HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիստը հետաձգվեց. Քոչարյանի պաշտպանները չէին հասցրել պատրաստվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց և կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 28-ին: Այս մասին նիստի ավարտից հետո դատարանում գտնվող լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Այսօր՝ ժամը 15:00-ին, սկսված դատական նիստն ընդմիջվել էր մինչև ժամը 17:45-ը, քանի որ պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդությանը պատրաստվելու համար ժամանակ էին խնդրել: Վերջիններս, սակայն, նշված ժամանակահատվածում չէին հասցրել պատրաստվել միջնորդությանը, ուստի այն կներկայացնեն վաղը կայանալիք նիստին: Թե ինչ հիմքով  է ներկայացվելու ինքնաբացարկի միջնորդությունը, Հայկ Ալումյանը չպարզաբանեց՝ նշելով, որ դրա մասին վաղը կհայտնեն:

«Իրականում մեկ հիմք է, բայց դրա հետ կապված մի քանի փաստ կա, որոնք միջնորդության մեջ կնշենք»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ նիստի մեկնարկին որոշ փաստեր կային, որոնք դատարանից պետք է ճշտեին, ապա դատարանի նախագահի պաշտոնակատարին իրենց կողմից դիմում գրվեց՝ ևս մեկ փաստ նրանից ճշտելու համար:

«Անհրաժեշտ փաստերն արդեն մեր ձեռքում են, որի հիման վրա ինքնաբացարկի  միջնորդությունը կներկայացնենք»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատական նիստը, հիշեցնենք, դռնփակ է: Լրագրողները հնարավորություն չունեցան տեսնելու և հարցեր ուղղելու Քոչարյանին: Նրանցից մեկի հարցին՝ ինչո՞ւ Քոչարյանը չի ցանկանում խոսել լրագրողների հետ, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ իրականում այս գործով պաշտպանները ևս մեծ ցանկություն չունեն լրագրողների հետ խոսելու, քանի որ կա մարդկանց խումբ, որն այս թեմայով ցանկացած տեքստի տակ հայհոյանքներ ու անեծքներ է տեղադրում:

Հարցին՝ ըստ Ալումյանի դատավորը կաշկանդվա՞ծ է եղել նիստի ընթացքում, Ալումյանը պատասխանեց, որ նրա մոտ արտաքուստ կաշկանդվածություն չի նկատել, իսկ հոգեվիճակը գնահատել չի կարող:

Անդրադառնալով Քոչարյանի վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի որոշմանը՝  Հայկ Ալումյանը նշեց, որ Վճռաբեկն անդրադարձել է այն հարցին, որ Վերաքննիչ դատարանը խափանման միջոցի վերաբերյալ հարցը քննարկելիս բացառապես Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված խնդրին է անդրադարձել: Ըստ Վճռաբեկի հայտնած իրավական դիրքորոշման՝  անձեռնմխելիության խնդիրը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդրից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է զուգահեռ քննվի, ինչն, ըստ Վճռաբեկ դատարանի, Վերաքննիչ դատարանը չի արել:

«Եթե Վերաքննիչ դատարանը հետևի Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտած դիրքորոշմանն, ապա պարտավոր կլինի հիմնավոր կասկածի հարցը քննել, այսինքն՝ անել այն, ինչ մենք էինք  պնդում մեր բողոքում»,- նշեց Հայկ Ալումյանը:

Վերջինս նշեց, որ նիստին մասնակցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նիստին ներկա դատախազներից ամենաակտիվն էր: Ըստ փաստաբանի՝ այս պահին Դավթյանին բացարկ հայտնելու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր քննում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված բողոքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter