
Բյուջեից կրթությանն ուղղվող միջոցներն աճու՞մ են, թե՞ նվազում
2008 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կրթության և գիտության ոլորտին հատկացվող ծախսերի կշիռն ընդհանուր ծախսերի մեջ ունեցել է նվազող դինամիկա: Ընթացիկ տարին (2018թ.) այս դինամիկայում շրջադարձային է այն առումով, որ ընդհանուր ծախսերի մեջ այս ոլորտին ուղղված գումարների կշռի փոփոխությունը դրական է եղել և աճել է նախորդ տաս տարիների համեմատ՝ աննախադեպ 5 տոկոսային կետով (տես գծապատկեր #2):
2019 թվականի նախագծով նույնպես, 2018 թվականի համեմատ, նախատեսվում է կրթության և գիտության ոլորտին հատկացնել ավելի շատ միջոցներ: Ոլորտին հատկացվող միջոցները 2019 թ-ի նախագծով կկազմեն բյուջեի ծախսերի շուրջ 8.8 %-ը:
Այս ամենով հանդերձ հատկանշական է, որ ՀՆԱ նկատմամբ կրթության և գիտության ոլորտի ծախսերը ունեն կայուն նվազող տեմպ` պատկերված է կարմիր գծով #1 գծապատկերում: Ինչպես նշեցինք, 2018 և 2019 թվականներին այս ոլորտին, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ միջոցներ են ուղղվելու, սակայն դրանք, ՀՆԱ համեմատ, մնում են ցածր՝ 2.1% մակարդակում:
Գծապատկեր #1
Գծապատկեր #2
Կրթության և գիտությանը 2019 թ-ի բյուջեի նախագծով հատկացումների գումարը բացարձակ թվով կկազմի շուրջ 141.3 միլիարդ դրամ: Այս գումարը՝ ըստ ծրագրային ուղղություների, ներկայացված է ստորև:
Գծապատկեր #3
Երեք մեծ ծախսային ուղղությունների մասին համառոտ
«Հանրակրթություն» ծրագրի գծով
Ինչպես գծապատկեր #3-ում երևում է կրթության և գիտության ոլորտի ծախսերի շուրջ 62%-ը` 87.2 միլիարդ դրամի չափով, կուղղվի Հանրակրթության ծրագրին: Հանրակրթական ծախսերը հաշվարկվել են 1334 հանրակրթական դպրոցներում միջին տարեկան հաշվարկով 381.8 հազար աշակերտի ուսուցման գծով: Այս թիվը նախորդ տարվա (2018թ) համեմատ ավելին է 17.6 հազար աշակերտով:
Նախորդ երկու տարիների համեմատ 2019 թվականին Հանրակրթությանը ուղղված ծախսերը կաճեն բացարձակ մեծությամբ, սակայն ընդհանուր կրթական ծախսերի մեջ կազմած կշռով կնվազեն և 2017 թ-ի 67%-ի դիմաց 2019-ին այս ցուցանիշը կկազմի 61.7% (տես գծապատկեր #4):
Գծապատկեր #4
«Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ» ծրագրի գծով
Սա մեծությամբ երկրորդ ծախսային ուղղությունն է, որ կազմելու է շուրջ 14.3 միլիարդ դրամ (ընդհանուրի մեջ 10 %): Այս գումարը 2018-ի համեմատ շուրջ 17.5 %-ով ավելին է: Այս աճը, ըստ պետական բյուջեի նախագծի, հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի գծով միջոցների նախատեսմամբ:
2019 թվականին Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններին ուղղված ծախսերը 2018 թ-ի համեմատ կաճեն և բացարձակ մեծությամբ և ընդհանուր կրթական ծախսերի մեջ կազմած կշռով (տես գծապատկեր #5):
Գծապատկեր #5
«Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի գծով
Սա երրորդ մեծ ծախսային ուղղությունն է, որը ընդհանուր կրթական ծախսերի մեջ կազմում է շուրջ 8%: Սրան նախատեսվել է ուղղել շուրջ 11.7 միլիարդ դրամ՝ 2018 թվականի շուրջ 10.3 միլիարդ դրամի դիմաց, ծախսերի աճը կազմել է շուրջ 13.8%:
Նախորդ երկու տարիների համետատ, 2019 թվականին Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանը ուղղված ծախսերը կաճեն և բացարձակ մեծությամբ և ընդհանուր կրթական ծախսերի մեջ կազմած կշռով (տես գծապատկեր #6):
Գծապատկեր #6
Ստորև բերված աղյուսակում (Աղյուսակ #1) ներկայացված են Կրթության և գիտության նախարարության իրավասության ներքո գտնվող բոլոր ծրագրերի գծով ծախսերը երեք տարիների կտրվածքով` բացարձակ և տոկոսային հարաբերությամբ:
Ի լրումն վերը թվարկված ուշադրության արժանի ծախսային միտումների, աղյուսակից երևում է, որ կրթության որակի ապահովում ծրագրի գծով ծախսերը 2019 թ–ին նախատեսվում է ավելացնել կրկնակի (տես նաև գծապատկեր #7):
Գծապատկեր #7
Թվերի աղբյուրները` Ֆինանսների նախարարության և ԱՎԾ կայքերի:
Հովհաննես Ավետիսյան, Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ
Մեկնաբանել