Ռոբերտ Քոչարյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան են գալիս փակ գոտով. երեկ ընդմիջված նիստը վերսկսվել է
Երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երեկ ընդմիջված դատական նիստը վերսկսվել է: Քոչարյանի պաշտպաններն այսօր պետք է դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեին, և դատարանը նրանց ժամանակ էր տվել միջնորդությանը պատրաստվելու համար: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան են գալիս ոչ թե գլխավոր մուտքով, այլ փակ գոտով: Այսօր գլխավոր դատախազը դեռևս չի եկել նիստին, սակայն հայտնել է, որ ներկայանալու է: Վերջինս երեկ նիստին ներկայացել ու հեռացել է փակ գոտով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված բողոքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել