Dasaran-ը պարգևատրել է դպրոցներին
Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Dasaran կրթական ծրագրի հաղորդակցության բաժինը։
Միջոցառմանը ներկա են գտնվել դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես է եկել Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ շնորհավորելով մրցանակակիր դպրոցների ներկայացուցիչներին և նշելով, որ երկրի զարգացման առանցքում մանկավարժն է:
«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը, ըստ հաղորդագրության, նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը. այն նպատակ ունի նաև ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի:
Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.484 դպրոցներին:
«Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանի և Արցախի 61 դպրոց պարգևատրվել է տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն են դրսևորել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Գառնի Բանավան գյուղի հիմնական, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի միջնակարգ, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի հիմնական, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել