HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի գործով կարևորագույն ապացույցը հետազոտված չէ. դատարանը այն կպահանջի՝ կողմերին տրամադրելու համար

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից կպահանջի «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին գաղտնալսելու վերաբերյալ բոլոր նյութերը: Այսօր Բաբայանի վերաբերյալ գործով, խորհրդակցական սենյակից վերադառանալով՝ նման որոշում հրապարակեց դատավոր Մարինե Մելքոնյանը:

Նշենք, որ «Իգլա» զենիթահրթիռաին համալիր ձեռք բերելու և փողերի լվացման գործի շրջանակներում Սամվել  Բաբայանն ու գործով անցնող մյուս անձինք մեղավոր էին ճանաչվել: Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել էր օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված ապացույցներ: Մասնավորապես՝ մեկ այլ գործի շրջանակներում ԱԱԾ-ն որոշել էր գաղտնալսել «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանին, և, ըստ գործի նյութերի, Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործը հենց այդ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել:

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն առաջին ատյանի դատարանին միջնորդել էր Մայիլյանին առնչվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության նյութերը պահանջել և հետազոտել` դրանց օրինականությունը ստուգելու համար: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, միջնորդությունը բավարարել էր ու պահանջել նյութերը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը դեռևս սահմանված կարգով գաղտնազերծված չեն, ու դրանք Բաբայանի գործը քննող դատարանին չէին տրամադրվել:

Վճռաբեկ դատարանը Բաբայանի գործը բեկանելու որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունն առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել, և նման պայմաններում այն չէր կարող դրվել վերջնական դատական ակտի հիմքում:

Ստացվում է, որ դատավոր Մարինե Մելքոնյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել է այն նյութերը, որոնք դատավոր Արշակ Վարդանյանը գործի քննության ընթացքում պահանջել ու չէր ստացել: Այս անգամ այս նյութերը կտրամադրվեն, թե ոչ, հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter