HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխարհի դեմ չես կարող պայքարել»

Սիրանույշ տատիկը ծերանոցի միակ բարձրագույն կրթություն ունեցողն է (մի քանի ծերերի ազգանունները, ծերանոցի աշխատակիցների խնդրանքով, չենք նշում): Կյանքի մայրամուտը բժշկական գիտությունների թեկնածուն անց է կացնում տնից ու տեղից, զավակներից ու հարուստ անցյալից հեռու: Երեք տարի առաջ դուստրը Երեւանից մորը Վանաձորի ծերանոց է բերել ու պահանջել անհապաղ ընդունել 82-ամյա կնոջը: «Ես նրան հանցագործ չեմ համարում: Լավ է արել, որ ինձ այստեղ է բերել: Չէր կարող պահել»,- ասում է երկու զավակների մայրը: Անընդհատ փորձում է արդարացնել աղջկա արարքը, ինքն իրեն համոզելու համար կրկնում, թե ընտանիքներում ծերերին պահել չեն սիրում: Պարտավոր էլ չեն, որովհետեւ ծեր մարդու հետ դժվար է, ծերությունը ոչ ոքի դուր չի գալիս: «Ծերունիներն ուրույն բնավորություն ունեն, իրենց ավելի շատ են սիրում, դրա համար էլ անհամություն է առաջանում ծերերի ու երիտասարդների միջեւ»:

Սիրանույշն անընդհատ շեշտում էր, որ ինքը նախարարի կին է եղել. «Հավասարվել եմ այն մարդուն, ով կյանքում իրենից բացի ուրիշ ոչինչ չգիտի: Ես՝ նախարարի, նա՝ բանվորի կին: Երկուսս էլ դարձել ենք ծերանոցի բնակիչ»:

Սիրանույշն Վարդուշ Բարսեղյան Վախթանգ Ասլիկյան

Նախարարի կինը երկար տարիներ դասավանդել է Երեւանի բժշկական ինստիտուտում, գլխավորել ուռուցքաբանության ինստիտուտի բաժանմունքներից մեկը: Երիտասարդ հասակում կորցրել է ամուսնուն, հետո էլ՝ որդուն ու ծերունական օրերն անց է կացնում օտար պատերի ներսում: Չգիտի, թե որտեղ են հիմա որդու զավակները: Նույնիսկ աղջկանից լուր չունի: Ասում է, թե վերջին այցելության ժամանակ դուստրը խոստացավ տեսակցել: «Բայց դա հնարովի բան է: Նա տեսնվել բառը չգիտի»: Դուստրը չէր կարող իրեն խնամել, լողացնել, հագուստը փոխել: Իսկ ծերանոցում այդքան էլ վատ չէ: Կարգուկանոն կա, ժամանակին սնվում են, ապահովված են մաքուր սենյակներով, հարմարավետ լողասենյակներով:

Սիրանույշը կարծում է, թե այն, ինչ սովորել է կյանքում, արդեն անհետացել է, ու խոսելուց բացի ինքը ոչինչ էլ չգիտի: Փոխելու բան այլեւս չունի:

70-ամյա Վարդուշ Բարսեղյանը հիշողության կորուստ ունի ու մանկությունից միայն մի քանի դրվագ է հիշում: Նա մեծացել է մանկատանը: «Երբ Ստալինը մեռավ, սաղ երեխեքով լաց եղանք»,-վերհիշում է մանկատան դժբախտ այդ օրն ու քիչ է մնում՝ հեկեկա: Մանկատնից հետո աշխատել է, ամուսնացել ու երեք որդի ունեցել: Ընտանիքը հիմա Մոսկվայում է: «Ինձ չեն տարել, որովհետեւ ավտոյի տակ ընկա ու երկար պառկեցի»,-ասում է ու հիշողության մեջ քրքրում ամուսնու, որդիների ու թոռների անունները: Կարոտում է որդիներին, ու սիրտն ամենաշատը երեխեքին է ուզում, բայց նրանք նույնիսկ չեն զանգահարում իրենց մորը:

Վանաձորի ծերանոցի ամենատարեց պապիկին' Վախթանգ Ասլիկյանին նույնպես հարազատները հազվադեպ են հիշում: Ծերունին կարոտում է որդուն, որին տեսնելու համար սպասում է եղանակների տաքանալուն, որպեսզի Երեւան գնա: 2007-ին Վախթանգ պապը կտոնի իր 100-ամյակը: Ծերանոցում որոշել են մեծ շուքով նշել մեկդարյա ծերունու տարեդարձը:

«Բարի ու մի քիչ էլ անպաշտպան ծերուկ է»,- ասում են նախկին անտառապահի մասին: Վրաստանում տներ է ունեցել, հողամաս մշակել: Հետո եկել ու Երեւանում է հաստատվել: Երիտասարդ կնոջ մահվանից հետո այլեւս չի ամուսնացել: Ասում է, թե շատ կանայք են իր հետ ամուսնանալու մտադրություն ունեցել, բայց ոչ մի կնոջ այդպես էլ «մոտ չի թողել»: Զավակների հետ հարաբերությունները գնալով վատացել են, ու վեց տարի առաջ տարեցների տանն է հայտնվել: Հորը ծերանոց բերելուց մի քանի ամիս անց դուստրը մահացել է: Ի տարբերություն ծերանոցի մյուս բնակիչների, Վախթանգ պապը որդու բերած հագուստն է կրում ու թոշակը ստիպված չի լինում որդուն տալ: Նա տարին մի քանի անգամ այցելում է հորը:

82-ամյա Սիմոն պապը սպասում է Ռուսաստանից թոռան վերադարձին: «Ասել է՝ մայիսին գալու եմ: Մի լավ աղջկա տեղ արա, գամ ամուսնանամ»,-հպարտությամբ ասում է երեք զավակների հայրը: Որդիները նրան երբեք չեն այցելում: Մահացած աղջկա որդուն ինքն ու կինն են պահել-մեծացրել: Բանակ են ուղարկել ու հետո ճանապարհել Ռուսաստան: Կնոջ մահ վանի ց հետո որդին հորը տարավ Ուկրաինա, սակայն ձմեռն անցկացնելուց հետո Սիմոն պապը զղջաց ու եկավ Վանաձոր: «Ես մեծ մարդ եմ, ինձ ո՞վ կարար նայեր: Շորս ո՞վ լվանա, ճաշս ո՞վ եփի, էստեղ ամեն ինչն էլ անում են»:

Սիմոն պապը Սոֆիկ Սարիբեկյան և  Ռաֆայել Արմաղանյանը  Անահիտ Առաքելովան

94 տարեկան Անահիտ Առաքելովան ծերանոց է եկել, ինչպես ինքն է ասում, հանգստության համար: «Գեներալի մայր է եղել»,-ասում են ծերանոցում: Երկու տարի առաջ որոշեց Թբիլիսիից Վանաձոր վերադառնալ, որովհետեւ աղջիկը նյութապես ապահովված չէ ու իրեն չէր կարող պահել: Չորս երեխաներին էլ կրթության է տվել: Երկու որդիներն արդեն չկան, մի դուստրը հոգեբուժարանում է գտնվում, մյուսը՝ Թբիլիսիում: Անահիտը բնիկ վանաձորցի է, որը մանկությունն անց է կացրել Վրաստանում: Այնտեղ էլ հանդիպել է զինվորական ամուսնուն ու ընտանիք կազմել: Ամուսնուն հիշելիս աչքերի մեջ լույս է հայտնվում. «Ամուսին չէր, այլ՝ հրաշք»:

Սոֆիկ Սարիբեկյանի առաջին ամուսնությունը տեղի ունեցավ ծերանոցում' 75 տարեկան հասակում: Ծերանոցի հնաբնակ Ռաֆայել Արմաղանյանը կնության առավ հիվանդ եւ միայնակ կնոջը: «Երիտասարդների համար զարմանալի է, բայց մենք քույր ու եղբոր պես ենք ապրում»,-խոստովանում է Սոֆիկն ու հիշում, թե ինչքան նախանձողներ ունեին, որոնք ընդդիմացան իրենց միությանը: Երեք դուստրերի հայր Ռ. Արմաղանյանն ափսոսում է, որ ժամանակին տղա չի ունեցել: «Տղա որ ըլներ, ինձ կպահեր»,-ասում է ծերունին, որը հոգատարությամբ է շրջապատել երրորդ կնոջն ու արդեն հինգ տարի խնամում է նրան:

Վանաձորի ծերանոցի 53 բնակչից 41-ը զավակներ ունեն: Այս հաստատության կարգի համաձայն՝ պարտավոր են ընդունել զավակ կամ հարազատ չունեցող մարդկանց: Սակայն ծերանոցի ղեկավարությունը ստիպված է լինում խախտել կարգն ու ապաստան տալ տուն, զավակներ ու հարազատներ ունեցողներին: Բնակիչների 60 տոկոսը կանայք են: Տարեցների տունը ստեղծվել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի միջոցներով եւ գործում է արդեն 13 տարի: 2002թ.-ից հետո ծերանոցն անցել է ԱՄՆ Հայ Օգնության ֆոնդի ենթակայության տակ: Չորս տարի շարունակ հաստատության ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են տարեկան 90.000 դոլար, հատկացնում են սփյուռքահայեր Գեւորգ եւ Սիրվարդ Գարամանուկյանները: Նորոգումների եւ այլ տեսակի ծախսերի համար օգնում են արտասահմանյան բարերարները: Նրանց գումարներով անցած տարի տանիքն է նորոգվել, կառուցվել է լվացքատուն:

Ծերանոցի յուրաքանչյուր բնակչի համար ամսական ծախսվում է 50-55 հազար դրամ: Պետության աջակցությունը սահմանափակվում է ծերերի կենսաթոշակով՝ նրանց առօրյա ծախսերը հոգալու համար, որը շատ դեպքերում հարազատները գալիս-վերցնում են: «Անտարբերության են մատնված: Հարազատները նույնիսկ թաղման արարողության ժամանակ չեն գալիս»,-զարմանում է ծերանոցի հաշվապահը' Մ. Օհանյանը:

Ծերանոցի բնակիչների թիվը չի փոխվում: Յուրաքանչյուր տարի մահանում է 10 մարդ, նույնքան մարդ էլ գալիս է ծերանոց:

«Մեր աշխարհը սա է: Ուրիշ աշխարհ չկա,-մտորում է Վանաձորի ծերանոցի միակ մտավորական կինը՝ Սիրանույշ տատը,-հո չե՞ս կարող պայքարել աշխարհի դեմ, աշխարհի օրենքը դա է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter