HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Գերմանիայի նախագահին հրավիրել է Հայաստան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

President.am պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։

Այնուհետև տեղի է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում․ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատող­ների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter