամ ավանդական լրատվամիջոցների հատուկ բլոգ-նախագծեր:

Առաջին բլոգի հիմնադիր եւ գաղափարի հեղինակ համարվում է Դեյվ Ույաները, որը «Userlend Software» ընկերության ղեկավարն էր: Նրա բլոգը համակարգչային տեխնիկայի նորությունների մասին էր:

Հայկական Ինտերնետում նույնպես կան բլոգեր: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի' անձնական եւ հասարակական նշանակության: Օրինակ՝ www.hayastan.com կայքում գրանցված են մի քանի բլոգեր:

Իրականում օրագիր պահելն այնքան էլ հեշտ գործ չէ: Հեղինակը պետք է պարբերաբար թարմացնի այն նոր մտքերով, հարցադրումներով, որպեսզի կարողանա մարդկանց ներքաշել զրույցի մեջ:

«Մի փոքր դժվար է հավատալ, որ հայկական միջավայրում ապրող մարդը կցանկանա Ինտերնետում օրագիր վարել եւ բոլորովին անծանոթ մարդկանց ներգրավել իր անձնական կյանքի եւ հետաքրքրությունների մեջ, ստիպել, որ նա մտածի, շարադրի իր մտքերը, հետեւողական լինի եւ այլն: Մյուս կողմից՝ դարձյալ քիչ հավանական է, որ կգտնվեն տասնյակ մարդիկ, ովքեր կցանկանան հաղորդակից լինել որեւէ մեկի անձնական կյանքին: Պարզապես սովորության եւ մշակույթի հարց է, նաեւ՝ տրամադրվածության: Ի վերջո, հայ մարդկանց մեծամասնությունը հեռու է ինտերնետային միջավայրից: Ինտերնետում օրագրեր վարելը չի կարող նրանց համար ապրելակերպ լինել»,-ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

Հայերեն եւ ռուսերեն բլոգերից է www.armenia.indymedia.org -ը: Այստեղ հենց առաջին էջում գրված է, որ «...կայքում մարդիկ կարող են ազատ թղթակցել: Էջի բաց լրահոսում տեղադրված նորությունները, տեքստերը, նկարները, ձայնա եւ տեսանյութերը հեղինակի սեփականությունն են: Տեղադրված նյութերում առկա տեսակետներն ու կարծիքները կարող են չհամընկնել կայքի հեղինակների տեսակետների հետ, ավելին՝ միշտ չէ, որ հնարավոր է երաշխավորել տեղադրված նյութերի ճշգրտությունը»:

Հասարակական բնույթի կամ թեմատիկ ուղղվածություն ունեցող վեբ-օրագրերի պարագայում խնդիրը փոխվում է: Օրինակ' www.oneworld.blogsome.com-ում քննարկումների համար առաջարկված են մի քանի տասնյակ թեմաներ ըստ այբբենական կարգի' խոհանոցից մինչեւ հանցագործություն, կաշառակերությունից մինչեւ կինոնկարներ: Բլոգը հնարավորություն է տալիս ստեղծել ինտերնետային համայնք ըստ հետաքրքրությունների, աշխատանքի, կարծիքների եւ այլն:

Նույն բլոգում տրված են նաեւ Հայաստանին վերաբերող այլ բլոգերի հղումներ, որոնց մեծամասնության հեղինակները եւ «թղթակիցները» բնակվում են արտասահմանում: Գուցե սա է պատճառը, որ բլոգերի գերակշիռ մասն անգլերեն է, ինչը կարող է խոչընդոտ լինել հաղորդակցման համար: Օրինակ՝ www.blogrel.com, www.aramanoogian.blogspot.com, www.noteshairenik.blogspot.com, www.yessem.blogspot.com, www.vochmeban.blogspot.com, www.glendalechick.blogspot.com եւ այլն:

«Կարծում եմ՝ հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր են բլոգերը, որոնք հնարավորություն կտան Սփյուռքի եւ Հայաստանի մարդկանց, հատկապես երիտասարդներին, ավելի լավ ծանոթանալ եւ հետաքրքրող հարցեր քննարկել: Չգիտեմ, թե որքանով այդ օրագրային շփումը կզարգանա այստեղ... Հայերը տարօրինակ մարդիկ են, բայց կարծում եմ, որ բլոգերը կարող են արժեք ունենալ ժողովրդավարության հաստատման գործում»,-ասում է մի քանի բլոգերի հեղինակ, լրագրող Օնիկ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter