HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական խոստումներ՝ ընտրություններից առաջ. «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մի մասը ներկայացրել ու հրապարակել է նախընտրական ծրագրերը։  Սակայն, ընտրության պատրաստվող քաղաքացիները հաճախ չեն էլ կարդում այդ ծրագրերը՝ սահմանափակվելով միայն քաղաքական ուժերի ելույթները լսելով, կամ պարզապես պատրաստվում են իրենց ընտրությունը կատարել՝ ըստ որևէ գործչի նկատմամբ համակրանքով։ Իսկ, իրականում, ծրագրերը կարդալով՝ կարելի է, գոնե, մոտավոր պատկերացում կազմել, թե առաջիկա 5 տարիների համար ինչ սոցիալ-տնտեսական կյանք է խոստանում տվյալ ուժը քաղաքացուն՝ խորհրդարանում ներգրավվելու դեպքում։ «Հետք»-ն առանձնացրել ու համառոտ ներկայացնում է ծրագրերի՝ տնտեսությանը վերաբերող հատվածները։  

«Իմ քայլը». մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն

«Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն»,- հայտարարում է  «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում։ Շեշտադրվում է մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն ունենալու գաղափարը։

Դաշինքը նախատեսում է տնտեսության կառուցվածքի էական փոփոխություններ։ «Տնտեսական քաղաքականության հիմքում դնելու ենք արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը»,- նշված է ծրագրում։

Նշվում է, որ կարևորվում է ոչ թե տնտեսության զուտ թվային աճը, որն էականորեն չի բարելավում մարդկանց կյանքը, այլ տնտեսական զարգացումը, որի արդյունքում քաղաքացին անմիջական մասնակցություն է ունենալու տնտեսական աճի ապահովման բոլոր գործընթացներին։

Որպես տնտեսական բարեփոխումների առաջնահերթություններ ծրագիրը կազմողներն առանձնարել են յոթ գործոններ։ Դրանք են՝ բյուրոկրատական սահմանափակումների վերացումը, հարկային դրույքաչափերի իջեցումը, ՓՄՁ և տարածքային համաչափ զարգացումը, ներդրումների ներգրավման մեկ պատուհան համակարգը, մրցունակ էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքների հասանելիությունն ու հուսալիությունը և ծառայությունների թվայնացումը։

Ընդհանուր առմամբ, «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը բաղկացած է 56 էջից։ Եվ, ինչպես բոլոր ծրագրերում, այստեղ էլ  էական ծավալ է զբաղեցնում տնտեսությանը վերաբերող հատվածը։

Ծրագիրը թեև թվային ցուցանիշներով հարուստ չէ, սակայն կան մի քանի ցուցանիշներ, որոնք նախանշված են առաջիկա հինգ տարիների համար։ Օրինակ, ծրագրում նշված է, որ բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար նվազեցնելու են շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը: Մասնավորապես` շահութահարկի գործող 20% դրույքաչափը իջեցնելու են` հասցնելով այն 18%-ի, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների շահաբաժիններն այսուհետ հարկվելու են միասնական 5% դրույքաչափով։ 2019 թվականից կսահմանվի եկամտային հարկի համահարթ 23% դրույքաչափ, ապա մինչև 2023 թվականը այն աստիճանաբար կնվազի մինչև 20%:  Այս տվյալները ներկայացված են նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում։

Մյուս խոստումների շարքում են «Շքեղության հարկի մասին օրենքի» լրամշակումը (շքեղության հարկ վճարողների ցանկը ընդլայնվելու է), տարեկան մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսին հարկերից ազատումը, մարզային ավտոճանապարհների բարեկարգումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավումը և այլն։

Առանձին ենթակետերով շեշտադրված են նաև զբողաշրջության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտների զարգացման համար նախատեսված քայլերը։

Գործազրկության իջեցում 5%-ային կետով, աղքատության նվազում՝ 10%-ային կետով

«Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով»,- խոստանում է «Իմ քայլը» դաշինքը։

Դրան հասնելու հիմնական քայլերն, ըստ ծրագրի, ուղղված են լինելու գործազուրկների հմտությունների զարգացմանը, կենսաթոշակային բարեփոխումներին և երիտասարդներին մատչելի բնակարաններով ապահովմանը։

Պաշտոնական վերջին տվյալներով՝ 2016թ. դրությամբ Հայաստանում 29.4% է։ Եթե հիմք ընդունենք այս ցուցանիշն, կստացվի, որ «Իմ քայլը» դաշինքը խոստանում է առաջիկա հինգ տարում աղքատության մակարդակը հասցնել շուրջ 18.4%-ի։

Ինչ վերաբերում է գործազրկությանն, ապա ըստ վերջին տվյալների՝ այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 15.7%։ Սակայն, Վիճակագրական կոմիտեն սկսել է գործարկության մակարդակն հաշվարկել նաև նոր մեթոդաբանությամբ, ըստ որի՝ այն կազմել է 20.2%, որի մեջ չեն ներառվում մարդիկ, ովքեր իրենց տնտեսությունում զբաղվել են ապրանքների արտադրությամբ սեփական վերջնական սպառման համար։ Այսինքն՝ ըստ նոր մեթոդաբանության առաջիկա հինգ տարիների կտրվածքով «Իմ քայլը» դաշինքը խոստանում է գործազրկության մակարդակը հասնել շուրջ 15.5%-ի (հին մեթոդաբանությամբ՝ 10.7%-ի):

«Լուսավոր Հայաստան». ոչ միայն տնտեսական թվային աճ, այլ՝ իրական տնտեսական զարգացում

«Պետք է ապահովել ոչ միայն տնտեսական թվային աճ, այլ իրական տնտեսական զարգացում` աճի որակական և ներառական մասով: Դա վերաբերում է մարդկանց կյանքի որակի բարձրացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, առողջությանը, կրթությանը, շրջակա միջավայրին, սոցիալական պաշտպանվածությանը, սննդի անվտանգությանը և այլն: Տնտեսական աճը պետք է լինի ներառական, ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները»,- նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում։

Քաղաքական այս ուժը ևս առանձին շեշտադրումներով ներկայացրել է տնտեսական զարգացման վերաբերյալ խոստումները, որոնք ենթադրում են բիզնես միջավայրի բարելավում, բանկային համակարգի մատչելիություն, հարկային և մաքսային քաղաքականության արդյունավետություն, աշխատանքի շուկայի զարգացում և այլն։ «Լուսավոր Հայաստանը» ևս խոստանում է բարելավել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։

Նախատեսվող փոփոխություններից է, օրինակ, հարկային բեռի  վերաբաշխումը դեպի խոշոր բիզնես՝ միջին և մանր բիզնեսների կամերալ ստուգումներ, հարկային արձակուրդներ 3 տարով և հարկերից ազատում գերփոքր տնտեսվարողների համար, որոնց վերջին երեք տարիների շրջանառությունը չի գերազանցում 60 մլն դրամը։ Ինչպես նաև ՝  շրջանառության հարկի շեմի հստակ ամրագրում՝ 115 միլիոն դրամի չափով։

Նշված կուսակցությունը ևս կողմ է եկամտային հարկի միասնական դրույքաչափին, սակայն պարզ չէ, թե քանի տոկոսի մասին է խոսքը։ Շքեղության հարկի ներդրումը, գույքահարկի հարկման բազայի վերանայում, առհասարակ հարկատեսակների քանակի կրճատումը և այլ փոփոխություններ ևս կուսակցության ծրագրերում են։

Ծրագրի սկզբում առանձնացված են, ըստ կուսակցության, այն հիմնահարցերը, որոնց վերաբերյալ բարեփոխումները պետք է իրականացվեն առաջիկայում։ Առաջին հինգ կետերն են.

  • Ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում։
  • Սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։
  • Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ։
  • Թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում։
  • Թոշակների բևեռացման կրճատում։

«Լուսավոր Հայաստանը» իր նախընտրական ծրագրում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի ու տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ինովացիոն միջավայրը։

Ե՛վ «Իմ քայլը» դաշինքի, և՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրերում առաջիկա տարիների տնտեսական աճի մակարդակի վերաբերյալ խոստումներ կամ կանխատեսումներ չկան։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter