HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան… Յօշոտուող երկիր դրախտավայր կամ կղերը եւ նրա շնականութիւնը

Կարէն Ա. Սիմոնեան

Ա. ԵՐԿՐԻ ՏԷՐԵՐՆ ՈՒ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Մարդը չի կարող լինել բնութեան տէրը մինչեւ չդառնայ ինքն իր տէրը։

Գէորգ ՀԵԳԵԼ 

Սա Թեղուտն է… Այս լուսանկարի տակ ես մակագրում եմ. «Այսպէս էին Աֆրիկայում բնաջնջում փղերին՝ նրանց ժանիքների համար»։

Բայց մի՞թէ ծառը փղի ժանիք է…

Թեղին, որ յայտնի է նաեւ կնձնի եւ ծփի անուններով։

Ջրադիմացկուն է։ Արժէքաւոր փայտ է կահոյքի համար։ Այդ արժէքը գիտէ կահոյքագործ արուեստագէտը։ Բայց թեղիի անտառները կտրողները ոչ միայն արուեստագէտներ չեն, այլեւ ընդհանրապէս շատ հեռու են Գեղեցիկի զգացումից, որպիսին ունենալու դէպքում երբեք ձեռք չէին բարձրացնի բնապատկերը հարստացնող կանաչ ու փարթամ անտառի վրայ։ Անտառահատ «Վալեքս գրուպի» բարբարոսները իրենք իրենց եւ իրենց իսկ սերունդներին խժռող հեթանոսական աստուածներ են։ Բայց եթէ՛ միայն խնդիրը փակուէր Գեղեցիկի զգացում չունենալով եւ իրենցով ու իրենց սերունդներով։ Նրանց ոճրագործ ձեռքը բարձրացել է երկիրն ու ժողովուրդը ապագայից զրկելու համար։

Այդ ոճրագործ ձեռքի աւէրածութիւնները կանխելու նպատակով Հայաստանի երիտասարդները ստեղծել է Բնապահպանական շարժում։ Իշխանական եւ ջոջատիրական շրջանակները բնապահպաններին վերաբերում են իբրեւ առնուազն «հանրապետութեան տնտեսական զարգացումը» խոչընդոտողների։ Եւ ոտնահարելով Սահմանադրութեամբ արձանագրուած Մարդու Իրաւունքը, բացայայտօրէն հանդէս են գալիս սպառնալիքներով։

Ամէնից թարմ փաստը «Թեղուտ ՓԲԸ» (հաւանաբար պէտք հասկանալ Փակ բաժնետիրական ընկերութիւն) յայտարարութիւնն է.

««Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութեան» անունից հանդէս եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. Յունուարի 15-ին «Թեղուտ ՓԲԸ» տարածքում որեւէ քայլարշաւի անցկացման հնարաւորութեան հարցը։ «Թեղուտ ՓԲԸ» ղեկավարութիւնը յայտնում է, որ ՓԲԸ­ի տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կը համարուի ոտնձգութիւն եւ բոլոր մասնակիցներին յորդորում է զերծ մնալ ապօրինի գործողութիւններին մասնակցելուց»։

Անմիջապէս նկատենք, որ այդ «ղեկավարութիւն» կոչուածը իրեն ոչ միայն կարծում իշխանութիւն է, այլ դեռ համարձակւում է սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրաւունքը։

Մեր այս եւ ընդհանրապէս նմանօրինակ պատմութիւնների մէջ ամէնից տխուրն այն է, որ իրենց մտաւորական կարծող ստահակները նոյնպէս ձայնակցում են Հայաստանը յօշոտողներին։ Դրանցից մէկը, որ տասնամեակներ շարունակ իր «կոչումը» տեսել է ժողովրդի գլխին ամէն տեսակի փորձանքներ բերող իշխանութիւններին սրտանց զօրաւիգ լինելու մէջ, անկախ այն բանից, թէ այդ իշխանութիւնները կոմունիստական են, ՀՀՇնական եւ չէկիստական, Յունուարեան այդ նոյն օրերին մէջտեղ է եկել մի քանի հռետորական հարցերով, որոնք ամէնից առաջ եւս մի աւելորդ անգամ բացայայտում են հէնց իր դիմակափոխութիւնն ու անիրաւ կեցուածքը։

«Ինչո՞ւ է ընդդիմութեանը, բնապահպան մեր ջահել զաւակներին թւում, թէ երկրի տերը իրենք են: Ինչպէ՞ս եղաւ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանելու Հայաստանի բնապահպանութիւնը, ես` ոչ: Ասում են, որ ես գնացել եմ մարզպետի մօտ: Ի՞նչ է մարզպետը  երկրի թշնամի՞ն է, նա այդ երկրի ղեկավարն է»,- «Առաւօտ» պարբերականին պատասխանել է «մտավորական» Մերուժան Տեր-Գուլանյանը:

Այսպիսով, թէ՛ «Թեղուտ ՓԲԸ»-ն՝ իբրեւ կազմակերպութիւն կամ հիմնարկութիւն եւ թէ՛ չարաբաստիկ «մտաւորականը» իբրեւ մասնաւոր անհատ, ապօրինութիւնների դէմ ընդվզող ու Երկրի ճշմարիտ տէրերին յայտարարում են «ընդդիմութիւն», իսկ պատահական փոխնորդներին՝ «երկրի ղեկավար»։

Ինչ վերաբերում է «ջահել զաւակներին», ապա ուրիշ էլ ովքե՞ր, եթէ ոչ հէնց նրանք են ԵՐԿՐԻ ՏԷՐԵՐԸ։ 

Բ. Արմատախիլ է ԼԻՆՈՒՄ Հայ ժողովուրդը 

«Վա՜յ նրանց, ովքեր անօրէնութեան որոշումներ են սահմանում»։

 Եսայի, Ժ-1 

Թեղուտի պղնձի պաշարները շահագործելու համար «Էյ Սի Փի» ընկերութեանը լիցենզիա է տրամադրուել 2000 թւականին, եւ երեք տարի յետոյ այդ լիցենզիան թարմացուել է: Այս գործարքը կնքուել է գաղտնի։  Հայ հասարակութիւնն այդ մասին իմացել է միայն 6 տարի անց: Հանքավայրը պետք է շահագործի «Թեղուտ» ՓԲԸ-ն, որ պատկանում է «Էյ Սի Փի» ընկերությանը եւ «Վալեքս գրուպին»:

Ընդ որում Հայաստանի կառավարութեան այսպիսի առատաձեռնութիւնը առաւել անկաշկանդ է դարձել հանրապետութեան վարչապետի անսանձ յանդգնութեամբ։ Բայց ո՞վ է «սանձելու» անսանձ վարչապետին։ Նախագա՞հը… Բայց չէ՞ որ նախագահին չի կարողանում «սանձել» նոյնիսկ հանրապետութեան հիմնական Օրէնքը՝ Սահմանադրութիւնը։

Երկրի ճակատագրի նկատմամբ կատարեալ անտարբերութեան յատկանշական մի քանի բանաձեւերն են, որոնք ստեղծուել են ոչ թէ հայերէնով, այլ ռուսական բիւրակրատական լեզուի ճապաղ կրկնութեամբ։ Այս դէպքում բանաձեւը «հանրային գերակայ շահ»ն է։ Հէնց այսպիսի բանաձեւով 2007 թուականին վարչապետի ստորագրութեամբ մի որոշում է հաստատուել եւ հանրապետութեան շուրջ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքներից բաժին է յատկացուել Լոռուայ մարզի մէջ։ Ընդ որում առանց բնապահպանական փորձաքննութեան, թէ որպիսին կարող են լինել այսպիսի անբարեխղճութեան հետեւանքները։

Աւելին. մամուլի մէջ հրապարակուած տեղեկութեան համաձայն, վարչապետը իր որոշումով հանքի շահագործում է թոյլատրել մի տարածքի վրայ, որտեղ Կարմիր Գրքի մէջ գրանցուած բոյսերի եւ կենդանիների տեսակներ կան։ Եւ որպէսզի վարչապետական այս կամայականութիւնը չբացայայտուի, համապատասխան փաստաթղթերի մէջ նկարագրուած է ոչ թէ Լոռուայ Թեղուտ, այլ՝ Տաւուշի մարզի Թեղուտ գիւղի տարածքը։ Այս արդէն կոչւում է «մանր խուլիգանութիւն» կամ «ջեբկիրութիւն»։

Անտառի տակ, ընդերքի մէջ եղած պղնձի եւ մոլիբդենի հանքանիւթերը արդիւնահանելու հետեւանքները ոչ միայն կանաչ զանգուածի, այլ կերպ՝ հանրապետութեան թթուածին արտաշնչող թոքերն են անդամահատում, այլեւ վիթխարի տարածութիւններ հանք-արդիւնահանումի արտանետումներով  են թունաւորում։

Դեռեւս 1980-ականների երկրորդ կէսին Հայաստանի մէջ ծաւալուած Գոյապահպանական Շարժումը ամէն ուրբաթօրեայ հաւաքների ընթացքին հասարակութեանը  տեղեկացրեց Ալավերդիի հանք-արդիւնաբերութեան թունաւոր թափոնների ու արտանետումների հետեւանքով կանաչած մազերով կանանց մասին։ «Կանաչ ծառերը չորանում են, իսկ կանանց մազերը՝ կանաչում» -հէնց այսպէս էլ իրական վիճակը յայտնեցի հանրապետութեան կոմկուսի առաջին քարտուղարին…

Իսկ թէ ինչ էր կատարւում տղամարդկանց առողջութեան հետ՝ բացայայտ չէր, բայց մեզ համար գաղտնիք էլ չեր։ Կանայք տառապում էին չբերութեամբ, իսկ ծնունդներն էլ լինում էին այլանդակ ու թերարժէք։

Մէկ տարի անց մեր յաջորդ հանդիպման ժամանակ, «հայոց թագաւորը» հպարտօրէն եւ հանդիմանական հայեացքով աչքերիս մէջ նայելով, մօտ երեք տասնեակ գրողների ներկայութեամբ, յայտարարեց, թէ միջոցներ են ձեռնարկուել եւ «կանանց մազերը արդէն այնքան էլ կանաչ չեն»։ Այնպէս որ, գոնէ ինձ յայտնի է այն արհաւիրքի իրական հետեւանքը, որպիսին լինելու է Հայաստանի հայաթափումը ոչ միայն դէպի ռուսական ամայութիւններ կառավարութեան կազմակերպած տեղահանութեամբ, այլեւ բնախօսական վախճանով։

Շնող գիւղը լցուած է 4,5 հազար խորանարդ մետր կտրուած ծառաբներով: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար կտրուած Թեղուտի անտառն է:

«Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային համապարփակ գօտու հսկայական տեղամասեր, իսկ նրանց տեղը շինարարական մերկ հրապարակներն են, որոնք լցվում են բետոնէ կառոյցներով,- գրում եւ հրապարակում է ականատեսը:- Երբեմնի Խառատաձորի կիրճը ծածկված է պատնեշներով: Անտառը, կիրճը եւ կիրճի միջով հոսող գետակը վաղն այեւս չեն լինելու: Այդ ամենին փոխարինելու է թափոնի բաց շտեմարանը։ Եւ այդտեղ պառտկելու են մինչեւ 200 միլիոն խորանարդ մետր ծավալով թափոններ… Իսկ գետակին փոխարինելու է բետոնէ  մի ջրատար…»: 

Գ. ԹԵՂՈՒՏԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ ԵՒ ՆՐԱՆ ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ ՏՈՒՈՂ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Ով չի սիրում բնութիւնը, նա չի սիրում մարդուն, նա քաղաքացի չէ։

Ֆեոդոր ԴՈՍՏՈԵՒՍԿԻ 

Նա առաւել եւս Եկեղեցու սպասաւոր չէ, եւ Քրիստոնեայ չէ։

Նա՛, ով իր հօտաղութիւնը Յիսուսի նուիրուածութեամբ ու սիրով անելու փոխարէն, իրեն վստահուած գառներին տանում է դէպի գայլի բերան։

Այդպիսի կղերականը որքան էլ սեւ սքեմ հագնի եւ որպիսի խոշոր ու շողշողացող ոսկի կրի վրան՝ միեւնոյն է, այդ ոսկին բնաւ էլ Խաչը չէ։ Եւ այդ կղերականը ճիշտ նոյն անաստուածն է՝ աթեիստը, հակաքրիստոնէան՝ Նեռը, ինչպիսին են մեր գաղութացուած երկրի երեք նախագահները, ովքեր նոյնպէս լինելով անաստուածներ՝ ժողովրդին եւ տէրութեանը ծառայելու երդում են տալիս Սուրբ Գրքի վրայ իրենց ձեռքը դնելով… Ես այս զուգահեռը բերում եմ փաստելու համար, որ ինչպէս Հայաստանի չեկիստական իշխանութիւններն են կործանումի տանում երկիրը, նոյնպէս եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կղերականները իրենց առաջնորդի գլխաւորութեամբ բացայայտ ծառայութեան են անցել չեկիստներին, խորտակելով Հայի Հաւատքը…

Ինչը մնացել է Ազգապահպանութեան միակ մեր ապաւէնը։

Առաւել եւս մեր ողբերգութիւնն է որ անցեալ եօթանասուն տարիների ժառանգութիւնից չհրաժարուելով, արդէն համակերպուել եւ նոյնիսկ ինքնին հասկանալի ու բնական ենք տեսնում մեր սահմանափակ մտաւոր կարողութիւնները։ Ի հարկէ, դեռեւս հաւատալով, թէ սովետական դպրոցը գիտելիքների լաւագոյն հանրակրթարանն էր եւ այդ «պաշարով» կարելի է դարակազմիկ յայտնագործութիւններ կատարել բոլոր այն բնագաւառների մէջ, որտեղ բաւարար են առօրեական խօսքն ու զրոյցը, ականջի ծայրով որսած կէս-կատար «իմաստութիւնները», նաեւ սեփական համեստ երեւակայութեամբ, բայց անպայման «հայրենասիրութիւն» դրսեւորող «գիւտերը»։

Մի խօսքով ողբերգութիւն է այն որակեալ տգիտութիւնը եւ անաստուածութիւնը, որպիսին վերջերս դրսեւորեց Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, հանդէս գալով քարոզչական յորդորանքով եւ վկայակոչելուվ իր՝ «մի գեղեցիկ շրջապտոյտը Թեղուտի հանք-արդիւնաբերական տարածքում»։ Նա սնամէջ ու ճապաղ իր խօսքով փորձեց հաւատացնել, թէ ընդհանրապէս սովետական ժառանգութեամբ ապրող հայաստանեան որեւէ «հանք-արդիւնաբերական տարածքում» հնարաւոր է տեսնել առնուազն… մի դրախտավա՞յր։

«Այն միջավայրը, ինչ տեսայ՝ աչքերիս չէի հաւատում։ Իմ երրորդ այցելութիւնն էր այդ հանքավայրերը։ Եւ վիթխարի աշխատանք է կատարուած։ Երբ ես տեսայ տուրիստական այն միջավայրը որ ստեղծուել է այսօր Թեղուտում՝ լճեր, ամբարներ եւ… առուակներ ու գետեր… Այն միջավայրը ինչ որ ես տեսայ՝ աչքերիս չէի հաւատում… Մի՞թէ կարելի է, երբ գործը դեռ չսկսած, դեռ շահոյթ չհետապնդած, ստեղծել նմանատիպ պայմաններ, որտեղ նախ եւ առաջ հանգստեան գօտի են ստեղծել մարդու համար»,- պատմում է կղերականը, Աստծոյ արարած բնութեան գեղեցկութիւնից մնացած փշուրները ներկայացնելով իբրեւ «անշահախնդիր» բարբարոսների «ստեղծագործութիւն»։

Ընդհանրապէս, բնութեան աւերածութիւնը իբրեւ «հանգստեան» կամ «տուրիստական»  գօտի ստեղծելու «բարի նպատակ»՝ ներկայացւում է ամէն տեղ. յիշենք Խոսրովի անտառը, Սիւնիքի մարզը, գուցէ ճշտենք նաեւ, թէ այդ ինչո՞ւ թշուառութեան մէջ խեղդուող Հայաստանում յանկարծ ճոպանուղի են կառուցում հանք­արդիւնաբերական տարածքի մէջ։ Եւ տարփողում են, թէ ճոպանուղին բացառիկ է ամբողջ աշխարհում»։

Իսկ մեր հօտի առաջնորդը շարունակում է.

«Եւ այդ տեսնելով՝ ես հոգեպես մխիթարուեցի։ Եթէ կան մարդիկ, ովքեր կ’ունենան անհանգստութիւն, ես՝ իբրեւ առաջնորդ եւս պատրաստ եմ հաշուէտուութիւն ներկայացնել այս խօսքերիս համար (այստեղ նա ափը զարնում է սեղանին՝ իբրեւ հաստատումն իր յայտարութեան)։ Ամէն տնտեսական ոլորտ, որ մեր հանրապետութիւնում աճ է արձանագրում, իմ ուրախութիւնն է։ Հետեւաբար, կ’ուզենայի որ մեր քաղաքացիների մէջ եւս այս գիտակցութիւնը օր-աւուր ամրանայ»։

Ո՞ր գիտակցութիւնը… «Աճ արձանագրող տնտեսութեա՞ն» գիտակցութիւնը։ Այս «առաջնորդը» մի՞թէ չի տեսնում այն ընչազրկութիւնը, որ գոյութիւն ունի Լոռուայ եւ Տաւուշի մարզերի մէջ։ Հայաստանի մէջ՝ ընդհանրապէս։

«Ինչո՞ւ…,- մեր ակամայ հարցը կարծէս կանխազգալով, պատասխանում է նա։- Որովհետեւ սա մեր երկիրն է։ Սա մէր տնտեսութիւնն է։ Սա մեր հոգեւոր կեանքն է՝ ի վերջոյ…»

Այստեղ ել հասանք, որ վեղարաւոր կղերը իրար է շփոթում հոգեւորն ու նիւթականը։ Եւ «քրիստոնէական» կոչ է անում ճիշտ եւ ճիշտ սավոկային բառամթերքով.

«Եւ մենք պէտք է, իւրաքանչիւրս՝ լաւատես լինենք։ Իսկ լաւատեսութիւնը գալիս է այն պարունակութիւնից, թէ ի՛նչ է կառուցուած մարդու հոգում։ Ինչպէս ես դո՛ւ կառուցուած… Փառք Տիրոջը… Փառք Ասծտոյ… Խաղաղութիւն ապրեցինք… Եւս 2011 թւին հանրապետութիւնում արձանագրուեց։ Եւ մենք արտաքին թշնամիներից պաշտպանուեցինք շնորհիւ մեր բանակի»։

«Խաղաղութեան»՝ իշխանութիւնների յօրինած գաղափարախօսական այս դրոյթը, հոգեւորն ու նիւթականը իրար հետ շփոթող  անաստուածը կրկնում է թութակի պէս։ Նա շատ լաւ է իր դասը իւրացրել. նախ՝ անհրաժեշտ է ժողովրդին մօտալուտ պատերազմի սարսափի մէջ պահել, յետոյ՝ փառք տալ Աստծուն, որ խաղաղութիւն է եղել, այնպէս որ ժողովուրդը այսքանով էլ թող գոհ լինի (դարձեալ սավոկային քարոզչութիւնը, թէ «սովետական ժողովուրդը պէտք է դիմանայ ամէն տեսակի փորձանքների ու ընչազրկութեան, քանի որ Սովետական միութիւնը խաղաղութեան պատուարն է). եւ երրորդ՝ չէ՜, ի՜նչ էք խառնուել իրար… Կառավարութիւնը վարչապետի որոշումներով ոչ թէ մեր երկրի ընդերքի հարստութիւններն է լցնում իր ու բարբարոսների գրպանները, այլ առաց որեւէ շահի՝ տուրիստական ու հանգստեան գօտիներ է ստեղծում։

Ի դէպ, Բնապահպանական շարժումը ըստ երեւոյթին պէտք է ուղղորդուի ընդհանրապէս հանքանիւթ արտահանելու, հումքը վաճառելու գաղութային երկրին բնորոշ երեւոյթի դէմ։ Տնտեսական աճը կարող է արձանագրուել այն պարագային միայն, երբ սեփական երկրի ընդերքի հարստութիւնը մշակում ես հէնց քո երկրի մէջ եւ քո արտադրածը վաճառում ես բազմապատիկ գներով։ Բայց երբ գործ ունես կողոպտողների հետ, ապա նրանք, բնական է, գերադասելու են «արագ եւ հիմա»։ 

Այնուհետեւ «հոգեւոր առաջնորդը» անիծելու փոխարէն օրհնում է  «անօրէնութեան որոշումներ սահմանողներին».

«Պետական այրերը, փառք Տիրոջը, նրանք եւս իրենց ծառայութիւնը մատուցեցին։ Մեր հոգեւոր հովիւները իրենց պարտականութիւն կատարեցին։ Եւ հոգեւոր դաշտը եւս աստիճանաբար բարելաւուում է։ Շնորհիւ նաեւ մասնակցութեամբ մեր ժողովրդի… Տեսէ՛ք, Ալավերդում ե՞րբ կար հոգեւոր մշակոյթ… Ալավերդի քաղաքի մասին է խօսքը… Տեսէք ինչպիսի աճ արձանագրուեց… Աւանդութիւն ձեւաւորուեց… Պատարագին ՛մասնակցել… Քահանային տեսնել… Սքեմը նրա տեսնել… Յարգել նրան… Սրանք մշակոյթ են…»

Սրանք նոյնիսկ «գեղեցիկ խօսքեր» չեն, այլ որակեալ ցինիզմ։

Բայց մի՞թէ երկիրը ցինիկօրէն աւերողների ձեռքը բռնող չկայ։

Կա՛։

Եւ այդ ձեռքը հիմնական Օրէնքն է, որ կոչւում է Սահմանադրութիւն։ Իսկ Սահմանադրութիւնն էլ, մեր այդ հիմնական Օրէնքն էլ՝ իր երաշխաւորը ունի։ Բայց երբ սկսւում է օրինազանցութեան յաղթարշաւը, այլեւս իմաստ չունի դիմել Օրէնքին։ Երբ բոլոր հնարաւոր միջոցներով, Քրիստոնէական երկուհազարամեայ մեր մշակոյթը ջնջելով՝ մի դէպքում արժէքներ ենք որոնում տասնեակ հազարաւոր տարիների շերտի տակ, եւ մէկ այլ դէպքում յանդգնում ենք յայտարարել, թէ այսօր «մշակոյթ ենք ստեղծում», կամ, երբ թեմական առաջնորդը իր ընդամէնը տիրացուական գիտելիքների ու «բարեկրթութեան»  մակարդակով յայտարարում է, թէ «հոգեպէս մխիթարւում» է Մարդու կենսական միջավայրը ոչնչացնելը տեսնելով. եւ կամ «քահանայի սքեմ տեսնելը» համարում է «աւանդութիւն ձեւաւորել»՝ ապա այլեւս չի կարելի «լաւատեսօրէն» գլուխ տմբացնել։ Չի կարելի Չարիքը գոյութիւն չունեցող «տնտեսական աճ» ներկայացնել եւ սեփական երկիր յօշոտելն էլ համարել «մեր հոգեւոր կեանքը»։

Կարելի է անաստուած լինել։ Սա իւրաքանչիւր մարդու ընտրութիւնն է։ Կարելի  է անձամբ ծառայել նրան, ով քեզ աւելի սիրով է գործածում։ Կարելի է նաեւ ստել, կեղծաւորել, փարիսեցիութիւն եւս անել… Քանի որ անբարոյ մարդը եւս պաշտպանուած է Մարդու իրաւունքով։ Բայց…

«Վա՜յ ձեզ… Կոյր առաջնորդներ, որ մոծակին քամում էք եւ ուղտը՝ խժռում։ Նոյնպէս եւ դուք դրսից իբրեւ արդար մարդ էք ներկայանում, բայց ներսից լեցուն էք կեղծաւորութեամբ ու անօրէնութեամբ» (Մատթէոս, ԻԳ – 24, 28)։ 

Յունուար, 2012

Փարիզ 

Լուսանկարը` Լիլիթ Մնացականյանի

Մեկնաբանություններ (4)

Dav
Կարդացի Լիլիթ Սիմոնեանի և Կարեն Սիմոնեանի հոդվածները: Շատ երկար մտածեցի հոր ու դստեր նյութերի մասին, թե ինչն է խախտվել նրանց մեջ, որ այսքան հայատյաց են: Ի վերջո հայտնաբերեցի, որ հայի մի տեսակ կա, որ կոչվում է մուտանտ և դրանք ցավոք այսօր գերակշիռ մասսա են կազմում:
es
kataryal anhetetutyun ev knereq artahaytutyans hamar kataryal apushutyn
Ջիննա
Այսօր ինչ արդար բացվեց առավոտն ինձ համար,ինչ հարուստ ու գեղեցիկ էր հայերենը, ինչ լավ եմ ինձ զգում... Խորին շնորհակալություններս Ձեզ: Հարգանքներով՝ Ջիննա
Arsen
Իկս միգուցե տաք Փարիզները թողես, հարգարժան հեղինակ ու գաս այստեղ: Թե չէ, հեռվից մատ թափտալ բոլորս էլ ունակ ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter