HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

10 օր է՝ Ավան-Առինջում ՀԷՑ-ը քանդել է երկու շենքերի մուտքեր տանող ճանապարհն ու դադարեցրել շինարարությունը

Արդեն տասը օր է` Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում  երկու շենքերի` 3/1-ի և 3/2-ի ամբողջ  երկայնքով ասֆալտապատ հատվածը քանդված է: Շենքերի մուտքեր տանող հատվածներում փոս է, որը անցնել չեն կարողանում երեխաներն ու մեծահասակաները: Վերջիններս ստիպված են պտտվել ու ելումուտ անել շենքի հակառակ կողմով:

Բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ  աստֆալտապատ հատվածը քանդելու օրվանից առ այսօր որևէ շինարարական աշխատանք չի կատարվել, բազմիցս  զանգահարել են Երևանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի թեժ գծի՝ 1-08 հեռախոսահամարով, և իրենց մշտապես հայտնում են, որ շենքի դիմացի հատվածը քանդվել է վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, շուտով աշխատանքները կավարտվեն:

Նույն կենտրոնից մեզ հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ է պահվել Ավան վարչական շրջանի աշխատակազմին:

Վարչական շրջանից մեզ  հայտնում են, որ  շենքում վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը: Ըստ վարչական շրջանի աշխատակցի պարզաբանման՝ շինարարարան աշխատանքները դադարեցվել են տեխնիկական պատճառներով:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում երկու շենքի ստորգետնյա մալուխագիծն ամբողջութամբ փոխարինվում է նորով, և շինարարական աշխատանքները ստանձնած ընկերությունը խոստացել է աշխատանքներն ավարտին հասցնել վաղը՝ նոյեմբերի 27-ին: Մեր դիտարկմանը, որ աշխատանքներ առհասարակ չեն կատարվում, ինչպե՞ս կարող են խոսել ավարտին հասցնելու մասին, Սարջանյանը պատասխանեց, թե կատարվում են, և, հավանաբար, «Հետք»-ի լրագրողի այցելած պահին աշխատանքներ կատարվելիս չեն եղել:

Շենքի բնակիչները, սակայն, պնդում են. առհասարակ որևէ աշխատանք չի կատարվում:

Վերջիններս ահազանգում են նաև այն մասին, որ 3/1 շենքի դիմաց շինարարական աշխատանք կատարելու նպատակով ավազ են լցրել ու փակել շենքի աղբը տանող մեքենայի ճանապարհը, ինչի պատճառով մեքենան աղբը տանել չի կարողանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter