HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարության. «Նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»

Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել  Շենգավիթ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Ռազմիկ Մկրտչյանին:

Անդրադառնալով  օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը  տեղեկացրել է, որ  մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:

«Սա մեր քաղաքականությունն է: Երևանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ: Մենք  ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու  մեր քաղաքի արտաքին տեսքին, և եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,-նշել է  Հայկ  Մարությանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է նաև կենսապահովման  ոլորտի  ընկերությունների անորակ աշխատանքին՝ որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Քաղաքապետը հորդորել է խողովակների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:

«Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները:  Ուղղակի աշխատանքերը պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է:   Խնդրում եմ մեր ընկերություններին և պահանջում՝ ձեր  աշխատանքները կատարեք պատշաճ որակով»,-ընդգծել է քաղաքապետը:

Պատասխանատուները  Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների և կրպակների ապամոնտաժումը: 

 «Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական  գործողությունները, մենք շատ կտրում ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլևս գոյություն չունի», - ասել է Հայկ Մարությանը:

Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական  շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է.

«Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երևանի  քաղաքապետարանի հետ և թույլ են տալիս նման թերացումներ,  հայտնվելու են սև ցուցակում և այլևս մեզ հետ չեն աշխատելու:  Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերւթյունները, որոնք  կարող  են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:

Խիստ նկատողություն է տրվել նաև այն պատասխանատուներին, որոնք քաղաքացիների գրավոր դիմումներին պատասխանում են  առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու: 

«Ինձ մոտենում են քաղաքացիներ և  հետքրքրվում, թե ինչու հիմա և 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը  պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է և ոչ թե քոփի փասթ է արվել և հետ ուղարկվել: Չի կարող քաղաքաղու կոմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատսախանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները և դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման տարեշրջանի  մեկնարկին:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետն  աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանը և վարչական  շրջանների ղեկավարներին հանձնարարել է  փողոցները մաքրել տերևներից՝  բացառելով  դրանց այրումը: Համապատասխան վարչություններին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել գետնանցումների մաքրության և լուսավորության խնդրի լուծման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter